ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Գրանադայի գագաթնաժողովի նախօրեին Եվրոպական Politico համակայքը հրապարակեց սենսացիոն տեղեկատվություն.ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Ադրբեջանի ագրեսիայից երկու օր առաջ ՝ սեպտեմբերի 17-ին Ստամբուլում գաղտնի բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ: Հաղորդագրությունը բովանդակում է, ըստ էության, միանգամից մի քանի սենսացիա. դա և՛ «գաղտնի բանակցությունների» մասնակիցների կազմն է, և՛ մատնանշումը, որ հակամարտության մեջ ներգրավված գրեթե բոլոր կողմերը տեղյակ են եղել նախապատրաստվող ագրեսիայի մասին, և՛, իհարկե, բուն հանդիպումը։

Հավելենք եվս մեկ կարեվորագույն փաստ, որի մասին հայտնի դարձավ օրեր առաջ. Բաքվի ծրագրած ագրեսիայի մասին տեղյակ էր նաև ՀՀ վարչապետի աթոռին բազմած Նիկոլ Փաշինյանը: Այս մասին, հիշեցնեմ, հայտնեց անձամբ Թուրքիայի նախագահը, իսկ Երևանից հերքում չհաջորդեց։ Այսինքն Փաշինյանը տեղյակ էր, բայց բացարձակապես ոչինչ չձեռնարկեց ագրեսորին կասեցնելու և հայրենակիցների կյանքը փրկելու համար, և դա, անկասկած, հաստատում է նրա ակտիվ մասնակցությունը հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության հանցագործությանը։

Վերադառնանք, սակայն, Ստամբուլում տեղի ունեցած գաղտնի հանդիպմանը։ Վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետին՝ համակայքը տեղեկացնում էր, որ հանդիպումը կայացել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակներում, որպեսզի վերջինս դադարեցնի անկլավի իննամսյա շրջափակումը և թույլ տա անցնել Հայաստանից հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյանը: ԱՄՆներկայացուցիչը Լուի Բոնոն էր՝ Պետդեպարտամենտի ավագ խորհրդականը Կովկասում բանակցությունների հարցով, ԵՄ-ն ուղարկել էր իր հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հարցերով հատուկ պատվիրակ Իգոր Խովաևին։

Հետաքրքիր է, որ «գաղտնի բանակցությունների» մասնակից երկրների ներկայացուցիչները չհերքեցին հանդիպման փաստը, սակայն մեկնաբանեցին դա հիմնականում Ռուսաստանի հետ շփումների տեսանկյունից: ԵՄ ներկայացուցիչը հայտարարեց, թե «մենք կարևորում ենք կապուղիների պահպանումը համապատասխան զրուցակիցների հետ՝ թյուրիմացություններից խուսափելու համար»: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել «մասնավոր դիվանագիտական բանակցությունները», բայց ամերիկացի մեկ այլ պաշտոնյա բացատրեց, որ քննարկումները տեղի են ունեցել այն ըմբռնման պատճառով, որ Կրեմլը շարունակում է վերահսկել իրավիճակը տարածաշրջանում:

Ռուսական կողմի մեկնաբանությունները հաջորդեցին մեկ օր անց։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց հետևյալը. «Մեզ դիմեցին ԱՄՆև ԵՄ-ն, խնդրեցին հանդիպում անցկացնել։ Ես կասեի՝ անցկացնել ինչ-որ շփումներ։ Հանդիպման նպատակը հետևյալն էր. կողմերը տեսակետներ են փոխանակել իրավիճակի վերաբերյալ»։ Եվ հավելեց, թե իբր՝ եթե պատմությունը արևմտյան ԶԼՄ-ներում խաղարկվի սադրիչ կերպով, կնշանակի, որ Արևմուտքի նպատակը հերթական սադրանքը ստեղծելն էր։

«Այդ հանդիպման մեջ ոչ մի գաղտնի բան չկա, դա կարծիքների շարքային փոխանակում էր»,- ընդգծեց Զախարովան՝ ասես չնկատելով, թե որքան անհեթեթ է հնչում «կարծիքների շարքային փոխանակման» մասին միտքը՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով ՌԴ-ի և Արևմուտքի սուր առճակատման խորապատկերին:

Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, հայտարարեց, որ շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին ասվում է պարբերականի նյութում: «Այնքան էլ չի համապատասխանում նկարագրվածին։ Այնտեղ շատ անճշտություններ կան, շատ սխալներ կան այդ նյութում»,- ասաց նա։

Ի վերջո, պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայաստանյան ծառայության հարցմանը, ԱՄՆ Պետդեմարտամենտից հայտարարեցին, որ հանդիպումն ուղղված է եղել Լեռնային Ղարաբաղում հրատապ հումանիտար խնդիրների լուծմանը: «Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել ստեղծված իրավիճակում և հանձնառու է աջակցել կողմերին Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»,- հավելեցին այնտեղ: Ինչ խոսք, առավել քան «հումանիտար» ստացվեց արդյունքը…

Մտահոգիչ է առաջին հերթին այն փաստը, որ Արցախի հարցով հանդիպումը կայացել է հենց Թուրքիայում, ինչը վկայում է դրանում թուրքական իշխանությունների ներգրավվածության մասին։ Այդպիսի բանակցությունների վայրի ընտրությունն անխուսափելիորեն կանխորոշել է դրանց բովանդակությունը, և հաջորդած ապոկալիպտիկ իրադարձությունները հստակ ցույց տվեցին դա։ Անկախ նրանից, թե հանդիպման մասնակիցները կատարվածից հետո ինչ են հայտարարում նախնական մտադրություններ մասին, փաստը մնում է անփոփոխ. նրանք բոլորը գիտեին նախապատրաստվող ագրեսիայի մասին և չկասեցրին ագրեսորին:

Ալիևի վրա ի՞նչ ճնշման, միջանցքի ի՞նչ բացման և ի՞նչ մարդասիրական մղումների մասին կարող է լինել խոսքը, եթե աշխարհաքաղաքական երեք խոշորագույն բևեռները փաստացի աջակցեցին Բաքվի և Անկարայի ահաբեկչական «գործողությանը», կամ առնվազն չփորձեցին կանխել աղետը: Իսկ չէ՞ որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների մասին է, որոնք 26 տարի զբաղվել են կարգավորմամբ և չէին կարող չիմանալ հակամարտության ողջ նախապատմությունը։ Չէին կարող չիմանալ, թե ինչ բան է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, և ինչի կհանգեցնի Բաքվի հերթական հանցավոր ագրեսիան։ Ստացվում է՝ գերազանց գիտեին, բայց չկասեցրին։

Կարելի է վստահորեն փաստել, որ Ստամբուլում դավադրություն է նյութվել հայկական Արցախի, հայ ժողովրդի դեմ։ Պատմական բնույթի հանցավոր դավադրություն, որում կողմերից յուրաքանչյուրը ամենացինիկ կերպով քողարկվում է «հումանիտար նկատառումներով» և փորձում մեղքը բարդել մյուսի վրա։ Դավադրություն, որում խաղադրույք էր արվում արդեն ընթացող ցեղասպանության վրա, որն ագրեսորը մտադիր էր շարունակել ռազմական «գործողության» միջոցով:

Եվ նրան չխանգարեցին՝ դրանով իսկ հավանություն տալով։ Որոշումն այն մասին, որ Արցախը զոհաբերվելու է, իսկ այնուհետ՝ նաև ողջ Հայաստանը, իհարկե, ընդունվել է շատ ավելի վաղ, երբ սկիզբ էր առնում այս գլոբալ աշխարհաքաղաքական բեկվածքը։ Բայց Ստամբուլում կայացած հանդիպումը շատ առումներով խորհրդանշական դարձավ, քանզի նշանավորեց հայկական Արցախի վերջնական փլուզումը։ Եվ դրանում միաբան գտնվեցին կողմերը, որոնք այլ հարցերում հանդես են գալիս որպես համաշխարհային աշխարհաքաղաքականության տրամագծորեն հակառակ և թշնամական երկու բևեռներ։

Իսկ ամենագլխավորն այն է, որ դրանում նրանց հետ փաստացի միաբան են Հայաստանի իշխանությունները, որոնք Արցախը թուրքերի երախը նետեցին նույնքան սառնասրտորեն, անտարբեր ու ցինիկաբար, որքան նրանք, ում համար Արցախը Հայրենիք չէ, այլ պարզապես տարածք։ Գրանադայի երեկվա իրադարձություններն ապացուցեցին, որ նույնքան սառնասրտորեն և նույնպիսի ուրախ պատրաստակամությամբ նրանք լայն բացված թուրքական երախն են նետում նաև բուն Հայաստանը, անցնելով ստամբուլյան, արդեն լայն իմաստով՝ դավադրության հաջորդ փուլին։