ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ՆՐԱՆՑ ԱՅԴՔԱՆ ՓՈՂ

Արտաքին գործերի նախարարը գնել է հարյուր հազարավոր դոլարներ արժեցող առանձնատուն

Օրերս հայտնի դարձավ, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու իր կինը առանձնատուն են ձեռք բերել հարյուր հազարավոր դոլարներով՝ ներառյալ հարակից տարածքի և կցակառույցների արժեքը։ Որտեղի՞ց արտգործնախարարին այդքան փող, չէ՞ որ նա ողջ կյանքում ապրել է պետական աշխատավարձով։ Մինչև 2018 թվականը նրա ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, խոսնակի պաշտոնում Միրզոյանը խոսում էր կենցաղային տեխնիկան ապառիկ գնելու մասին…

Գեղեցկությամբ եվ խնամվածությամբ այս առանձնատունն այնքան էլ չի զիջում նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի շքեղ տանը՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ տունը կալանքի տակ է, ԶԼՄ-ները հրապարակում են դրա մոտավոր արժեքը (2 մլն 300 հազար ԱՄՆ դոլար)։ Չի կարելի բացառել, որ գնորդները կա՛մ արդեն հայտնի են, կա՛մ շուտով հայտնի կդառնան։ Նախկին ոստիկանապետի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է, բայց անհրաժեշտության դեպքում դա ոչ մեկին չի կասեցնի:

Գասպարյանի փաստաբան Վարազդատ Ասատրյանը, պատասխանելով առանձնատան վաճառքի վերաբերյալ լրագրողների հարցումներին, ասել է, թե տեղյակ չէ, իսկ լրատվամիջոցներն արդեն հիմնավոր կասկածներ են հրապարակում, որ Գասպարյանի առանձնատան պարագայում կարող է կրկնվել նույն պատմությունը, որ տեղի ունեցավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան հետ:

Մենք մանրամասն տեղեկացրել ենք մեր լսարանին, թե ինչպես ճարտարապետությամբ խորհրդարանի շենքը հիշեցնող այդ առանձնատան վրա (Աբրահամյանը նախքան վարչապետի պաշտոնում նշանակվելը ԱԺ նախագահն էր) սկզբում կալանք դրվեց, իսկ հետո սկսվեց պետության ձեռքը հանձնելուց այն փրկելու անդրկուլիսյան արշավը։ Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործով դատաքննության թեժ պահին Աբրահամյանի առանձնատան վրայից հանվեց կալանքը։ Դրանից հետո կողմնակի աչքից հեռու տեղի ունեցավ առքուվաճառքը, և տան նոր տերը դարձավ ոչ թե պետությունը, այլ նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որը ավելի վաղ 5 մլրդ դրամով գնել էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից ռեժիմին նվիրաբերված «Գոլդեն Փելըս» հյուրանոցը Ծաղկաձորում։

ԱՄՆ-ում տուն է գնել 500 միլիոն դոլարով

Տվյալ պահին Գասպարյանի տան վրա, կրկնեմ, կալանք է դրված, բայց հաջորդ պահին իրավիճակը կարող է փոխվել։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման պրակտիկան ցույց տվեց, որ օրենքի քողի տակ տեղի է ունենում սեփականության ճղճիմ վերաբաշխում։

Ոչ ոք չի հարցնում, թե որտեղից այդքան փող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որը ներկայումս, ինչպես հավաստում են ԶԼՄ-ները, զբաղված է վերջերս գնած շքեղ առանձնատան կահավորմամբ: Փաշինյանի աներձագի (կնոջ եղբորԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատան մասին շատ է գրվել, ուստի չենք կրկնի. շարունակենք խոսակցությունն այն մարդկանց մասին, ովքեր օրենքից վեր են կանգնած՝ ռեժիմի պարագլխի մերձավոր շրջապատին պատկանելու պատճառով։

