«Հայաստան» դաշինք․ Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել ներկայացրած խախտումները

Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել «Հայաստան» դաշինքի կողմից բարձրացված մտահոգությունները և ներկայացրած ընտրական խախտումները։ Այս մասին տեղեկացնում է դաշինքը Facebook-ի իր էջում։

««Հայաստան» դաշինքը պարբերաբար լուրջ մտահոգություններ է ներկայացրել միջազգային հանրությանը նախընտրական արշավի ընթացքում իշխող ուժի կողմից համակարգային խախտումների վերաբերյալ: Դաշինքը նաև համոզիչ ապացույցներ է տրամադրել ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությանը և Հայաստանում գործող այլ օտարերկրյա առաքելությունների: Խախտումները ներառում էին պաշտոնական դիրքի չարաշահում, վարչական ռեսուրսների չարաշահում, ատելության խոսքի տարածում, քրեական արդարադատության չարաշահումներ և այլն: 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները հակասում են 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթով ամրագրված սկզբունքներին, ինչպես նաև այլ միջազգային պարտավորություններին», - նշվում է հայտարարության մեջ։

Ասվում է, որ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կողմից մտահոգությունները մնացել են անպատասխան։

«Ակնհայտ է, որ միջազգային դիտորդներին չի հաջողվել պահպանել անկողմնակալության և անկախության նվազագույն պահանջները։ Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» համար», - ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս ընտրությունների արդյունքները փաստում են, որ հասարակության հավատն ընտրական այս գործընթացի նկատմամբ խարխլվել է խոշոր հակասությունների պատճառով, որոնք ավելի են ընդգծում հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը:

«Զարմանալի չէ, որ շատ ընտրողներ մտահոգված են ընտրությունների լեգիտիմությամբ և դրանց արդյունքների ճշգրտությամբ։ Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահությունը կարևոր նշանակություն ունի ընտրություններին մասնակցության և դրա արդյունքների ընդունման ապահովման տեսանկյունից: Սա խիստ կարևոր է, երբ ընտրությունները տեղի են ունենում այնպիսի բարդ պայմաններում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմը, հատկապես երբ գրանցվում են քաղաքական բևեռացման նման բարձր մակարդակներ», - ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները և նախատեսում է դրանք բողոքարկել Հայաստանի Սահմանադրական դատարանում: