Ազգային օրենքների շրջանակում. Զախարովան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադրումների մասին

Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման լավ հեռանկարներ է տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

Ինչպես նշել է Զախարովան` Մոսկվան հանդես է գալիս 2020 թ-ի նոյեմբերի 9-ին և 2021 թ-ի հունվարի 11-ին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին: Դրանք վերաբերում են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Այդ խնդրով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ։

«Մենք տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման լավ հեռանկարներ ենք տեսնում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը։ Մենք նաև ելնում ենք նրանից, որ ապաշրջափակված երթուղիներով միջազգային փոխադրումներն իրականացվելու են միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում պատասխանելով ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին, հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները «միջանցքային տրամաբանություն» են առաջ տանում, որպեսզի խափանեն տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման բանակցությունները: Նա հավելել էր, որ պաշտոնական Երևանը այդ փորձերը կանխելու համար կանի հնարավոր ամեն ինչ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։