Պետք է օրենսդրական դաշտը կարգավորել. Տեր-Խաչատուրյանը` հայ-թուրքական հարաբերության մասին

ՀՅԴ-ն կողմ է, որ հայ-թուրքական հարաբերությունները բնականոն դառնան, սակայն դա հաշտեցման գործընթաց չի ենթադրում։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Հաշտեցման գործընթացն իրենից ենթադրելու է Հայոց ցեղասպանության ճանաչում, Թուրքիայի կողմից էլ՝ պատասխանատվության ընդունում։ Ինչ վերաբերում է հարաբերությունների նորմալացմանը, ապա Թուրքիան է խանգարել այս գործընթացներին։ Այսինքն` Թուրքիան փակել է սահմանները, Թուրքիան կարող է բացել սահմանները, սակայն մինչ այդ, եթե իշխանությունը խոհեմ լինի, պետք է պատրաստվի դրան»,- ասաց Տեր-Խաչատուրյանը։

Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ պետք է օրենսդրական դաշտը կարգավորել` արգելքներ մշակել տնտեսական, անվտանգության և մի շարք այլ ոլորտներում, սակայն, ըստ Տեր-Խաչատուրյանի, իր հայկական էությունից հեռացած իշխանությունը չի կարող հայ ժողովրդի անունից բանակցել։

Ինչ վերաբերում է դրսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ապա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ մինչև վերջին երկու տարիները դիմացել են ճնշումներին, ներկայացրել հայկական տեսակետը, իսկ Արցախի հարցում Ադրբեջանը նույնիսկ պաշտպանողական դիրք էր զբաղեցնում, ամեն ինչ փոխվեց վերջին 2 տարիների ընթացքում` այս իշխանության օրոք, տեղեկացնում է Sputnik Արմենիա։