ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԵՆ, ԻՍԿ ԼՐՏԵՍՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԿՍՊԱՍԵՆ 5 ՏԱՐԻ
Մեկ տարի առաջ ընդունվեց հակասահմանադրական առաջին օրենքը
Փետրվարի 6-ին կլրանա «Հանրաքվեի մասին» առաջին հակասահմանադրական օրենքի ընդունման մեկ տարին, որի նպատակն էր աշխատանքից հեռացնել մեկ մարդու՝ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։
Խոսքը հանրաքվեի միջոցով Հիմնական օրենքում մեն-միակ փոփոխություն կատարելու մասին էր, մինչդեռ արդեն ձևավորվել էր սահմանադրական համակողմանի փոփոխությունների մշակման խումբ:
Փաշինյանն այնքան էր շտապում ազատվել Սահմանադրական դատարանի անցանկալի նախագահից, որ անպայման կանցկացներ հանրաքվեն ապրիլի 5-ին՝ անտեսելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, սակայն իրազեկ ատյանները հասարակ թվաբանական գործողությունների միջոցով բացատրեցին նրան, որ 650 հազար ձայն չի հավաքի հօգուտ «Այո»-ի։ Այդժամ Փաշինյանը հիշեց կորոնավիրուսի մասին և մարտի 16-ին արտակարգ դրություն մտցրեց, իսկ արտակարգ դրության ժամանակ, ինչպես հայտնի է, հանրաքվեներ չեն անցկացվում։
Այն մասին, որ ՍԴ-ն զավթելու փորձը հեռահար նպատակներ էր հետապնդում, մենք գրել ենք բազմիցս։ 44-օրյա պատերազմից հետո բոլորը հասկացան, թե ինչու էր Թովմասյանն իրեն համեմատում սահմանին կանգնած զինվորի հետ և ասում, որ ՍԴ նախագահի պաշտոնից իր հեռացումն իշխանությունը համառորեն պահանջում է՝ կապված Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այն ժամանակ Փաշինյանը մտավախություններ ուներ, որ հարցը հարկ կլինի լուծել՝ հիմնվելով ՍԴ-ի եզրակացության վրա։ Արդյունքում կապիտուլյացիայի մասին նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը ստորագրելու դավաճան վարչապետի մտադրության մասին չէին տեղեկացվել ո՛չ նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ խորհրդարանական մեծամասնությունը, ո՛չ ՍԴ-ն։ Եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ներկայիս ՍԴ-ն նույնիսկ չփորձեց վիճարկել այդ փաստաթղթի սահմանադրականությունը, որի հիման վրա հանձնվեցին Արցախի շրջանները և մինչ օրս հանձնվում են Հայաստանի տարածքների հատվածներ։ ՍԴ-ն ամբողջությամբ ենթարկված է Փաշինյանին և պատրաստ կատարելու նրա բոլոր քմայքները:
Պատժի չարժանացած ամենատևական հանցանքը
ՍԴ-ի առանցքային կերպարներից մեկի հետ է կապված ամենատևական հանցանքը, որն այդպես էլ իրավական գնահատական չստացավ։
Խոսքը դատավոր Վահե Գրիգորյանի մասին է, որն ամիսներ շարունակ աշխատավարձ է ստացել, օգտվել ծառայողական աշխատասենյակից և ծառայողական մեքենայից՝ անտեսելով իր աշխատանքային պարտականությունները: Դա հանցա՛նք է։ Խոսքը բյուջետային փողերի յուրացման և ծառայողական դիրքն անձնական նպատակներով օգտագործելու մասին է։
Լրագրային հարյուրավոր էջերում խոսվել է այն մասին, որ ՍԴ դատավորն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ (ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդված, 7-րդ կետ), հետևաբար՝ իրավունք չունի բոյկոտել ՍԴ-ի աշխատանքը քաղաքական դրդապատճառներով։ Ավաղ, պրակտիկան ցույց տվեց, որ Փաշինյանի շրջապատի մարդիկ օժտված են օրենքը խախտելու բացարձակ իրավունքով։ Օրինակները հարյուրավոր են։ Եթե նախքան պատերազմը մենք գործ ունեինք քաղաքական պատվերներ կատարող միայն մեկ ՍԴ դատավորի հետ, ապա վերջերս քաղաքական շարժառիթներով համալրվեցին Բարձրագույն դատական խորհրդի թափուր տեղերը ։
Անկախության ծախված «երաշխավորները»
«Հանրաքվեի մասին» հակասահմանադրական օրենքից հեշտ է գիծ անցկացնել դեպի հակասահմանադրական փոփոխություններ Հիմնական օրենքում՝ խորհրդարանական մեծամասնության ուժերով, շրջանցելով հանրաքվեն: Իսկ այդտեղից էլ՝ Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ նշանակելու քաղաքական կատակերգություն։
Եթե Թովմասյանին քաղաքական հետապնդումների ենթարկելու նպատակը ՍԴ-ի հնազանդեցումն էր՝ տարածքների առաջիկա հանձնման նկատառումով, ապա այդ պարոններին Բարձրագույն դատական խորհրդի անդամ նշանակելը նպատակ ունի երկրում պայմաններ ստեղծել տոտալ քաղաքական բռնաճնշումների համար, որոնք կոչված են ի չիք դարձնել վարչապետին հրաժարական պարտադրելու ընդդիմության բոլոր ջանքերը։
Հիմնական օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։ Այսօր ակներև է դատական իշխանության յուրացումը՝ ընդհուպ մինչև Բարձրագույն դատական խորհուրդ, որը, Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն, կոչված է երաշխավորելու դատարանների և դատավորների անկախությունը։ Ինչ է, քաղաքական պատվերներ կատարող Ջհանգիրյա՞նն է լինելու դատարանների և դատավորների անկախության երաշխավորը։ Թե՞ Սորոսի «Բաց հասարակություն. Հայաստան» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախկին ղեկավար Դավիթ Խաչատրյանը։
Վերջին շրջանում մենք հաճախ ենք վկայակոչում այն փաստը, որ երկու ատյանների դատարանները սանկցիա չտվեցին Փաշինյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող 4 անձանց կալանքի համար։ Մեղադրյալների դերում, հիշեցնեմ, իշխանությունը նշանակել էր «Սիսական» լեգենդար ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, նախորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին և նկարիչ Աշոտ Ավագյանին։ Փաշինյանին այնպես զայրացրեց դատավորների պահվածքը, որ նա շտապ որոշեց օգտագործել Բարձրագույն դատական խորհրդի թափուր տեղերն ու այնտեղ ուղարկել իր մարդկանց՝ «կարգուկանոն» հաստատելու համար։ Այլ կերպ ասած, ՍԴ-ի զավթումից հետո, ինչը շատերն անվանում են «կազմաքանդում» հայտնի բառով, եկել է Բարձրագույն դատական խորհրդի հերթը, որը Ջհանգիրյանի և Խաչատրյանի մասնակցությամբ վերահսկողություն կիրականացնի, որպեսզի դատավորները պարտաճանաչ կերպով տան վարչապետի քաղաքական հակառակորդների կալանքի սանկցիաները։
Լրտեսության մեջ կասկածվող ԱԺ խոսնակի նախագահությամբ
Փաշինյանի համար կարևոր է հնարավորինս շուտ գլխատել «Հայրենիքի փրկության շարժումը», արդեն մեղադրանքներ են առաջադրվել մի շարք կուսակցությունների առաջնորդների դեմ: Վարչապետն ուզում է, որ Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը, Իշխան Սաղաթելյանը որքան հնարավոր է շուտ հայտնվեն կալանքի տակ։
Առ այսօր այդ մարդկանց բոլոր կանչերը ԱԱԾ և քննչական մարմիններ ժամանակային առումով «համընկել» են «17+» ձևաչափի հանրահավաքների, իսկ այնուհետ նաև փողոցային երթերի հետ։ Դավաճան վարչապետի համար անչափ կարևոր է, որ դատարանները, Ջհանգիրյանի և Խաչատրյանի սևեռուն հայացքի ներքո, սկսեն կալանքի սանկցիաներ տալ դատախազի առաջին իսկ դիմումի հիման վրա։ Շարժման դեմ, որը ձմեռային ցրտերի նահանջից հետո կմտնի ակտիվ փուլ, դավաճան վարչապետը որոշել է պայքարել դատարանների և տոտալ բռնաճնշումների միջոցով։
Գեներալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն օրերս հրապարակային ելույթում նշեց, որ Ջհանգիրյանին և Խաչատրյանին Բարձրագույն դատական խորհուրդ է գործուղել «Իմ քայլը» խմբակցությունը (ընդդիմությունը բոյկոտել է գործընթացը)՝ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի նախագահությամբ: Նույն այն խոսնակի, որին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նախօրեին մեղադրեց Թուրքիայի օգտին լրտեսության մեջ։ Եվ այդ հանգամանքը ոչ մեկին չմտահոգեց։
Նիստի ընթացքում Խաչատրյանին հարց ուղղվեց այն առնչությամբ, որ պատերազմի օրերին թուրք-սորոսական 5-րդ շարասյունը գործել է Հայաստանի դեմ։ Ի պատասխան Խաչատրյանը սերտած տեքստ հնչեցրեց այն մասին, որ ժամանակին Հրայր Ղուկասյանը, որը Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ էր, ստացել է նախագահ Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնականի պաշտոնը։ Ղուկասյանը նաև երրորդ նախագահի ռեֆերենտն էր։ Խաչատրյանը մոռացավ նշել, որ դա կառավարությունում սորոսական նոմենկլատուրայի պաշտոններ զբաղեցնելուց և խորհրդարան սպրդելուց դեռ շատ առաջ էր, ադրբեջանա-թուրքական ագրեսիայից շատ առաջ և նույնիսկ (ուշադրությո՛ւն) Ջորջ Սորոսի հայտնի հոդվածից առաջ, որում նա կոչ էր անում Եվրոպային աջակցել Թուրքիային՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ պայքարում:
Խորհրդարանը ոչ միայն որոշում կայացրեց Թուրքիայի օգտին լրտեսության մեջ կասկածվող խոսնակի նախագահությամբ, այլև Բարձրագույն դատական խորհուրդ գործուղեց մի մարդու, որի անունը սերտորեն կապված է Սորոսի և թուրք- սորոսական 5-րդ շարասյան հետ: Օրերս արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն արձանագրեց. «Հայաստանում կան հասարակական կազմակերպություններ՝ օտարերկրյա գործակալներ, միայնակ գործակալներ և պարզապես լրտեսներ։ Եթե իրազեկ մարմիններն այսօր ընթացք չեն տալիս նրանց գործունեության հետաքննությանը, ապա դա հեշտությամբ կարելի է անել 5 տարի անց»։ 2020թ. փետրվարի 6-ին մեր երկրում ընդունվեց հակասահմանադրական առաջին օրենքը։