Նաիրա Զոհրաբյանը գերեվարված Մարալ Նաջարյանի հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով, ով գերեվարված է Ադրբեջանի կողմից, դիմել է Եվրոպայի կին լիդերներին։

«Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո։

Մարալը բնակություն էր հաստատել Բերձորում և պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը, նոյեմբերի 11-ին, մեկնել էր Բերձոր՝ իր անձնական իրերը Երևան տեղափոխելու համար ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել։

Ադրբեջանն արդեն պաշտոնապես հաստատել է Մարալի գերեվարության փաստն ու ըստ Դավիթ Շահնազարյանի տեղեկության, Մարալը գտնվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտում:

Մարալն Արցախ էր եկել ապրելու և գերեվարվեց կապիտուլյացիայի հաջորդ օրը։

Ես դիմել եմ Եվրոպայի կին լիդերներին, իրավապաշտպան և կանանց հիմնախնդիրներով զբաղվող բոլոր կառույցներին, որպեսզի վերջիններս պարտադրեն Ադրբեջանին վերադարձնել Մարալին և բոլոր մյուս ռազմագերիներին։

Ես դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանանց, որպեսզի իրենց կոչն ուղղեն Ադրբեջանին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչում կրող Ալիևի կնոջը՝ անհապաղ Հայաստան վերադարձնելու Մարալ Նաջարյանին, ով քաղաքացիական անձ է։

Դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ով բարի կամքի դեսպանի կոչում է տալիս ռազմական հանցագործ երկրի նախագահի կնոջը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մանդատի շրջանակում ադրբեջանուհի բարի կամքի իր դեսպանից պահանջի չթքել միջազգային մարդասիրական իրավունքի վրա ու հայ ռազմագերիներին և Մարալ Նաջարյանին չպահի որպես քաղաքական վալյուտա, և համաձայն Ժնևի 3-րդ կոնվենցիայի՝ բոլոր ռազմագարիներին անհապաղ վերադարձնի Հայաստան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։