ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՑԱՍՄԱՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԸ. Ի՞ՆՉՆ Է ՍԽԱԼ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ

Վրդովմունքի ահռելի ալիք առաջացրեց, մասնավորապես՝ սոցցանցերի հայկական հատվածում, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը ռուս խաղաղապահների վերաբերյալ։ «Ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ կատարել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում։ Բացի այդ, զինվորականները մշտական փոխգործակցություն են պահպանում Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության անվտանգության ապահովման և հումանիտար իրավունքի նորմերի պահպանման համար»։

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ», ԻՀԱՐԿԵ, ԱՆԱՍԵԼԻ ՏՊԱՎՈՐԻՉ Է ՀՆՉՈՒՄ։ Ոչ պակաս տպավորիչ է «խաղաղ բնակչության անվտանգության ապահովման և հումանիտար իրավունքի նորմերի պահպանման» մասին արտահայտությունը, երբ Արցախը Բաքվի ցեղասպան գործողությունների արդյունքում երկու օրում գործնականում էթնիկ զտման ենթարկվեց խաղաղ հայ բնակչությունից՝ վերածվելով ուրվական տարածքի։

Ամենից շատ, սակայն, զարմացնում է մեկ այլ բան. ռուսական, այժմ արդեն պաշտոնական հռետորաբանությամբ «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջան» բնորոշման գործածման համատեքստում մեր համաքաղաքացիների վրդովմունքի սայրը ուղղվեց գրեթե բացառապես հենց Ռուսաստանի դեմ՝ բորբոքելով առանց այդ էլ թեժ հակառուսական տրամադրությունները։

Մինչդեռ, ցանկանում եմ հիշեցնել, վերոնշյալ բնորոշումն ի հայտ է եկել բնավ ոչ այսօր, և ոչ էլ Ռուսաստանն է դրա հեղինակը։

Դեռևս 2021 թվականին Ադրբեջանը երկնեց այսպես կոչված վարչական բարեփոխում՝ ծանուցելով 8990 քառ. կմ տարածքով նոր Ղարաբաղյան տնտեսական շրջանի ձևավորման մասին՝ ավելի քան 900 հազար բնակչությամբ: Հայաստանի հետ սահմանակից Լաչինի շրջանը ներառված չէր նորաստեղծ Ղարաբաղի տնտեսական շրջանի կազմում, սակայն դրանում ընդգրկված էին կենտրոնական Ադրբեջանի հարակից շրջանները: Այսպիսով, Ղարաբաղի տնտեսական շրջանը զրկվում էր Հայաստանի հետ ցամաքային սահմանից, իսկ ադրբեջանցիներն այնտեղ ստանում էին քանակական ճնշող գերազանցություն։ Արդեն այն ժամանակ պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի քաղաքականության նպատակը առավելագույնս սեղմ ժամկետներում ԼՂՀ ողջ տարածքի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողության հաստատումն էր։ Այնուհետ հաջորդեց Արցախի բազմամսյա շրջափակումը, որն իր բարբարոսությամբ ու դաժանությամբ լիովին համապատասխանում էր ցեղասպանության բնորոշմանը, Բաքվի ռազմական ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և Արցախի իսպառ հայաթափությունը երկու օրում։

Ինչպե՞ս արձագանքեցին Հայաստանի իշխանությունները շրջանառության մեջ դրված «Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջան» հասկացությանը այն ժամանակ՝ 2021 թվականին։ Որևէ մեկը հիշո՞ւմ է, որ վարչապետ Փաշինյանը կամ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն արած լինի այդ առիթով։ Փաշինյանական իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը միջազգային հարթակներում հրապարակայնորեն վրդովվե՞լ է նման բնորոշման առնչությամբ։ Ասե՞լ է՝ ախր այդ ինչ «Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջանի» մասին է խոսքը։

Ինչ-որ կոնկրետ քայլեր ձեռնարկե՞լ են արդյոք ՀՀ իշխանություններն ի պատասխան Իլհամ Ալիևի այն ժամանակվա հայտարարությունների, թե Ադրբեջանը պատրաստ է գործի դնել ռազմա-ուժային մեթոդներ՝ ԼՂՀ ողջ տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու և Հայաստանի ներկայիս սահմանները փոփոխելու համար: Ի՞նչ ձեռնարկեց պաշտոնական Երևանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի լպիրշ հայտարարության, թե «սահմանը կանցնի այնտեղով, որտեղով մենք հարկ կհամարենք»։

Կարելի է երկար դատողություններ անել այն մասին, թե Ռուսաստանը «քցեց» իր դաշնակցին, վերլուծել Արցախում ՌԽԶ-ի պատասխանատվության գոտու սահմանազատման գծի անորոշության պատճառները և հստակության բացակայությունը ֆորսմաժորային իրավիճակներում խաղաղապահների գործողությունների նախորոշման հարցում, ընդ որում մի կողմ թողնելով հայկական ղեկավարության պատասխանատվության բուն փաստը։ Երբ գործողությունների փոխարեն լավագույն դեպքում ականատես ենք եղել անգործություն, իսկ վատթարագույն դեպքում՝ հայտարարությունների և գործողությունների, որոնք աշխատել են հօգուտ Ադրբեջանի ու իր «վարչական բարեփոխման»։

Եկեք հիշենք, որ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման՝ 2021-2022 թվականներին զավթած հայկական սահմանամերձ տարածքներից Ադրբեջանի զորքերի դուրսբերման պայմանով։ Արդեն այն ժամանակ, պետք է ենթադրել, տեղյակ լինելով Բաքվի վերոնշյալ «վարչական բարեփոխման» մասին, Փաշինյանը մի բառ անգամ չասաց Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, չբարձրացրեց ԼՂՀ կարգավիճակի հարցը և այլն։ Դրան հաջորդեցին Պրահայում Հայաստանի վարչապետի ցնցող հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ՝ Արցախի ներառմամբ, և դրանց գրավոր հաստատումը վերջերս Գրանադայում՝ առանց Ալիևի մասնակցության, որը, ի տարբերություն Փաշինյանի, ոչ մի բանի տակ չի ստորագրել և Գրանադայում հանդիպմանն էլ չի ներկայացել։ Նույն այդ շարքում է սույն թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Բաքվի ռազմական ագրեսիայի համատեքստում Փաշինյանի հայտարարությունը՝ անջրպետման ցուցադրմամբ։

Այսօր Ադրբեջանը վերջնագրի տեսքով արդեն պահանջում է Հայաստանի Հանրապետության տարածքները (այսպես կոչված՝ անկլավները), իր սովորական (և, ինչպես պարզվում է, միանգամայն գործող) ոճով սպառնալով պատերազմով, և բնավ փաստ չէ, որ չի ստանա դրանք՝ խաղաղության դարաշրջանի, «խաղաղության խաչմերուկի» ու այլևայլի մասին Փաշինյանի ու իր թիմի անհոգացնող ճառերի ներքո։ Եվ եթե վաղը Հայաստանի նկատմամբ գործածության մեջ դրվի «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը, արմատավորվելով քաղաքական հռետորաբանության մեջ և ներվելով Ալիևին՝ ճիշտ այնպես, ինչպես ներվեց «Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջան» բնորոշումը՝ հայկական ղեկավարության լիակատար հնազանդության պայմաններում, ո՞ւմ է գլխավոր մեղավոր նշանակելու հայ հասարակությունը։ Պուտինին, Բայդենին, Մակրոնին, թե՞ Շառլ Միշելին։ Ո՞ւմ, կցանկանայինք իմանալ…