ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ «ՈՉ» ԱՍԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանին հաջողվեց անել այն, ինչը մինչև վերջերս անհնար էր թվում հետխորհրդային տարածքում։ Բաքուն ոչ միայն հասավ Ղարաբաղից ռուս խաղաղապահների ժամկետից շուտ դուրսբերմանը, այլև համատեղեց այդ գործընթացը Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցի հետ, որն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ ՌԴ իշխանություններն ու քարոզիչները չդատապարտեցին Ադրբեջանի ղեկավարին Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար, այլ ընդհակառակը, ամեն կերպ արդարացնում էին այդ քայլը։ Նրանք մեղավոր նշանակեցին Հայաստանի ղեկավարությանը և Նիկոլ Փաշինյանին, որը «ճանաչել է Ադրբեջանը 1991 թվականի սահմաններում» և վստահել է Բրյուսելին ու Վաշինգտոնին, ինչը, ըստ Կրեմլի տրամաբանության, լավ բանի բերել չի կարող։

 

Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի այս ցուցադրական մտերմությունը ամենևին չի նշանակում, որ նրանք այժմ մերձավոր դաշնակիցներ են, և Բաքուն պատրաստ է Մոսկվային փոխադարձ զիջումների գնալ։ Ավելի շուտ Կրեմլը հասկացել է, որ Ղարաբաղի հարցը փակված է և որոշել է չփչացնել հարաբերությունները հաղթողի հետ։ Իսկ Բաքուն այժմ ուղիղ երկխոսություն է հաստատում Երևանի հետ, և առայժմ բավականին արդյունավետ:

Տեֆլոնային գործընկերը

Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դիվանագիտական և ռազմական ջանքերի պատշաճ համադրմամբ հնարավոր է ոչ միայն դադարեցնել տարածքային հակամարտությունը Մոսկվայի կամքին հակառակ, այլև ժամանակից շուտ վերջ դնել ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Մինչև վերջերս թվում էր, որ եթե Մոսկվան ինչ-որ տեղ տեղակայում է իր խաղաղապահներին, նրանք այնտեղ մնում են գրեթե ընդմիշտ՝ լինի դա Աբխազիան, Հարավային Օսիան կամ Մերձդնեստրը։ Սակայն Ղարաբաղը ցույց տվեց, որ լինում են նաև հակառակ օրինակներ՝ երբ Ռուսաստանը ակնհայտորեն մտնում էր երկար ժամանակով, բայց ստիպված եղավ հեռանալ ժամանակից շուտ և անհասկանալի արդյունքներով։

Ավելին, Կրեմլն ամեն կերպ փորձում է համոզել թե՛ ռուս հասարակությանը, թե՛ արտաքին աշխարհին, որ ադրբեջանական կողմից բողոքներ չունի։ Մոսկվայի հավաստիացմամբ, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, զորախումբը կատարել է իր բոլոր խնդիրները, որոնցից գլխավորը խաղաղ բնակչության պաշտպանությունն էր, ուստի կարող է հեռանալ։ Եվ ընդհանրապես, դուրս գալու որոշումը, ըստ Պեսկովի, ընդունվել է համատեղ և կապված է ոչ թե ինչ-որ մեկի կամքի հետ, այլ «փոխված իրողությունների»։

Սակայն Ռուսաստանը համառորեն անպատասխան է թողնում այն հարցը, թե ով թույլ տվեց, որ այդ իրողությունները փոխվեն, եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով հայերի և ադրբեջանցիների միջև շփման գիծն ընդհանրապես չպետք է փոփոխության ենթարկվեր։ Ըստ էության, այն ամենը, ինչ տեղի էր ունենում Ղարաբաղում 2022 թվականի դեկտեմբերից ի վեր, հնարավոր դարձավ Ադրբեջանին խանգարելու Ռուսաստանի անկարողության պատճառով։ Եվ ամեն ինչ Փաշինյանի վրա բարդելու Մոսկվայի փորձերը դժվար թե որևէ մեկին համոզիչ թվան։

Ռուսաստանն այն աստիճանի է փորձում խուսափել Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ տհաճությունից, որ նույնիսկ չհիշեց սեպտեմբերին զոհված խաղաղապահներին։ Ադրբեջանն ընդունել է իր մեղքը, Ալիևը ներողություն է խնդրել, սակայն հետաքննության արդյունքները չեն հրապարակվել։

Ապրիլի 22-ին կայացած Ալիևի այցը Մոսկվա նույնպես կառուցված էր այնպես, որ ոչինչ չհիշեցնի խաղաղապահների դուրսբերման մասին։ Փոխարենը հիմնական շեշտը դրվել էր Ադրբեջանի առաջնորդի հոր՝ Հեյդար Ալիևի արժանիքների վրա, ով 50 տարի առաջ գլխավորում էր Բայկալ-Ամուրյան երկաթուղու կառուցման կառավարական հանձնաժողովը։ Խորհրդային ժամանակաշրջանի ժառանգների հանդիպման հովվերգական մթնոլորտը քննադատության տեղ չէր թողնում։

Եվ սա Ադրբեջանի հանդեպ ահռելի թվով դժգոյությունների ֆոնին, որոնք կուտակվել են նույնիսկ Կրեմլի հանդեպ լոյալ տրամադրված Z-հայրենասերների շրջանում։ Տելեգրամյան ալիքներն անընդհատ կշտամբում են Բաքվին Ուկրաինայի հանդեպ անթաքույց համակրանքի համար։ Անգամ կառավարամետ ադրբեջանական լրատվամիջոցներն են նյութեր են պատրաստում Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռվող ադրբեջանցի կամավորների մասին։ Վրդովմունք են առաջացնում նաև Ադրբեջանի կողմից Կիևին զենք մատակարարելու և Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի հետ տեղի ունեցող միջադեպերի մասին լուրերը։ Այդուհանդերձ, Ալիևը մնում է Կրեմլի «տեֆլոնային» գործընկերը, որին Ռուսաստանի իշխանությունները որևէ դժգոհություն չեն հայտնում։

Գրեթե առանց միջնորդների

Լրատվամիջոցների համար հովվերգական պատկերի և կուլիսներում մնացած իրական հակասությունների միջև այս հակասությունը օրինաչափ հարց է առաջացնում։ Ինչո՞ւ է Կրեմլը, որն այդքան խանդոտ է հետխորհրդային տարածքում իր ռազմական ներկայության հարցում, այդքան հանգիստ և նույնիսկ բարեհաճորեն արձագանքում այն փաստին, որ Բաքուն ակտիվորեն ապամոնտաժում է այդ ներկայության տարրերից մեկը։

Գիտակցելով ղարաբաղյան կարգավորման սեփական սցենարի փլուզումը, երբ ռուս խաղաղապահները պետք է գրեթե անորոշ ժամանակով մնային տարածաշրջանում, Մոսկվան ի սկզբանե փորձեց նոր կիրառություն գտնել իր զորախմբի համար Հարավային Կովկասում: Առանձին հայտարարություններից դատելով՝ քննարկվել էր այն Հայաստանում որպես ՀԱՊԿ երկարաժամկետ առաքելություն տեղակայման տարբերակը, սակայն Փաշինյանը հրապարակայնորեն հրաժարվեց ռուս խաղաղապահներին ընդունելուց։

Վերջինը, ինչով Ռուսաստանը փորձեց արդարացնել խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում, ականազերծումն էր։ Սակայն դա ակնհայտորեն այն խնդիրը չէ, որը երկու հազար մարդու և մոտ 400 միավոր տեխնիկայի ներկայություն է պահանջում։ 15-րդ առանձին հրաձգային բրիգադի զինծառայողների մեծ մասը, որտեղից խաղաղապահներ էին հավաքագրվել 2020 թվականին, արդեն վաղուց պատերազմում է Ուկրաինայում։ Ղարաբաղից դուրս բերվող մարդիկ և տեխնիկան, ամենայն հավանականությամբ, նույնպես ուկրաինական ճակատ կգնան։

Արդյունքում Ռուսաստանը ստիպված եղավ դուրս բերել իր զինվորականներին Ղարաբաղից՝ առանց Ադրբեջանի կողմից փոխհատուցում ստանալու։ Մոսկվան մեկուսացված է մնում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից։ Այո, Կրեմլը և Բաքուն կարող են գրեթե միաժամանակ կշտամբել Երևանին Արևմուտքի հետ մերձեցման փորձերի համար, սակայն Հարավային Կովկասում ռուսական դիվանագիտության ամրապնդման կամ ռուս-ադրբեջանական տանդեմ ստեղծելու նշաններ չկան։

Հայաստանի հետ սահմանամերձ չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին պայմանավորվածությունները (դրանք պատկանում էին Ադրբեջանական ԽՍՀ-ին և բնակեցված էին եղել ադրբեջանցիներով, սակայն հիմնովին ավերվել էին առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ), ինչպես նաև սահմանային առաջին հենասյուների տեղադրումը տեղի էին ունեցել առանց Ռուսաստանի մասնակցության՝ ուղիղ երկխոսության շրջանակներում։ Նախորդ տարվանից հայ-ադրբեջանական կարգավորման հարցում հաստատված «ո՛չ Ռուսաստան, ո՛չ Արևմուտք» մոտեցումը կայուն է թվում։

Առանց միջնորդների ձեռք բերված պայմանավորվածություններն առայժմ բավականին խելամիտ ու կենսունակ են թվում։ Չորս գյուղերի շուրջ սահմանի սահմանազատման ժամանակ կողմերը նախապես պատրաստակամություն էին հայտնել փոխանակել փոքր տարածքներ, որոնցով անցնում են կարևոր ճանապարհներ (Հայաստանի համար կենսականորեն կարևոր Երևան-Թբիլիսի մայրուղին): Եթե փոխանակումը հաջող լինի, դա նշանակալի նախադեպ կդառնա։

