Նովակ. Ռուսական նավթից հրաժարվելը համաշխարհային շուկայի համար աղետալի հետևանքների կհանգեցնի

Ռուսական նավթից հրաժարվելը համաշխարհային շուկայի համար աղետալի հետևանքների կհանգեցնի, կբարձրացնի գները մինչև 300 դոլար մեկ բարելի դիմաց, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Միանգամայն պարզ է, որ ռուսական նավթից հրաժարվելը համաշխարհային շուկայի համար աղետալի հետևանքների կհանգեցնի։ Գների աճն անկանխատեսելի կլինի՝ մեկ բարելի դիմաց ավելի քան 300 դոլար, եթե ոչ ավելի»,- ասել է նա։ Նրա խոսքով, եվրոպական շուկայում հնարավոր չէ արագ փոխարինել ռուսական նավթի ծավալը, դրա համար կպահանջվի մեկ տարուց ավելի, իսկ եվրոպացի սպառողների համար դա շատ ավելի թանկ կարժենա։ «Նման սցենարի դեպքում նրանք հիմնական տուժողները կլինեն։ Եվրոպացի քաղաքական գործիչները պետք է ազնվորեն զգուշացնեն իրենց քաղաքացիներին, սպառողներին, թե ինչ է սպասվում նրանց, և որ գազալցակայաններում գները, էլեկտրաէներգիայի, ջեռուցման գները կտրուկ կբարձրանան: Սա կազդի այլ շուկաների վրա, այդ թվում՝ ամերիկյան»,- հավելել է նա։

Նովակը նշել է, որ Մոսկվան անհանգստացած է ռուսական նավթից հրաժարվելու մասին Արևմուտքի հայտարարություններից, սակայն հնարավորություն ունի վերաուղղել արտահանումը եվրոպական շուկայից։ «Մենք հասկանում ենք, թե ուր կարող ենք վերաուղղել այս ծավալները։ Միայն հարց է առաջանում՝ ո՞ւմ է սա ձեռնտու։ Իսկ ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ Ներմուծման արգելքի շուրջ քննարկում սկսելու փորձերը խարխլում են շուկայի հիմքները, անորոշություններ են ստեղծում և սպառողներին էական վնաս են պատճառում»,- ասել է նա։

Փոխվարչապետը վստահեցրել է, որ Ռուսաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտավորությունները, բոլոր խնդրանքները կատարվում են, նավթն ու նավթամթերքը պլանային ռեժիմով առաքվում են։ «Սակայն մեր անհանգստությունը պայմանավորված է էմբարգո սահմանելու և ռուսական նավթից ու նավթամթերքից հրաժարվելու հնարավորության վերաբերյալ քննարկումներով և հայտարարություններով։ Մենք նաև հսկայական ճնշում ենք տեսնում մեր գործընկերների, թրեյդերների, տրանսպորտային ընկերությունների, բանկերի և ֆինանսական հաստատությունների վրա»,- հավելել է նա, տեղեկացնում է News.am: