Միջուկային պայմանավորվածությունները կախված են ԱՄՆ–ի դիրքորոշումից

Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ համաձայնության, բայց շատ բան կախված է Միացյալ Նահանգների դիրքորոշումից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Իրանի կառավարության վճռականության հարցում չկա ոչ մի կասկած. հասնելու ենք ամուր, ուժեղ և կայուն համաձայնության»,-ասել է Աբդոլլահիանը:

Բայց դրա համար, ըստ նախարարի, Սպիտակ տունը պետք է հրաժարվի չափազանց ուռճացված պահանջներից և իրատեսական քայլեր ձեռնարկի, այդ թվում՝ պատժամիջոցներից հրաժարվելու հարցում։

Աբդոլլահիանը մեկնաբանել է այսօր Թեհրանում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։ Նախարարն ընդգծել է, որ Իրանը կարևորում է համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգությունը։

Իր հերթին Բորելը ողջունել է միջուկային համաձայնագրի կնքմանն ուղղված Իրանի ջանքերը և վստահեցրել, որ ինքն անձամբ է աշխատում գործընթացն արագացնելու ուղղությամբ՝ կապ հաստատելով և խորհրդակցելով բոլոր կողմերի հետ։

Sputnik Արմենիա