ՔԿ․ Գետնից վերցրել է մուրճն ու հարվածել Ազգալդյանի արձանի քթին

Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նշենք, որ դեռ ապրիլի 13-ին, ժամը 18.18-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 10-ից մինչև ապրիլի 13-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը:

«Հիմնավորվել է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 00:59-ի սահմաններում, Երևանի 59-ամյա բնակիչը, ցայտաղբյուրից ջուր վերցնելու նպատակով, «Ռենո» մակնիշի տաքսիով մոտեցել է Մաշտոցի պողոտա և Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկ: Այնտեղ նկատելով Ազգալդյանի հուշարձանը՝ գետնին ընկած ամրանների մոտից վերցրել է մուրճը և հարվածել Ազգալդյանի դիմապատկերով հուշարձանի քթի հատվածին, կոտրել այն ու դիմել փախուստի։ Պատճառվել է 3.5 մլն դրամի գույքային վնաս»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի` պատմության և մշակույթի հուշարձանները վնասելու հոդվածի հատկանիշներով։

Sputnik Արմենիա