Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները ժամանել են Մոսկվա

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանել են Մոսկվա՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մասնակցությամբ եռակողմ հանդիպման համար, հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական կապերի բաժնի մամուլի ծառայությունը:

«Այցի շրջանակներում հոկտեմբերի 12-ին ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհանդիպի Մոսկվայի և Համայն Ռուսիո սրբազան պատրիարք Կիրիլի հետ: Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը` նվիրված ղարաբաղյան կարգավորման թեմային»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, հանդիպմանը կքննարկվի «Հարավային Կովկասում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների խաղաղարար առաքելությունը»: