Հռոմում տեղադրվելու է Հովհաննես Թումանյանի կիսանդրին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:

 

Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Իտալիայի նախագահական պալատի հարևանությամբ գտնվող Սանտ Անդրեա այգում Հովհաննես Թումանյանի կիսանդրին տեղադրելու՝ հայկական կողմի առաջարկին Հռոմի քաղաքապետարանի կողմից համաձայնության տալու համար և հույս հայտնել, որ հայ մեծանուն գրողի կիսանդրին կդառնա հայ-իտալական բարեկամության վկայություններից մեկը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նաև 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը: Նա միաժամանակ կարևորել է Հռոմի Աուգուստո Լորենցինի հրապարակին հարող՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պուրակում հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հեղինակած՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հայ մայրը» բրոնզե հուշարձանի տեղադրումը:

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Հռոմի քաղաքապետարանի Պատվավոր հյուրերի գրքում, տեղեկացնում է News.am։