Լավատեսություն է ներշնչում նաև այն կետը, որ կողմերը «սահմանազատման գործընթացում հիմնվելու են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա»։ Դա պետք է խանգարի Ադրբեջանին հետագայում դիմել 1940-ականների, 1950-ականների և 1960-ականների քարտեզներին, որոնցում Ադրբեջանական ԽՍՀ-ը տարածքն փոքր-ինչ ավելի մեծ էր:

Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակում է քննադատել Հայաստանին բանակն ուժեղացնելու ցանկացած փորձի համար և պատրաստ է պահում Զանգեզուրի միջանցքի թեման։ Այսինքն՝ Բաքուն և Երևանն իսկապես առաջին անգամ պայմանավորվել են ինչ-որ օգտակար բանի շուրջ՝ առանց արտաքին օգնության, բայց կարող է պարզվել, որ դա պարզապես ժամանակավոր է և ցուցադրական, որից հետո կսկսվեն արդեն ծանոթ խնդիրները։

Սակայն կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական դերը ամեն դեպքում կթուլանա՝ չնայած Մոսկվայի ծիսական խոստումներին՝ հասնելու 2020 թվականի համաձայնագրերի իրականացմանը։ Հայաստանի վրա ճնշում գործադրելու ռուսական փորձերը՝ նրան վախեցնելով Ուկրաինայի ճակատագրով, դժվար թե օգնեն. Ադրբեջանը նույնպես չի ցանկանում Ռուսաստանին տեսնել միջնորդի դերում։

Վիրավորվածի ժեստ

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ համագործակցությանը, այստեղ նույնպես չկան նկատելի զիջումներ, որոնք Բաքուն կաներ Մոսկվային՝ հանուն խաղաղապահների դուրսբերման։ Հավանաբար, Ուկրաինայում պատերազմը և Արևմուտքում մեկուսացումը Ռուսաստանին հասցրել են մի իրավիճակի, երբ այն չի կարող իրեն թույլ տալ ռիսկի ենթարկել նույնիսկ համեմատաբար փոքր համատեղ նախագծերը հարևանների հետ:

Օրինակ, Ադրբեջանի տարածքով ռուսական նավթի և գազի արտահանումը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ Մոսկվան զրկվեց եվրոպական շուկաների մեծ մասից: Գազի դեպքում խոսքը տարեկան մոտավորապես 1 մլրդ խմ-ի մասին է։ Ձմռանը դա թույլ է տալիս Ադրբեջանին ավելի շատ գազ ուղարկել արտահանման՝ ներքին կարիքները ծածկելով Ռուսաստանից ներմուծված գազով։

Նախապատերազմյան 2021 թվականին Ռուսաստանը խողովակաշարերով արտահանել էր 206 միլիարդ խորանարդ մետր գազ, բայց պատերազմական ժամանակ արտահանման նույնիսկ նման համեստ աճը, ինչպես Ադրբեջանի դեպքում, կարևոր է դառնում Մոսկվայի համար։

Նման իրավիճակ է նաև նավթի դեպքում։ Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելով՝ 2023 թվականին Ադրբեջան ռուսական նավթի մատակարարումները քառապատկվեցին՝ հասնելով տարեկան 1,2 միլիոն տոննայի։ Կողմերը նաև պայմանավորվում են ընդլայնել նավթամուղը, որպեսզի այդ թիվը հասցվի 4 միլիոն տոննայի: Նույնիսկ այս դեպքում Ադրբեջանը իր վրա կվերցնի Եվրոպա նախապատերազմյան մատակարարումների ընդամենը մի քանի տոկոսը, սակայն հիմա Մոսկվայի համար նման ծավալն ավելի լավ է, քան ոչինչը։ Մանավանդ որ Ադրբեջանից նավթի և գազի առյուծի բաժինը արտահանվում է Թուրքիա, իսկ այս երկրի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեն Արևմուտքի պատժամիջոցների համատեքստում։

Վերջապես, Ադրբեջանը Ռուսաստանի համար անփոխարինելի գործընկեր է դարձել դեպի Իրան և հետագայում Պարսից ծոցի նավահանգիստներ տարանցման համար: Պատահական չէ, որ «Հյուսիս-Հարավ» երկաթուղին եղել է Ալիևի և Պուտինի վերջին բանակցությունների օրակարգի հիմնական կետերից մեկը։ Երկու նախագահների հանդիպումը ԲԱՄ-ը կառուցողների հետ ևս ակնարկում է, որ Ադրբեջանով անցնող երկաթուղին այսօրվա Ռուսաստանի համար պակաս կարևոր չէ, քան ԲԱՄ-ը ԽՍՀՄ համար։

Կիրիլ Կրիվոշեեվ

Mediamax.am