Հունվարյան ասուլիսի ժամանակ հնչեց կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի անունը։ Նա մի կլանի ներկայացուցիչ է, որը հայտնի է դարձել ներկայիս ռեժիմի օրոք, ինչպեսև նորաթուխ օլիգարխ Նալբանդյանը, որը նախկին իշխանության օրոք շարքային քննիչ էր։ Եթե Նալբանդյանը գնել է նախկին վարչապետի առանձնատունն ու «Գոլդեն Փելըս» հյուրանոցը, ապա պետական ծառայության մեջ գտնվող Բադալյանը 500 մլն դոլար արժողությամբ տուն է գնել ԱՄՆ-ում։ Այս տեղեկատվությունը բազմիցս շոշափվել է ԶԼՄ-ներում և ոչ մի անգամ չի հերքվել: Մամլո ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե ոչ մեկին չի հովանավորում, մինչդեռ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին ԶԼՄ-ները գնալով ավելի հաճախ են հանդիմանում «մանր ձկնիկերի» հետևից ընկնելու համար, մինչդեռ «խոշոր ձկները» անպատիժ հարստանում են։

Բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների թեման մշտապես եղել է ընդդիմության տեսադաշտում, ՀՀՇ ռեժիմի օրոք Թատերական հրապարակում վահանակ էր տեղադրված՝ բարձրաստիճան պաշտոնյաների ապարանքների, այդ թվում Գագիկ Ջհանգիրյանի առանձնատների լուսանկարներով։ 2018-ի գարնանը իշխանության զավթումից հետո անմիջապես արդիականացավ «Մայր Հայաստան» հուշարձանի շրջակա նախկին այգու տարածքում գտնվող առանձնատների թեման։ Տպավորություն էր ստեղծվում, որ Փաշինյանի շրջապատը ուշադիր զննում է այդ առանձնատները, գնահատում ու գցում-բռնում, թե ում ինչ բաժին կընկնի։

Որսը սկսվեց 2018 թվականին

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թանկարժեք գույքի որսը սկսվեց 2018-ին իշխանության զավթումից անմիջապես հետո: Ախորժակները, որքան էլ պարադոքսալ է, պաղեցրեց օրենքը շրջանցումով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքը: Փաստաբանները միանգամից բացատրեցին քաղաքականացված հանրությանը, որ իշխանափոխությունից հետո (Փաշինյանի ռեժիմը հավերժ չէ) նախկին տերերը կկարողանան դատարանի միջոցով վերադարձնել բռնագանձված սեփականությունը։

Երբ ռեժիմը մեղադրանքներ սարքեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն ՀայրապետյանիՆեմեց Ռուբո») և նրա որդու դեմ, մեղադրյալը լրագրողներին սկանդալային լուր հայտնեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի մասին: Հայրապետյանը պատմեց, որ Անդրանիկ Քոչարյանն իրեն զգուշացրել է կալանքի մասին և առաջարկել շտապ հեռանալ երկրից։ Հայրապետյանն, իհարկե, ոչ մի տեղ չփախավ, քանի որ ոչ մի բանում մեղավոր չէր համարում իրեն, իսկ ԶԼՄ-ներում անմիջապես վարկած հայտնվեց, որ Ա.Քոչարյանն աչք է դրել Հայրապետյանի շքեղ առանձնատան վրա։

Ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ԱՄՆ-ում գտնվող առանձնատների մասին չեմ խոսի, լուսանկարները հասանելի են համացանցում, դրանց վրա պատկերված է երկու պալատ՝ ամպիր ոճով։ Փաշինյանը խոստացել էր ժողովրդին վերադարձնել ողջ թալանը՝ մինչև վերջին լուման։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է օրինակ բերել առգրավված գոնե մեկ առանձնատուն, որը վերածված լինի, ասենք, մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական կենտրոնի։ Այդպիսի կետ կար «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում։ Երկրորդ նախագահի կողմնակիցները խոստացել են մարտական գործողությունների մասնակիցներին տալ կառավարական ամառանոցները, որտեղ այսօր ընտանիքներով ապրում են Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Փաշինյանի ընտանիքի ապրուստը ամսական 80 հազար դոլար է նստում հարկատուների վրա, ընդ որում հանցավոր ճանապարհով ձեռք բերված և բռնագանձված ոչ մի օբյեկտ չի հանձնվել ծառայելու հասարակ մահկանացուների կարիքներին, թեև բռնագանձում են աջ ու ձախ: Հեռուստատեսային ռեպորտաժներում ամեն շաբաթ պատմում են բազմազավակ ընտանիքների մասին, որոնք ծվարած են վագոնիկներում՝ առանց կենցաղային տարրական պայմանների. ուրեմն ինչո՞ւ իշխանությունը այդ ընտանիքներից թեկուզ մեկին չի տալիս Գագիկ Բեգլարյանից (Երևանի նախկին քաղաքապետ) առգրավված բնակարաններից գոնե մեկը։

Իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանը հաճույքով ցուցադրում էր կառավարական ամառանոցի տարածքները, որտեղ ընտանիքի հետ բնակություն հաստատեց 2018թ.մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո։ Այսօր նա չի ցուցադրում իր զրահապատ մեքենաները, ինչպեսև այն ավտոմեքենաները, որոնցով շրջում է իր ավագ դուստրը՝ թիկնապահների հետ։ Լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել շքեղ առանձնատան մասին, որ Նիկոլի հարազատ եղբոր համար Իջևանի մերձակայքում կառուցում է ռուսական ընկերությունը։ Ըստ լուրերի՝ առանձնատունն արդեն պատրաստ է, գարնանը կձևավորեն հարակից տարածքը, իշխանության զավթումից հետո ռեժիմի պարագլխի եղբայրը միանգամից մի քանի բիզնեսի տեր է դարձել։

Այն, ինչը նախկինում կուտակում էին տասնամյակների ընթացքում

Իշխող վերնախավի թանկարժեք անշարժ գույքն ու կապիտալներն աճում են թթխմորի պես։ ԶԼՄ-ներն ամեն օր տեղեկություններ են հրապարակում փաշինյանական շրջապատի ճոխ հարսանիքների և թանկարժեք արտասահմանյան ճամփորդությունների մասին, ամեն օր ձեռք են բերվում նոր տներ, հողատարածքներ, բիզնեսներ։

24-ժամյա ռեժիմով հետեվելով անձնական կապիտալի, շարժական և անշարժ գույքի բազմապատկման համար արտոնյալ պաշտոնյաների մրցավազքին՝ ակամայից հարց ես տալիս. ինչպե՞ս է նրանց հաջողվում ժամանակ գտնել պետական հարցերով զբաղվելու համար։

Ոչ ոք չի պնդում, թե նախկին իշխանության օրոք բարձրաստիճան պարոնայք չեն զբաղվել անձնական ունեցվածքի բազմապատկմամբ, բայց այն, ինչը նախկինում կուտակում էին տասնամյակներ շարունակ, այսօր ձեռք է բերվում հաշված տարիների ընթացքում։ Իր հերթին, պետական մակարդակով ընդունվող որոշումների որակը հանգեցնում է անմխիթարական եզրակացության, որ իշխող վերնախավը զբաղված է բացառապես սեփականության վերաբաշխմամբ, անձնական կապիտալի և գույքի բազմապատկմամբ։ Դե, իսկ գործընթացի գլուխ է կանգնած ռեժիմի պարագլուխը, որը վերջին ասուլիսի ժամանակ, կրկնեմ, վստահեցրեց լրագրողներին, թե իբր՝ ոչ մեկին չի հովանավորում։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ Փաշինյանը չի հարցնում արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին, թե որտեղից նրանց այդքան փող՝ թանկարժեք գույք ձեռք բերելու համար։