Օհանյանը` թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

Հայաստանը պետք է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին ի պատասխան նմանատիպ զորավարժություններ անցկացնի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Օհանյանի խոսքով` թուրք–ադրբեջանական զորավարժությունները ուժի ցուցադրում են և՛ Հայաստանին, և՛ Իրանին։ Եվ քանի որ զորավարժություններն անցկացվում է Հայաստանի և Իրանի սահմանին, դա նշանակում է, որ այդ զորավարժություններն ուղղված են հենց այդ երկրների դեմ։

«Եթե Ադրբեջանը չտեսնի մեր սահմաններում լուրջ արգելք, մռութին չստանա, կանգ չի առնի»,- ասաց նախկին նախարարը։

Օհանյանի խոսքով` տարածաշրջանում անվտանգային միջավայրը շատ փխրուն է, ցանկացած ժամանակ կարող են մարտական գործողություններ սկսվել։

Եվ որքան էլ խոսվում է խաղաղության մասին, Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան չեն ցանկանում հակառակորդից դառնալ հարևան երկիր և անում են ամեն ինչ,որ ստանան «Զանգեզուրի միջանցքը»։

«Հայաստանի զինված ուժերը պետք է գնահատականներ տան ռազմաքաղաքական իրավիճակին և լուրջ աշխատանքներ տարվեն զինված ուժերի համալրման, նմանատիպ զորավարժությունների անցկացման ուղղությամբ, որոնք այս պահին պետք է լինեն մեծամասամբ պաշտպանական բնույթի, ինչու ոչ` նաև կանխարգելման»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող գործողություններին և Իրանի արձագանքին, Օհանյանը նշեց, որ այս տարածաշրջանում գոյություն ունի Արևմուտք-Իրան հակամարտություն, իսկ Արևմուտքի ներկայացուցիչը Հարավային Կովկասում Թուրքիան է։

«Այնտեղ, որտեղ Թուրքիան մասնակցում է զորավարժություններին, ուղղված է նաև հենց Իրանին, դրա համար Իրանի ղեկավարությունը երկար ժամանակ է ցույց է տալիս իր պատրաստակամությունը, որ տարածաշրջանում իր համար անընդունելի է որևէ մի սահմանային իրավիճակի, հատկապես Սյունիքի հատվածում որևէ փոփոխություն, որը միջազգային բնույթի է»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով`Հայաստանը տարածաշրջանում Իրանին պետք է դիտարկի որպես լուրջ գործոն անվտանգային համակարգի ձևավորման համար։

Հիշեցնենք` թուրք–ադրբեջանական զորավարժություններն անցկացվում են Բաքվում և Աստարայի, Ջաբրայիլի ու Իմիշլիի շրջանների տարածքում։

Վարժանքներին մասնակցում են ցամաքային զորքերի, ռազմաօդային և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։ Վարժանքների ժամանակ մշակում են գետերի վրայով պոնտոնային կամուրջների տեղադրման, պայմանական հակառակորդի տարածքում դեսանտի իջեցման գործողություններ։

Sputnik Արմենիա