Ինչու են շտապօգնության աշխատակիցները երբեմն ուշ տեղ հասնում

Շտապօգնության աշխատակիցների ծանրաբեռնվածության, ունեցած ռեսուրսների և վերջիններիս պարգևավճարներ հատկացնելու հարցերի վերաբերյալ զրուցել ենք ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ:

Շտապօգնության կանչերից և ոչ մեկն անարձագանք չի մնում: Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հերքելով մամուլում տարածված այն տեղեկությունները, թե շտապօգնության աշխատակիցները կա՛մ հրաժարվում են կանչ ընդունել, կա՛մ շատ ուշ են տեղ հասնում:

Կորոնավիրուս, սիրտ-անոթային խնդիրներ, սուր-շնչառական հիվանդություններ ու վնասվածքներ: Սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց համար մարդիկ դիմում են շտապօգնության աշխատակիցներին՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու ակնկալիքով: Ընկերության տնօրենը հավաստիացնում է՝ փորձում են բոլորին հասնել, բայց այն օրերին, երբ կանչերի թիվը նախատեսվածից շատ է լինում, ստիպված են առաջնահերթությունը տալ առավել հրատապություն ունեցող դեպքերին:

«Օրական միջինում 900-1000 կանչ ենք սպասարկում, եղած ռեսուրսներն էլ բավարար են։ Ինչ վերաբերում է արձագանքին, ապա այդ մասին միշտ խոսվել է և միշտ ասվել, որ շտապօգնությունը պետք է կատարի անհետաձգելի կանչերը, իսկ մնացած դեպքերում մարդիկ պետք է դիմեն իրենց ընտանեկան բժիշկներին»,- ասաց նա:

Ստեփանյանի խոսքով՝ թեպետ սեփական աշխատակիցներին խրախուսելու ցանկությունը մեծ է, սակայն ֆինանսական միջոցներ չկան. ոչ վերջին եռամսյակում, ոչ էլ դեկտեմբերին շտապօգնության աշխատակիցներից որևէ մեկը պարգևավճար չի ստացել և չի ստանալու:

«Ընդհանարապես ոչ մի տարի չի եղել պարգևավճար մեր աշխատակիցների համար, մեր աշխատակիցները պարգևատրվել են միայն ապրիլ, մայիս, հունիս ամիսներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ, դրանից հետո այլևս պարգևավճարներ չեն եղել»,- ընդգծեց նա: