ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻԾ

Գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ի մամլո ծառայությունը։

«Հայաստան բնական գազի մատակարարումը հոկտեմբերի 18-ից 19-ը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. խոսքը շարքային իրադարձության մասին է, և դժվար թե այն գրավեր հասարակության ուշադրությունը, եթե այդ հաղորդագրությունը հնչեր այլ ժամանակ: Սակայն այսօր, այն պայմաններում, երբ թեժ քննարկումների առարկա է դարձել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցը, ռուսական գազի մատակարարումների երկօրյա դադարեցման փաստը միանգամայն սպասելի կերպով առիթ ծառայեց տարբեր շահարկումների և մանիպուլյացիաների համար։ Իբր՝ Մոսկվան պատժում է Երևանին դեպի Արևմուտք շրջվելու փորձերի համար։ Իբր՝ Կրեմլը թափահարում է գազամատակարարման իր մահակը։ Միանգամից ասենք, որ պետք է չափազանց հարուստ երևակայություն ունենալ՝ տվյալ դեպքում սովորական վերանորոգման և պրոֆիլակտիկ միջոցառումն այդպես մեկնաբանելու համար: Եվ բնավ ոչ այն պատճառով, թե ռուսական կողմը երբեք չի դիմում գազի միջոցով ազդեցության մեթոդին։ Պարզապես Հայաստանի գազամատակարարման ընդամենը երկօրյա անջատումը ոչ մի կերպ չի ձգում նույնիսկ ոչ թե ազդեցության, այլ անգամ նախազգուշացման։ Ակնհայտ է, որ եթե նման խնդիր դրվեր, ապա պրոֆիլակտիկ աշխատանքները կանցկացվեին շատ ավելի երկար, առնվազն շաբաթներ։ Դա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ այսօր Մոսկվան Երևանին համոզելու շատ ավելի արդյունավետ մեթոդներ ունի, քան գազամատակարարումը։

Որքան էլ տարօրինակ է, բայց իշխանության եկած չափավոր ու ծայրահեղ արևմտամետների և բացահայտ ռուսատյացների թավշե թիմը հաջողացրել է մի քանի տարվա ընթացքում այնպես մեծացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, ինչպես չի հաջողվել իր բոլոր նախորդներին 30 տարվա ընթացքում։ Սկսենք հենց նույն գազից։ Իրենց աշխատասենյակները զբաղեցնելուն պես՝ նրանք սկսեցին գազի սակագնի իջեցման գործընթաց, ազդարարելով դա իրենց օրակարգի առանցքային հարցերից մեկը։ Հաջողության, ինչպես հայտնի է, չհասան։ Ավելին, 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլար նախկին գինը հասցրեցին 165 դոլարի։ Փոխարենը

Նախ, պատկերավոր ասած, ֆետիշացրեցին ռուսական գազի գործոնը հանրային գիտակցության մեջ։ Երկրորդ, պայմանավորվեցին «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ 15 դոլար տարբերությունն ընկերությունը փոխհատուցի իր ներքին ռեսուրսների հաշվին, ինչը թույլ տվեց չբարձրացնել սակագները սպառողների համար։ Իսկ արդյունքում ստացան մեծ կախվածություն «ներքին ֆինանսական պահուստներից», համապատասխանաբար՝ «Գազպրոմի» կամքից, և տնտեսության ու բնակչության մեծ հոգեբանական կախվածություն հարուցեցին սկզբունքորեն գազի գործոնից: Բնականաբար, դա էապես ավելացրեց Մոսկվայի ձեռքում նույն այդ գազամատակարարման մահակի հավանական արդյունավետությունը։ Իսկ գազի համաշխարհային շուկաներում տիրող ներկայիս իրավիճակում՝ առավելևս։ Նկատեք, Հայաստանն առաջվա պես գնում է ռուսական գազը 165 դոլարով, մինչդեռ հենց նույն Եվրոպայում գինը 10 անգամ ավելի բարձր է։ Իհարկե, նման հարաբերակցությունը կարող է պահպանվել լոկ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հայտնվել Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական երկրների ճամբարում, ուր նրան այսօր բացահայտորեն մղում են ինչպես դրսից, այնպես էլ ՀՀ ղեկավարությունը։

Ասենք, գազը Ռուսաստանից Հայաստանի զգալիորեն աճած կախվածության լոկ փոքր մասն է։ Դատեք ինքներդ, երկրի էներգետիկ անվտանգությունն ուղղակիորեն կախված է ռուսական ընկերություններից։ Բավական է այդ համատեքստում, գազամատակարարման հետ մեկտեղ, նշել նաև ՀԱԷԿ-ի աշխատանքը։

Տնտեսական անվտանգությունն այսօր, ըստ էության, ամբողջովին կախված է ռուս ռելոկանտներից, ռուսաստանցի զբոսաշրջիկներից, հայ-ռուսական ապրանքաշրջանառության աճից, Ռուսաստանից տրանսֆերտների ծավալների աճից։

Լոգիստիկ ոլորտում իրավիճակը նույնն է։ Վերին Լարսը մնում է Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման առանցքային ուղղությունը, այդ անցակետի աշխատանքից են ուղղակիորեն կախված հայաստանյան բեռնափոխադրումների մուտքն ու ելքը, ապրանքամատակարարումը և արտահանվող մատակարարումները։ Այստեղ, թերևս, հարկ է հիշեցնել, որ այս իշխանության գործողությունների շնորհիվ տրանսպորտային մեկ այլ ուղղությանը՝ իրանականին, հսկայական վնաս է հասցվել՝ Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի մի հատվածի հոժարակամ տրամադրումով Ադրբեջանին։

Պարենային անվտանգության առումով իրավիճակն է՛լ ավելի ողբալի է։ Սպանելով սեփական գյուղատնտեսական ոլորտը, նվազեցնելով սննդամթերքի ինքնապահովման մակարդակը, հայկական իշխանությունն ուղղակիորեն կապել է պարենամթերքով Հայաստանի ապահովման հարցը ընդհանրապես ԵԱՏՄ-ից և մասնավորապես Ռուսաստանից։ Եվ այստեղ խոսքը բնավ միայն ցորենի մասին չէ։

Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման առումով ռուսական գործոնի մասին հիշեցնելն առհասարակ անիմաստ է։ Բայց այնուամենայնիվ հիշեցնենք։ Ռուս սահմանապահներն են հսկում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը, 44-օրյա պատերազմից հետո տեղ-տեղ ռուսական ստորաբաժանումներն են կանգնած հայ-ադրբեջանական սահմանին, Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազան, իսկ Արցախի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։

Իհարկե, լավ բան առանձնապես չկա նրանում, որ Հայաստանն այսօր պետք է ապավինի Ռուսաստանին գրեթե ամեն հարցում. սկսած իր ինքնիշխան տարածքի հսկումից, վերջացրած պարենային ճգնաժամից խուսափելու հնարավորությամբ։ Սակայն խնդիրն այն է, որ նրանք, ովքեր վերջին տարիներին փլուզել են ամեն սեփականը՝ քարկապելով Հայաստանը ամեն ռուսականին, այսօր հակառուսական ալիք են բարձրացնում հայ հասարակության մեջ։ Եվ նույնիսկ կոնկրետ փորձեր են անում փոխել արտաքին քաղաքական վեկտորը՝ Ռուսաստանի դաշնակիցների ճամբարից երկիրը թշնամիների ճամբար տեղափոխելու ռիսկով։ Դա պարզապես ինքնասպանության քաղաքականություն է։ Մանավանդ եթե հաշվի առնենք համոզելու ռուսաստանյան հնարավորությունների «տեսականին» մեր պարագայում