Թովմասյան․ Աշխատանքներ են տարվում, որ սահմանը հատած մեր հայրենակիցների համար չվերթներ կազմակերպվեն

Ուկրաինայում ապրող հայերի խնդիրների առնչությամբ կապ եմ հաստատել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի և Կիևի հայ համայնքի ղեկավարի հետ. Արտահայտել եմ իմ պատրաստակամությունը հնարավոր բոլոր միջոցներով օժանդակելու մեր հայրենակիցներին, ովքեր ունեն անվտանգային խնդիրներ, պատսպարված են բունկերներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրավասու օղակներից տեղեկացա, որ մեր հայրենակիցներից նրանց, ում հաջողվել է լքել երկիրը, տեղի համայնքներում դիմավորում են, ընդունում։ Այս պահին աշխատանքներ են տարվում, որ սահմանը հատած մեր հայրենակիցների համար չվերթներ կազմակերպվեն դեպի Հայաստան։ Հրատապ այս խնդիրն իմ ուշադրության կենտրոնում է, և շարունակ կապ եմ պահում իրավասու բոլոր օղակների հետ և ըստ անհրաժեշտության իրականացվում են համապատասխան քայլեր։

Սիրելի՛ հայրենակիցներ, որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ 24/7 ռեժիմով պատրաստ եմ ընդունել ձեր կողմից՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված ցանկացած դիմում և անել հնարավոր ամեն ինչ՝ դրանք լուծելու համար։

Կարող եք դիմել մեզ՝ գրելով իմ սոցիալական էջերին կամ զանգահարել հանձնաժողովի հեռախոսահամարներին ՝ 011513230, 041888482», տեղեկացնում է News.am: