Ի՞նչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը

Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղաահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։

Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: