ԻՆՉՈ՞Ւ ՌԴ 102-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՎԱՅՆԱՍՈՒՆԸ ՉԻ ԶՈՒԳՈՐԴՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՑ ՀՀ-Ն ԱԶԱՏԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

Եվրոպական կուսակցության առաջնորդը, որը մայրաքաղաքի ընտրություններում չկարողացավ նվաճել երևանցիների վստահությունը, օրերս հնչեցրեց հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Անհրաժեշտ է արգելել ռուսական հեռուստաալիքները՝ որպես զանգվածային ոչնչացման միջոց»։ Ի հեճուկս Տիգրան Խզմալյանի՝ հայ հասարակության մտածող հատվածը վաղուց է հասկացել, որ հայերի և հայոց պետականության զանգվածային ոչնչացման միջոցը Փաշինյանն է և ՔՊ-ի արբանյակ կուսակցությունները, որոնց առաջնորդները պարբերաբար հանդիպում են Փաշինյանի հետ, նրանից պահանջելով անհապաղ դադարեցնել ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին և ՀՀ տարածքից դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան։

Ուշադրություն դարձրեք. ոչ մի անգամ Խզմալյանը, Լևոն Շիրինյանը, Արման Բաբաջանյանը և նրա ակտիվ կուստեղակալ Ռուբեն Մեհրաբյանը չեն պահանջել, որ Փաշինյանը ազատի ՀՀ տարածքը ադրբեջանցի զավթիչներից: Ինչո՞ւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման պահանջը չի զուգորդվում ադրբեջանական զավթիչներից ՀՀ-ն ազատելու պահանջով։

Օրերս իշխանական հեռուստաընկերություններից մեկի եթերում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը հնչեցրեց հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Ադրբեջանը չի կարող հարձակվել Սյունիքի վրա նույնիսկ Թուրքիայի աջակցությամբ, հարձակում կարող է լինել միայն Ռուսաստանի հրահրումով»։ Ահավասիկ Սյունիքի վրա Ալիևի ապագա հարձակման «մեղավորն» էլ արդեն նշանակված է։ Իշխող վերնախավը չի էլ թաքցնում, որ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նոր ագրեսիան չհանգեցնի Փաշինյանի տապալմանը։

Ռեժիմի խոսափող Գնել Սարգսյանն օրերս հայտարարեց. «Հայաստանը հեղեղված է օտարերկրյա գործակալներով։ Լայնածավալ ագրեսիայի դեպքում ԱԱԾ-ն պարտավոր է օպերատիվ կարգով ձևավորել ջոկատներ, որոնք կզբաղվեն տարածքների հանձնման մասին խոսողների բացահայտմամբ։ Հակառակորդի լայնածավալ ագրեսիայի պայմաններում ԱԱԾ ջոկատները պետք է գործի դրվեն ապատեղեկատվության տարածման, հանրահավաքների և ներքին ապակայունացման այլ փորձերի դեմ»: Որպես օրինակ՝ խոսափողը վկայակոչեց Ուկրաինան, որտեղ դիակապտիչներին կապում էին անարգանքի սյանը, ակնհայտորեն հավասարեցնելով վերջիններիս նրանց հետ, ովքեր Հայաստանում խոսում են տարածքներ հանձնելու մասին…

Հայերի և հայկական պետականության զանգվածային ոչնչացման միջոցը սորոսաթուրքական 5-րդ շարասյունն է, որն օգնեց Փաշինյանին իրականացնել իշխանության հակասահմանադրական զավթումը 2018-ի գարնանը: Դրա մոլի ներկայացուցիչներից մեկը՝ կեղծ իրավապաշտպան Արթուր Սաքունցը օրերս գրել էր, թե արդեն կես տարի է, ինչ Հայաստանում չի գործում «Բաց հասարակություն» հիմնադրամը։ Այլ կերպ ասած՝ հիմնադրամն արդեն արել է իր գործը, օգնել է Փաշինյանին զավթել իշխանությունը՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու նպատակով, իսկ երբ խնդիրը կատարված է, կարելի է զբաղվել այլ գործերով։

Այն մասին, որ իշխանությունը զավթելու ծրագիրն իրականացվել է Սորոսի հիմնադրամի միջոցով լվացված ալիևյան նավթադոլարներով, խոսելու հարկ չկա։ Գրանտակեր կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք նախքան իշխանության զավթումը ներկայանում էին «քաղաքացիական հասարակության» դերում, արդեն տարրալուծվել են իշխանական կառույցներում։ Մինիմում ծրագիրը կատարված է, ռեժիմն արդեն սկսել է իրագործել Ադրբեջանին Հայաստանի տարածքների հանձնման մաքսիմում ծրագիրը, իսկ դրա համար հարկավոր է ռուսատյաց հիստերիա, ինչը Փաշինյանի ռեժիմը հեշտությամբ կարողանում է բորբոքել սեփական ուժերով, այդ գործում նրան Սորոսի աջակցությունը պետք չէ։

Տարիներ շարունակ ՀՀ տարածքում քաղաքացիական հասարակության անվան տակ գործում էին կազմակերպություններ, որոնց գլխավոր խնդիրը ազգային օրակարգ ունեցող կուսակցությունների վարկաբեկումն էր և գունավոր հեղափոխության նախապատրաստումը ԿՀՎ սցենարով։

Այսօր հայկական պետականության ոչնչացման առաջին փուլն ավարտված է, ռեժիմը ձեռնամուխ է եղել երկրորդ փուլի իրականացմանը, ուստի իշխանության օրակարգի առաջին կետը ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելումն է ՀՀ տարածքում։ Փաշինյանը կարծում է, թե ՌԴ-ի դեմ կոպիտ հարձակումները կուժգնացնեն հավաքական Արևմուտքի աջակցությունն իր ռեժիմին։

Այդ աջակցությունը նրան անհրաժեշտ է։ Ռեժիմի պարագլուխը աթոռին նստած մնաց նաև սեպտեմբերի 19-20-ի արցախահայության ցեղասպանությունից և բռնի տեղահանումից հետո։ Այսօր, երբ թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը տեղափոխվել են ինքնիշխան Հայաստանի տարածք, նա ամենից շատ վախենում է համաժողովրդական ապստամբությունից. վախենում է, որ ժողովուրդը պայքարի կելնի արտաքին և ներքին թշնամու դեմ:

Ստեղծված իրավիճակը վերլուծական հանրության ներկայացուցիչներին ստիպեց զբաղվել այն հարցի պատասխանի որոնումներով, թե ինչո՞ւ հանրապետականների իշխանությունն աջակցությունից զուրկ մնաց սորոսաթուրքական 5-րդ շարասյան կողմից իշխանության զավթման փուլում։ Արևմուտքի դիրքորոշումը հասկանալի է. երրորդ նախագահին չներեցին ՀՀ անդամակցումը ԵԱՏՄ-ին։ Սերժ Սարգսյանը մի առիթով հայտարարեց, որ պարտվել է ոչ թե ներկայիս ռեժիմի վերնախավին, այլ «շատ ավելի ուժեղ մարդկանց և ուժերի, որոնք գոյություն ունեն ինչպես Արևմուտքում, այնպես էլ Հյուսիսում»։ Այն հանգամանքը, որ Ռուսաստանը 2018-ին աջակցել է իր հակառակորդներին, ՀՀԿ առաջնորդը բացատրեց նրա սխալ հաշվարկով։

Առ այսօր բազմաթիվ վերլուծաբաններ ելնում են նրանից, որ Մոսկվան 2018-ին չէր ծրագրել իշխանափոխություն, այլ պարզապես ցանկանում էր պատժել Սարգսյանին՝ Կրեմլի բոլոր հրահանգները չկատարելու համար: Երբ Կրեմլում ուշքի եկան, արդեն ուշ էր, իսկ 5 տարի անց ՌԴ-ն հասկացավ, որ հանձին Փաշինյանի ստացել է ամենաստորիկ գործիքը, որ երբևէ օգտագործել է Արևմուտքը իրեն վարկաբեկելու նպատակով։ «Թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչին» Փաշինյանի ստորաքարշ դիմումներին փոխարինել են անթիվ լուտանքները՝ որպես դավաճանի ռեժիմի դեմ հայ ժողովրդի պայքարն իբրև «օրինական ընտրված իշխանությանը» տապալելու Մոսկվայի փորձ ներկայացնելու միջոց։ Ռեժիմի պարագլուխը ցանկանում է ցույց տալ, թե իրեն դեմ է ոչ թե ժողովուրդը, այլ Մոսկվայի վարձած 5-րդ շարասյունը…

Նիկոլական քարոզչամեքենայի շնաձկներն արդեն հարձակման են անցել կոնկրետ անձանց դեմ՝ պախարակելով նրանց, ովքեր 5 տարի պայքարել են դավաճանի ռեժիմի դեմ։ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն օրերս քննադատեց կալանավորված հասարակական գործիչ Նարեկ Մալյանին՝ ՀՀ-ում Սորոսի հիմնադրամի ներկայության դեմ նրա ակցիաների համար, վերագրելով դրանք Մոսկվայի հրահանգներին, իսկ վերոնշյալ Շիրինյանը կողմ արտահայտվեց արտակարգ դատարաններին՝ «ռուսական 5-րդ շարասյան ներկայացուցիչների հարցերը լուծելու համար»։ Ավելի վաղ այս վայ-գործիչը կոչ էր արել արգելել ռուսալեզու պրոֆեսորական կազմի գործունեությունը, այժմ կոչ է անում փակել ռուսալեզու դպրոցներն ու ռուսական հեռուստաալիքները։ Քաղաքական ձախողակը, ամենայն հավանականությամբ, օր ծերություն կարոտել է ստալինյան «տռոյկաներն» ու գնդակահարությունները ՆԳԺԿ նկուղներում…

Փաշինյանը գերազանց գիտակցում է, որ հավաքական Արևմուտքի աջակցությունն իր ռեժիմին գոյություն ունի միայն խոսքերով, իրականում նրա ապավենը միայն մորեգույն ու սև բերետավորներն են։ Ցուցանշական է, որ հենց արևմտյան վեկտորի կողմնակիցներն են Հայաստանում հանդես գալիս ի պաշտպանություն քաղաքական բռնաճնշումների և արդարացնում մորեգույն ու սև բերետավորների բռնությունները երկրի քաղաքացիների նկատմամբ: ՔՊ-ի արբանյակների՝ 1% վարկանիշ ունեցող փոքրիկ կուսակցությունների առաջնորդները բացահայտ հանդես են գալիս բռնաճնշումների օգտին՝ նրանց նկատմամբ, ովքեր համամիտ չեն ռեժիմի քաղաքականությանը, որն ուղղված է արտաքին քաղաքական վեկտորը փոխելուն։

Քաղաքական ու հասարակական գործիչները, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, վայրկենապես գամվում են անարգանքի սյանը, նրանց մեղադրում են, թե «վաճառում են իրենց հայրենիքը»։ Վերջերս փաշինյանական հեռուստաալիքներից մեկի եթերում նման մեղադրանքով հանդես եկավ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Անահիտ Ադամյանը։

«ԱՐԳԵԼԵԼ ԵՎ ԹՈՒՅԼ ՉՏԱ՛Լ». ահա այսպիսի տեսք ունի Սորոսի և իշխող ռեժիմի հետևորդների գլխավոր կարգախոսը, որոնք կարծում են, թե ընկել են ժխտողականության ոսկու երակի վրա, որը կօգնի իրենց ինքնահաստատվել գործող քաղաքական գործիչների կարգավիճակում։ Ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն արգելելու հրապարակային կոչերը չեն արտացոլում հայ հասարակության դիրքորոշումը, այդ կոչերը այլընտրանքային կարծիքի դեմ ռեժիմի պայքարի մասն են: Բոլոր բռնապետերի պես՝ Փաշինյանը չի հանդուրժում այլընտրանքային դիրքորոշման առկայություն, ուստի որոշել է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ տարածքում։ Ռեժիմի վերնախավն ուզում է, որ հայ քաղաքացիների մտքի վրա ազդեն միայն Գնել Սարգսյանի կարգի քարոզիչները։

«Պետք է արմատախիլ անել ամեն ռուսականը հայ իրականությունից»,- կոչ արեց Շիրինյանը, սակայն տրամաբանական ավարտին չհասցրեց այդ միտքը։ «Պետք է արմատախիլ անել ամեն ռուսականը հայ իրականությունից, քանի որ թուրքական վիլայեթի բնակչությանը ամեն ռուսականը պետք չէ, ինչպեսև ամեն հայկականը»։

Ռեժիմի կողմից սերմանվող ռուսատյաց հիստերիայի գագաթնակետը դարձավ իշխանությունների դեմ «Հյուսիսային տերևաթափ» անվանումով «ահաբեկչական գործողության» հրահրողների «բացահայտումը» ԱԱԾ-ի կողմից։ Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը բնորոշեց ԱԱԾ գործողությունները որպես «շոու»: Հյուսիսի հիշատակումն ուղղակի ակնարկ է բովանդակում Ռուսաստանի մասին, իսկ ԱԱԾ-ի ներկայացրած ձայնագրությունը կոչված է համոզելու քաղաքացիներին, թե հրահրողները խոսում են Արցախի բարբառով։

5 անձ ձերբակալված է: Ավելի վաղ Արմեն Աբազյանը Փաշինյանի հրամանով կազմակերպել էր «սատանայի ծառաների» որս, հետո «լրտեսների ու դավաճանների» մի ամբողջ կույտ բռնեց, հիմա հերթը հասել է «ահաբեկիչներին», որոնք ֆինանսավորվում են արտասահմանից։ Այս շոուն կոչված է արձակելու ռեժիմի ձեռքերը նոր բռնաճնշումների համար՝ նրանց նկատմամբ, ովքեր համամիտ չեն ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության ոչնչացմանն ուղղված քաղաքականությանը։

Ըստ լուրերի՝ չկայացած «ահաբեկիչների» շարքում են «Ազգային-ժողովրդավարական բևեռ» («Սասնա ծռեր») կուսակցության անդամները։ Ինչո՞ւ ոչ ոք չհետաքրքրվեց, թե ով էր հովանավորում Վարուժան Ավետիսյանի և Պավլիկ Մանուկյանի խմբին 2016-ի ամռանը ՊՊԾ գունդը գրավելիս:

Իշխանության ներկայացուցիչներն անմիջապես զուգահեռներ անցկացրեցին չկայացած ահաբեկչության և 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանի գնդակահարության միջև։ ՔՊ խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը հայտարարեց, թե 1999-ին հատուկ ծառայությունները տեղյակ են եղել նախապատրաստվող ահաբեկչության մասին, սակայն չեն կանխել դա, իսկ ներկայիս ահաբեկչությունը կանխվել է: Պատճառն այն է, որ ներկայիս հատուկ ծառայությունները, ըստ պատգամավորի, գործում են ի շահ հայ ժողովրդի:

Նախապատրաստվող ահաբեկչության «բացահայտման» մտահղացումը բնավ այնքան անվնաս չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Դատելով ամենից, Արցախում Ալիևի «հակաահաբեկչական գործողությունից» հետո Փաշինյանը ձեռնարկել է իր սեփական «հակաահաբեկչական գործողությունը» Հայաստանում: Չեմ զարմանա, եթե չկայացած ահաբեկչության գործի քննությունը հանգեցնի Փաշինյանի քաղաքական հակառակորդների ձերբակալության։ Քաղաքական տոտալ բռնաճնշումների պայմաններում դժվար չէ կռահել այս շոուի իրական շարժառիթները