Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից
Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած տղաների պրոթեզավորման գործընթացը տեղի կունենա ավելի արագ, իսկ պրոթեզներն ավելի որակյալ կլինեն։
Այսօր կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` տեղեկացնելով, որ պրոթեզավորման գործընթացում փոփոխություններ կկատարվեն։
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծից տեղեկանում ենք, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման` պրոթեզավորման կարիք ունեն պատերազմի մասնակից շուրջ 115 անձ։
«Նախագծի նպատակն է առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովել։
Գործող կարգավորման համաձայն` պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա նրանց տրամադրվում է հավաստագիր։ Դրա հիման վրա էլ գործող հավաստագրված ընկերությունների միջոցով էլ ձեռք է բերվում պրոթեզը։ Այս նախագծով նախատեսվում է, որ կկատարվեն տնայցեր` անձամբ այցերի փոխարեն»,–ասաց նախարարը։
Նա հայտնեց նաև, որ նախատեսվում է ստեղծել բազմամասնագիտական թիմ, որի կազմում ներգրավված կլինեն տարբեր մասնագետներ, համակարգող-խորհրդատու և անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել լրացուցիչ՝ նեղ մասնագետներ։
Թիմը տնայցերի միջոցով կիրականացնի շահառուների կարիքների գնահատում և կտրամադրի եզրակացություն պրոթեզի տեսակի մասին և տեղում կկազմակերպի շահառուից դիմումի ընդունումը: Այնուհետև այդ դիմումը կփոխանցվի բուժատեխնիկական հանձնաժողովին, որն էլ կապահովի հետագա ընթացքը:
Բացի պրոթեզավորումից, ծառայություն մատուցող կազմակեպությունները նաև շահառուին կսովորեցնեն պրոթեզ կրելու հմտությունները:
Նախագիծը կընդունվի վաղը՝ գրավոր ընթացակարգով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։