Մոսկովյան բանակցությունները բավականին բովանդակալից են եղել. Արսեն Թորոսյան

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ մոսկովյան բանակցությունները բավականին բովանդակալից են եղել և շեշտադրումներ են արվել հստակ։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցւոմ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով լուրերին, թե մոսկովյան բանակցություններն արդյունք չեն տվել։

«Բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են, որպեսզի հասնենք նրան, որ Ադրբեջանի ԶՈւ-ն լքի ՀՀ տարածքը։ Դա տեղի է ունենալու ՀՀ ռազմավարական գործընկերոջ աջակցությամբ։ Այս հարցում ձեռքբերումն այն է, որ ամենաբարձր մակարդակով Ռուսաստանի հետ կա փոխըմբռնում, թե ինչ լուծում պետք է լինի»,–ասաց Թորոսյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ կնքվող նոր փաստաթղթի առկայությանը` Թորոսյանը նշեց, որ պետք է լինի պայմանավորվածությունների արձանագրում, և այս պահին որևէ փաստաթղթի մասին խոսելու իմաստ չկա։

Թորոսյանը հավելեց, որ Հայաստանի ներքաղաքական վիճակը չի խոչընդոտում սահմանին ստեղծված իրավիճակի քննարկմանը։ Անդրադառնալով ադրբեջանական կողմի շրջանառող լուրերին, թե Զանգեզուրի միջանցք են ունենալու` Թորոսյանը նշեց, որ երբևէ որևէ քննարկում չի արվել այդ առումով և չի էլ արվելու, դա որևէ փաստաթղթում նշված չի և չի նշվելու։

Sputnik Արմենիա