Երևանից մեկնարկեց ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր

Երևանից մեկնարկել է ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր։ Վարորդները մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են փակցրել, իսկ մեքենաների միջից լսվում է «Զարթի՛ր, լաո» երգը։

Ի դեպ, շատ այլ վարորդներ ազդանշաններով ողջունում են ավտոերթի մասնակիցներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երեկ կայացած հանրահավաքի ժամանակ ասել էր, որ այսօր` մայիսի 7-ին, ժամը 13-ին, Վանաձորում տեղի կունենա հանրահավաք։ Նրա խոսքով` ճանապարհին կանգառներ էլ կլինեն։

Բացի այդ, ժամը 12։00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակից երթ կմեկնարկի, որին կմասնակցեն միայն կանայք ու աղջիկները։ Իսկ երեկոյան` ժամը 18։00-20։00-ը, տեղի կունենա մշակութային միջոցառում, 20։00-ին հանրահավաք կլինի, որին էլ կհաջորդի երթը։

Սաղաթելյանի խոսքով` քաղաքացիները ցանկություն են հայտնել ժամը 13։00-14։00-ն բարձր երաժշտությամբ շրջել Երևանում, սակայն պետք է հնչեն բացառապես երկու երգ` «Արցախն է կանչում» և «Զարթի՛ր, լաո»։