Գորիս-Կապան ճանապարհը փակ չէ. իրանական բեռնատարները չեն անցնում Բաքվի վճարների պատճառով

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհը բաց է մնում բեռնատարների համար՝ Ադրբեջանին տուրքեր վճարելու պայմանով։

Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Գորիս-Կապան ճանապարհին երթևեկությունը դադարեցվել է, քանի որ ադրբեջանցի զինված ծառայողները ճանապարհի վրա բետոնե պատնեշներ և փշալարեր են տեղադրել: Որպես ապացույց նաև լուսանկար է հրապարակվել։Այդ լուրը հրապարակել են նաևայլ լրատվամիջոցներ։

Տեղի բնակիչները, սակայն, Sputnik Արմենիային հայտնել են, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Հարցն այն է, որ իրանական (երբեմն` վրացական) բեռնատարները գրեթե դադարել են օգտվել այդ ճանապարհից, քանի որ Ադրբեջանն անցակետը հատելու համար մեծ մաքսատուրք է վերցնում։

Շատ հազվադեպ է լինում, որ այն բեռնատարները (մեծ և շրջադարձի համար անհարմար), որոնք չեն կարողանում անցնել Կապան-Տաթև-Շինուհայր ճանապարհով, ընտրում են Որոտանի հին ճանապարհը։

Ինչ վերաբերում է ճանապարհի մոտ տեղադրված բետոնե պատնեշներին, դրանք արդեն երկար ժամանակ է, որ տեղադրված են, որպեսզի մեքենաներն իջեցնեն արագությունը։ Այդ պատնեշներն ամբողջությամբ չեն փակել ճանապարհը, փշալարերն էլ տեղադրվել են մոտ մի քանի շաբաթ առաջ` վերահսկողության ուժեղացման համար։ Անցնող մեքենայի փաստաթղթերը ստուգելուց հետո ճանապարհից հեռացնում են փշալարերը և թողնում, որ բեռնատարներն անցնեն:

Նշենք, որ ճանապարհին տեղադրված են ոչ միայն ադրբեջանական, այլև ռուս սահմանապահների անցակետեր։

Փետրվարին Sputnik Արմենիան գրել է, որ Գորիս–Կապան ավտոճանապարհին անցակետ դնելուց հետո Ադրբեջանն ավելի քան 100 000 դոլար մաքսատուրք է հավաքել։