ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ, ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԳԵՆԵՐԱԼԱԿԱԶՄԻ ԴԵՄ ՆՈՐ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ

Օնիկ Գասպարյանը 2021 թվականի ապրիլին նամակով դիմեց նախորդ գումարման խորհրդարանի ղեկավարությանը և խմբակցություններին՝ ճշմարտության որոնումներով: Դա տեղի ունեցավ 2021 թվականի փետրվարի 25-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով 40 գեներալների հայտարարությունից հետո։ Գլխավոր շտաբի նախկին պետին Փաշինյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեղադրեցին ստախոսության մեջ, իբր՝ գեներալը, հակառակ իր պնդման, պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ չի առաջարկել դադարեցնել մարտական գործողությունները և անցնել խնդրի դիվանագիտական լուծման՝ մարդկային մեծ կորուստներից և զինտեխնիկայի ջախջախումից խուսափելու համար։ Մինչև փետրվարի 25-ը Գասպարյանը խոսում էր ԱԽ նիստում իր ելույթի մասին, և ոչ ոք դա չէր հերքում, իսկ 40 գեներալների հայտարարությունից հետո ռեժիմը հրապարակեց ԱԽ այդ նիստի տեսագրությունը, որտեղ Գասպարյանի ելույթը բացակայում էր:

Այն, որ պատերազմի ընթացքում գումարված ԱԽ առաջին նիստի տեսագրությունը նախապես մոնտաժել էին, որևէ կասկածից վեր է։ Այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատեց Գասպարյանի ելույթի փաստը, որը նախապես համաձայնեցվել էր իր հետ: Տոնոյանը դա արեց երկու անգամ. կալանավորումից առաջ և հետո։ Խորհրդարանին ուղղված գրավոր դիմումից հետո, որն անպատասխան մնաց, Գասպարյանը չկորցրեց հավատն արդարության հանդեպ և եկավ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած քննիչ հանձնաժողովի նիստին՝ պատասխանելու 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ հարցերին: Դրանից հետո Փաշինյանը հանձնաժողովի նիստում մեղադրեց Գլխավոր շտաբին նրանում, թե իր ունեցած տվյալները տարբեր են եղել (ավելի քան 10 անգամ) պատերազմի ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանից ստացվող տեղեկատվությունից:

Այդ մեղադրանքը հեշտությամբ կապակցվում է ռեժիմի պարագլխի նախորդ հայտարարությունների հետ, թե գեներալները պատերազմի ժամանակ առաջնորդվել են ոչ թե իր, այլ դրսից ստացած հրամաններով (ենթադրվում են ՌԴ գլխավոր շտաբի հրամանները), ինչն էլ, Նիկոլի վարկածով, պարտության է հանգեցրել 44-օրյա պատերազմում։

Ա.Քոչարյանի նախագահությամբ հանձնաժողովը փորձում է 44-օրյա պատերազմում կրած պարտության Փաշինյանի մեղքը բարդել ուրիշների վրա։ Այդ փորձերը ոչ մեկի մոտ կասկած չեն հարուցում։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը «չի լսում», որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը չէր կարող Արեգա բարձունքից նահանջելու հրաման տալ, քանի որ այդ ժամանակ դեռ հրամանատար չէր: Այնքան էլ հասկանալի չէ հանձնաժողովին ցուցմունք տալու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ցանկությունը, թեև Փաշինյանի հետ ուղիղ եթերում երկխոսելու նրա պահանջը հանձնաժողովը մերժեց: Ա.Քոչարյանն ասաց, թե երկխոսությունը չի համապատասխանում ձևաչափին։ Եթե Քոչարյանի միջնորդությունը բավարարվի, ապա հանձնաժողովի նիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին, իսկ Տոնոյանն ինքը կորոշի՝ փակ ռեժիմով է անցկացվելու այն, թե ուղիղ հեռարձակմամբ:

Հուլիսի 16-ից խորհրդարանը համարվում է արձակուրդում, սակայն հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ նիստ գումարելու հետ կապված խնդիրներ չեն լինի: Գեներալներ Մովսես Հակոբյանը (ԳՇ նախկին պետ) և Տիրան Խաչատրյանը (ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ) կտրականապես հրաժարվել են հանձնաժողովին ցուցմունք տալուց: Հրաժարմանը հաջորդեց Քոչարյանի սպառնալիքը, թե՝ եթե Խաչատրյանը չպատասխանի հանձնաժողովի հարցերին, ապա ստիպված կլինի ցուցմունք տալ քննչական մարմիններին։ Այդ սպառնալիքի վրա մարտական գեներալը ծիծաղեց ճիշտ այնպես, ինչպես ավելի վաղ Փաշինյանի հայտարարության վրա՝ «Իսկանդերի» արկերի մասին, որոնք պատերազմի ժամանակ պայթել էին միայն 10%-ով։ Չորեքշաբթի օրը Խաչատրյանը հայտարարեց, որ 2020 թվականին, նախքան 44-օրյա պատերազմի սկսվելը, Փաշինյանի կառավարությունը 10% -ով կրճատել է ԶՈՒ բյուջեն։

608 մլրդ դրամից, որը, ինչպես պնդում է Փաշինյանը, կառավարությունը հատկացրել է բանակին, գերակշիռ մասը, Խաչատրյանի հավաստմամբ, կազմել են կոնկրետ զինատեսակների ձեռքբերման համար նախատեսված վարկերը: Եթե ԳՇ-ն ասում էր, որ այդ զինատեսակները պետք չեն, ապա վարկեր էլ չէին տրվում։ Պատասխանելով վարչապետի աշխատակազմի հերքումներին՝ գեներալը խորհուրդ տվեց բացել 608 մլրդ գումարը, մատնանշումով, թե ինչի համար են արվել հատկացումները։ Կողասրահներում արդեն լուրեր են շրջում, որ հաջորդը, ում կվերաբերեն բռնաճնշումները, լինելու է ծիծաղել սիրող մարտական գեներալը…

Ռեժիմի պարագլխի ակնարկները, թե ՀՀ-ում կան զինատեսակներ, որոնց կառավարումը գտնվում է երկրի սահմաններից դուրս, չհաստատվեցին։ Չհաստատվեց նաև նրա պնդումը «ոսկե պլատաների» մասին, որոնք, իբր, գողացվել են հայկական հրթիռներից... Ստորագրած 40 գեներալների ճակատագիրը, որոնք ստիպեցին անհանգստանալ Էրդողանին, տարբեր կերպ դասավորվեց։ Պաշտոնական Անկարային, հիշեցնեմ, սաստիկ մտահոգել էր ՀՀ-ում ռազմական հեղաշրջման վտանգը։ Էրդողանը հասկացավ, որ կարող է կորցնել Փաշինյանին, ուստի պատրաստ էր վճռական գործողությունների, ընդհուպ մինչև զորք մտցնելը, բայց նրա եռանդը պաղեցրին Վաշինգտոնում։ Պետդեպարտամենտը եզրակացություն հնչեցրեց այն մասին, որ ՀՀ-ում ռազմական հեղաշրջման վտանգ չկա, և Էրդողանն ու Ալիևը թեթևացած շունչ քաշեցին։ Այսօր ռեժիմի պարագլխի շահերը սպասարկում է 40 ստորագրողներից մեկը։ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն օրերս կոչումի բարձրացում ստացավ և դարձավ գեներալ-լեյտենանտ, հավանաբար այն բանի համար, որ փորձում էր կոծկել տարածքային կորուստները 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ։ Գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի ստորագրությունը նույնպես առկա է 40-ի հայտարարության տակ, կալանավորված է շինծու մեղադրանքով և ճանաչվել է քաղբանտարկյալ։

Վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին քայլերից մեկը նրա հորը՝ Յուրի Խաչատուրովին ձերբակալելն էր, որն այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր ՀՀ քվոտայով։ Կալանավորելիս գեներալից փորձում էին ցուցմունք ստանալ մարտի 1-ի գործով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Հետո կազմակերպվեց դիմակների շոուն լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Մանվել Գրիգորյանի «տուշոնկաների ու սգուշչոնկաների» շուրջ, այնուհետ փորձ արվեց Երևանի ճանապարհին ձերբակալել գեներալ Վիտալի Բալասանյանին, հետո քրեական գործ հարուցեցին գեներալ Արթուր Աղաբեկյանի դեմ։

2018թ. նոյեմբերի 26-ին Թալինում Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե Նիկոլի «հեղափոխությունը» հայ ժողովրդի համար «ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը», անմիջապես արձագանքեցին Հաղթանակի գեներալներն Արցախից: Նոյեմբերի 29-ին Փաշինյանը Ճամբարակում պատասխանեց, որ կզբաղվի նրանցով դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո։ Եվ զբաղվեց. Արցախում սկսվեցին մարտական գեներալների պաշտոնանկությունները ղեկավար պաշտոններից։ Հաղթանակի գեներալների դեմ բռնաճնշումների առաջին ալիքը նախորդեց Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիային: Երկրորդ ալիքը թափ է առնում

Հաղթանակի գեներալների թեմայի արդիականացումը Ա.Քոչարյանի հանձնաժողովի գործունեության հետ կապված՝ բնավ պատահական չէ։ Դա անմիջական կապ ունի Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ալիևի ծրագրերի հետ։ Ալիևը պահանջում է կազմալուծել Պաշտպանության բանակը, վախենալով, որ այն կարող է հակահարված տալ իր ստորաբաժանումներին, ինչը կհանգեցնի մարդկային մեծ կորուստների: Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակն ամենևին էլ կայուն չէ, ուստի ցանկացած կորուստ կարող է հանգեցնել բողոքի զանգվածային ակցիաների։

Նախքան 44-օրյա պատերազմը բանակի վարկաբեկումը չբախվեց հասարակության պատշաճ դիմադրությանը։ Ցեխ շպրտելն ուղեկցվում էր 2016թ.պատերազմի վկայակոչումներով: Ավելի ուշ պարզվեց, որ դեղին մամուլի հրապարակումներն այն մասին, թե իբր՝ 2016թ. ապրիլին զինվորները փայտերով են կռվել, զինտեխնիկայի բաքերը ջուր են լցրել և սովից խոտ են կերել, չեն համապատասխանում իրականությանը: Դա խոստովանեց նաև Ա.Քոչարյանը, ով գլխավորում էր ապրիլյան ագրեսիայի հանգամանքները քննող հանձնաժողովը: Սուտ էին նաև հրապարակումներն այն մասին, թե պատերազմի ժամանակ գեներալ Յու.Խաչատուրովը մարտական հրամաններ տալու փոխարեն վիսկի է խմել ու բիլիարդ խաղացել։

Մենք բազմիցս համեմատել ենք 44-օրյա պատերազմից առաջ տիրող իրավիճակը Քաղաքացիական պատերազմի հերոս զորավարների դեմ ՆԳԺԿ-ի որսի հետ։ Հիտլերի ներխուժումից առաջ Ստալինն ու Եժովը անտառահատարաններում տանջամահ արեցին և ՆԳԺԿ նկուղներում գնդակահարեցին փորձառու զորահրամանատարների մի ամբողջ փայլուն համաստեղություն: Փաշինյանը փորձում էր վարկաբեկել գեներալակազմին 44-օրյա պատերազմից առաջ, իսկ բուն պատերազմի ընթացքում մարտական գործողությունների ղեկավարումից հեռացվեցին բազմաթիվ «ոչ հուսալի» գեներալներ։ Արցախի հերոս Մովսես Հակոբյանը հեռացվեց մարտական գործողությունների թեժ պահին հրամանատարական կետում Աննա Հակոբյանի հայտնվելուն հավանություն չտալու համար:

Գեներալների նկատմամբ բռնաճնշումների երկրորդ ալիքը թափ է հավաքում և պայմանավորված է Արցախի դեմ Ալիևի հաջորդ ագրեսիայի նախապատրաստմամբ, որը եզրափակիչ փուլում կանցնի ՀՀ տարածք և կկտրի Սյունիքը մնացյալ Հայաստանից։ 2020-ի ագրեսիան, դատելով բոլոր նշաններից, համաձայնեցված էր Փաշինյանի հետ. ի՞նչ երաշխիք կա, որ նոր ագրեսիան պայմանավորված բնույթ չի կրի։ Եթե Ալիևին հարցնեին, թե գեներալներից ում կցանկանար տեսնել բանտում, ապա նա անպայման կնշեր Գրիգորի Խաչատուրովին և Միքայել Արզումանյանին։

Հաղթանակի գեներալներին փոխարինելու եկան Նիկոլի կադրերը՝ ի դեմս նախկին իշխանության կողմից պաշտոնազրկված «ռեստորանային գեներալ» Վաղարշակ Հարությունյանի (այժմ ՌԴ-ում ՀՀ դեսպան) և թուրք գեներալների մեծ բարեկամ, 2016-ի պատերազմից հետո ԶՈՒ-ից վտարված Արշակ Կարապետյանի։ Նիկոլը նրան վերադարձրեց բանակ՝ ի երախտագիտություն երկրորդ նախագահի դեմ տված ցուցմունքների համար։ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ադրբեջանցիներին հանձնեց Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը՝ 2020 թվականի դեկտեմբերին ստորագրելով համապատասխան փաստաթուղթ, ըստ որի ՀՀ-ն զրկվեց Իրանի հետ միջպետական ճանապարհը շահագործելու իրավունքից։ Իսկ բացի այդ, Նիկոլի սույն դրածոն դուրս բերեց հայկական ստորաբաժանումները Սանասարից ու Կովսականից։

Ի դեպ, քաղբանտարկյալ Գրիգորի Խաչատուրովը հայ վերջին գեներալն է, որը 2020թ. հուլիսի տավուշյան իրադարձությունների ժամանակ հաղթանակ է տարել ադրբեջանական ԶՈՒ-ի նկատմամբ։ Այնուհետ հաջորդել են միայն պարտություններ