Զինդատախազի պաշտոնի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել է միայն Հայկ Գրիգորյանը

ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը հետաքրքրել է միայն ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գրիգորյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, զինվորական դատախազի պաշտոնում։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ ստացել են Հայկ Գրիգորյանի դիմումը՝ նշելով, թե այդ պաշտոնի նկատմամբ միայն Հայկ Գրիգորյանն է հետաքրքրություն ցուցաբերել։

Պարզվում է դեռևս 2022թ սեպտեմբերի 20-ին դատախազությունը մրցույթ է հայտարարել՝ զինդատախազի պաշտոնի համար, իսկ հայտարարությունը տեղադրվել է դատախազության պաշտոնական կայքում:

«Այն բաց է եղել մրցույթի պահանջներին համապատասխանող ցանկացած թեկնածուի համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022թ.-ի սեպտեմբերի 27-ը: Գլխավոր դատախազությունը մեկ դիմում է ստացել. դիմումատուն Հայկ Գրիգորյանն է»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Այլ խոսքով՝ հայտարարված մրցույթով բացառապես Հայկ Գրիգորյանն է «հետաքրքրվել»։ Ըստ ընթացակարգի՝ համապատասխան բարեվարքության ստուգումից հետո, նրա հետ նաև հանձնաժողովը հարցազրույց կանցկացնի ու թեկնածությունը կդրվի փակ քվեարկության։

Նշենք, որ Հայկ Գրիգորյանի՝ զինդատախազ նշանակվելու մասին խոսվում է վաղուց՝ Աննա Վարդապետյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելուն զուգահեռ։