Մայա Սանդուն հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրություններում

Մոլդովայի նախկին վարչապետ, «Համերաշխություն գործողություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Մայա Սանդուն հաղթել է նախագահական ընտրություններում։ Այդ մասին են վկայում լույս երկուշաբթի գիշերը հրապարակված երկրի ԿԸՀ տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Ընտրական տեղամասերի 98 տոկոսի արձանագրությունների հաշվարկից հետո Սանդուն ստացել է ընտրողների ձայների 54 տոկոսը, նրա ընդդիմախոս գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ 45 տոկոսը։ Նրանց միջև տարբերությումնը կազմում է 115 հազարից ավելի ձայն՝ գրեթե 800 հազար ընտրողներ աջակցել են Սանդուին, 685 հազար ընտրող ձայնը տվել է Դոդոնի օգտին։

Մնացել է հաշվարկել արտասահմանում մոտ 50 ընտրական տեղամասերի ձայները, և տարբերությունը միայն կավելանա, քանի որ մոլդովական սփյուռքը քվեարկում է գերազանցապես Սանդուի օգտին։ Արտասահմանում ընտրություններին մասնակցել է ավելի քան 260 հազար ընտրող, որոնցից Սանդուի օգտին է քվեարկել 80 տոկոսից ավելին։

Դրա հաշվին թեկնածուների միջև տարբերությունը կմեծանա երկրի ներսում հաշվարկից հետո 3 տոկոսից մինչև 8 տոկոս։ Վերջնական արդյունքները հայտնի կդառնան երկուշաբթի ԱՄՆ-ում ու Կանադայում տեղամասերը փակվելուց և ձայները հաշվելուց հետո։

Միաժամանակ Դոդոնը Մերձդնեստրում ստացել է ընտրողների ձայների 85,8 տոկոսը, սակայն դա չի ազդել ուժերի ընդհանուր դասավորության վրա։

Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին։ Նա խոստացել է միավորել ընտրությունների ժամանակ պառակտված հասարակությանը և լուծել տնտեսական խնդիրները։ Նա նաև հայտարարել է խորհրդարանի արձակմանը և արտահերթ ընտրությունների հասնելու մտադրության մասին՝ ընդգծելով այս հարցում մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցելու պատրաստակամությունը։

Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը առայժմ իր պարտությունը չի ընդունել, տեղեկացնում է News.am։