Փաշինյանը պնդում է՝ Հայաստանն Արցախից ձեռքերը չի լվացել

Հայաստանն Արցախից ձեռքերը չի լվացել, սակայն մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե դա այդպես չէ։ ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ հետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չի կրճատել ծախսերը, այլև լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն է ունեցել։

«Այդ լրացուցիչ ծախսերի մի մասն ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծմանը։ Ու այս ֆոնին, երբ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի ավարտը ՀՀ կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլդ դրամի ծրագիր, իսկ 2022 թվականի բյուջեով 144 մլդ դրամի ֆինանսվորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե Հայաստանը Արցախից ձեռքերը լվացել է։ Հայաստանը նախկինում երբեք այդքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա»,–ասաց Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում Փաշինյանը հայտարարել էր, որ 2021 թվականին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել։ 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24.7 մլդ դրամով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը և 65.8 մլդ դրամով` 2018 թվականի նույն ցուցանիշը։