ՄԵՐ ՀՈԳՍԵՐԻ ՁՄԵՌԸ

Ինչո՞վ կավարտվեն Վաշինգտոնի փորձերը՝ համոզելու Երևանին ու Բաքվին, որ խաղաղության պայմանագիր կնքեն արդեն դեկտեմբերին։ Պայմանագիր, որը թույլ կտա Բաքվին թղթի վրա ամրագրել նվաճածը։ Այսինքն՝ ստանալ Երևանի ստորագրությունը Արցախի որևէ իրավունք պաշտպանելուց հրաժարման տակ։ Բայց Բաքվի ակնկալիքը միայն դա չէ։ Նա դեմ չէ նաև ստանալ փաստաթուղթ, որն իրեն թույլ կտա հետագայում այլ պահանջներ էլ ներկայացնել Հայաստանին։ Ամենից իրականը՝ «անկլավների» հարցը։ Եվս 8 գյուղ է ուզում Ադրբեջանը խլել Հայաստանից՝ ի հավելումն նրանց, որոնք արդեն վերահսկում է։

Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՍՏԱՆԱԼ ԵՐԵՎԱՆԸ։ Փաստաթուղթ, որն իշխանությունները կկարողանան ներկայացնել հայ հասարակայնությանը իբրև իրենց դիվանագիտական նվաճում։ Իբրև թուղթ, որը տևական խաղաղություն է երաշխավորում Հայաստանին։ Ընդ որում իշխանությունները հասկանում են, որ Ադրբեջանի հետ խաղաղություն երաշխավորող այդպիսի «հավերժական» թուղթ առհասարակ չի կարող լինել։ Մանավանդ որ Բաքուն և Անկարան կոնկրետ ծրագրեր ունեն ցած նետելու Հայաստանը մինչև ամեն ինչում խոնարհ խամաճիկի մակարդակի։ Նահանջել նրանք մտադիր չեն, և հաստատ ոչ մի թուղթ, ով էլ ստորագրած լինի դա, չի կարող նրանց համար հիմք ծառայել հրաժարվելու ագրեսիվ ծրագրերից։

Վաշինգտոնը ձգտում է արագացնել գործընթացը։ Վաշինգտոնը Բաքու է ուղարկում Բլինկենի օգնական Օ’Բրայընին, որպեսզի նա Ալիևին համոզի հաշտվել Հայաստանի հետ։ Թուրքական ԶԼՄ-ներն իրենց հերթին գրում են, որ Վաշինգտոնն Անկարայից պահանջում է չաջակցել Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտության մեջ, հակառակ դեպքում Անկարան չի ստանա ամերիկյան նորագույն կործանիչները։

Խնդիրը այն է, որ թեև Վաշինգտոնը Բաքվի և Անկարայի հետ իբր կոշտ է խոսում, բայց «հողի վրա» արդյունքները քիչ են։ Եթե չասենք, որ այդ «կոշտ խոսակցությունները» հաճախ պարզապես հակառակ ազդեցություն են գործում։ Եվ երբ այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի օգնական Ջեյմս Օ’Բրայընն ասում է, թե Վաշինգտոնը չի հանդուրժի դեպի Նախիջևան «միջանցք» բացելու նպատակով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, բոլորը հիշում են Բլինկենի արդեն նախկին օգնական Յուրի Քիմի հայտարարությունները, թե Վաշինգտոնը չի հանդուրժի Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ… Բոլորին է հայտնի, թե ինչ ճայթեց ընդամենը մի քանի օր անց։ Բառերը երգից դուրս չես նետի. կցանկանայինք, բայց անհնար է։

Վաշինգտոնը, ինչպես տեսնում ենք, «հանդուրժեց»։ Հանդուրժում է նաև թուքումուրը Բաքվի կողմից, որը մեղադրեց USAID-ին Ադրբեջանում որոշ նախագծերի անօրինական ֆինանսավորման մեջ, սպառնաց արգելել կազմակերպության գործունեությունն Ադրբեջանում, հանրապետության ԱԳՆ կանչեց ամերիկյան ժամանակավոր հավատարմատարին… Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես եկավ նաև Վաշինգտոնին հասցեագրված սպառնալից հայտարարությամբ, մեղադրելով վերջինիս Ադրբեջանի նկատմամբ կանխակալ մոտեցման մեջ, իսկ Ալիևի աշխատակազմը Բլինկենի հետ նրա խոսակցությունից հետո տարածեց մամլո հաղորդագրություն, համաձայն որի՝ Բլինկենը խնդրել է Ալիևին ընդունել Օ’Բրայընին բացատրությունների համար, և ադրբեջանական բռնակալը ողորմածաբար համաձայնվել է լսել ամերիկյան կողմի պարզաբանումները…

Ինչո՞ւ են ամերիկացիները շտապում։ Հայերի ու Հայաստանի նկատմամբ տածած մեծ սիրո՞ւց։ Քիմ Քարդաշյանի և Լիլիթ Մակունցի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ՝ դժվար թե։ Բանն այլ է, իհարկե, ամերիկացիները նույնպես հասկանում են, որ ոչ մի թուղթ երկար կյանք չունի։ Բայց Վաշինգտոնը շտապում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, փոխարինելով թուլացած ռուսական դիրքերին։ Թուլացած՝ ոչ վերջին հերթին շնորհիվ Փաշինյանի կառավարության քաղաքականության, դրա համար էլ Սպիտակ տունն ուզում է գոնե մի ինչ-որ թղթով մխիթարել ու խրախուսել նրան…

Բոլորն էլ հասկանում են, թե ով և ինչի է ձգտում հասնել։ Ինչի վրա էլ խաղում է Ալիևը, հանդգնաբար խոսելով Վաշինգտոնի հետ, իմանալով, որ և՛ Մոսկվայում, և՛ Իրանում հավանություն կտան իր հակաամերիկյան դեմարշներին։ Ալիևն ակնարկում է ամերիկյան դիվանագետներին. եթե ինձանից ինչ-որ բան եք ուզում, ապա ձեզ քաղաքավարի պահեք, իսկ մենք դեռ կտեսնենք, թե ինչ կարող եք մեզ առաջարկել այն երկրի հաշվին, որը գլխավորում է իմ կլիենտ Նիկոլ Վովայի Փաշինյանը։