Ի՞ՆՉ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՄՆ-Ը ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԵՎ ՈՒ՞Մ ԴԵՄ Է ԱՅՆ ՈՒՂՂՎԱԾ

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սառը պատերազմի ավարտից և ԽՍՀՄ փլուզումից հետո, ձևավորվեց նոր աշխարհակարգ՝ ամերիկյան գերիշխանությամբ: Աշխարհում սեփական դիրքերը ամրապնդելու և նոր ձևավորված երկրներում ազդեցության տարածման նպատակով ԱՄՆ-ը սկսեց ակտիվ աշխատել 15 նորանկախ պետությունների, այդ թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնության հետ։

Եթե Խորհրդային Միության գոյության տարիներին Միացյալ Նահանգները աշխատում էր բացառապես Մոսկվայի հետ, ապա այժմ Միացյալ Նահանգները նորանկախ երկրների հետ ուղիղ հարաբերություններ հաստատելու և ցանկացած հարց նրանց հետ անմիջականորեն քննարկելու և լուծելու հնարավորություն ստացավ։ Այս համատեքստում, Միացյալ Նահանգների շահերից էր բխում կանխել այս երկրներում ավտորիտարիզմի հաստատումը՝ խթանելով ժողովրդավարական կառավարման մոդելի ներդրումն ու ազատականացված տնտեսության ձևավորումը։ Այս նպատակներին հասնելու համար ԱՄՆ Սենատը 1992թ. հուլիսին, իսկ Ներկայացուցիչների պալատը նույն թվականի օգոստոսին ընդունեցին Ազատության աջակցության ակտը, որը 1992թ. Հոկտեմբերի 24-ին ստորագրվեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից և օրենքի ուժ ստացավ։

Այս ակտը հատկապես կարևոր նշանակություն ստացավ Հայաստանի համար, քանզի ակտում ներառվեց այսպես կոչված 907-րդ բանաձևը (հոդվածը), որով փաստացիորեն արգելվեց Ադրբեջանին ցանկացած տեսակի օգնության տրամադրումը. «Միացյալ Նահանգները չի կարող այս կամ ցանկացած այլ ակտի շրջանակում օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի պարզել և տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում դադարեցնելու համար շրջափակումը և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

907-րդ բանաձևի ընդունումը դարձավ ԱՄՆ-ում հայ լոբբիստների և հայկական համայնքի մեծագույն ձեռքբերումներից մեկը, որի պատճառով շուրջ 10 տարի Ադրբեջանը 15 նորանկախ պետություններից միակն էր, որը զրկված էր օգնություն ստանալու հնարավորությունից։

2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությունը փոխեց Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական առաջնահերթությունները, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշը հայտարարեց գլոբալ պայքար ահաբեկչության դեմ և միջազգային կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ գլխավորությամբ ներխուժեցին Աֆղանստան։ Հակաահաբեկչական ջանքերին սատարելու նպատակով Միացյալ Նահանգները սկսեց առանձին աջակցություն տրամադրել Աֆղանստանի անմիջական հարևան ու մոտ երկրներին, որոնց թվում էր Ադրբեջանը։ Քանի որ 907-րդ բանաձևը խոչընդոտում էր Ադրբեջանին օգնության տրամադրմանը, որոշում կայացվեց շրջանցել այն։ 2001թ. հոկտեմբերի 24-ին Սենատն ընդունեց Օտարերկրյա հատկացումների 2002թ. ակտը՝ հնարավորություն տալով ԱՄՆ նախագահին յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907-րդ բանաձևը՝ անվտանգային օգնություն տրամադրելով Ադրբեջանին՝ ազգային անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով, այն դեպքում, երբ.

«1) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ-ի ջանքերին՝ ﬕջազգային ահաբեկցհությանը հակազդելու համար,

2) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ զինված ուժերին կամ կոալիցիոն գործընկերների գործնական պատրաստվածությանը` միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար,

3) կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար,

4) չի խաթարվի կամ չի խոչընդոտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացը և դրանց շարունակական ջանքերը և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

907-րդ բանաձևի շրջանցումն առաջին անգամ իրականացվեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կողմից 2002թ. հունվարի 25-ին՝ այսպիսով վերացնելով ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրման աջակցության արգելքը։

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

907-րդ բանաձևի շրջանցումը Միացյալ Նահանգներին վերջապես հնարավորություն տվեց անարգել օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Բանաձևի շրջանցումից ի վեր՝ սկսած 2002-ից, Ադրբեջանը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 395 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն անվտանգային ոլորտում, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանին տրված անվտանգային օգնությունը նույն ժամանակահատվածի համար: Հայաստանին տրամադրվող անվտանգային օգնությունը կազմում է մոտ 218 միլիոն ԱՄՆ դոլար։

Ընդհանրապես, Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրվող անվտանգային օգնությունն ուղղված է 3 հիմնական նպատակների։ Նախ, շուրջ 20 տարի Միացյալ Նահանգները գործողություններ է իրականացրել Աֆղանստանում, ինչը համարվում է ԱՄՆ պատմության ամենաերկարատև պատերազմը։ Աֆղանստանում ԱՄՆ ներգրավվածության առումով Ադրբեջանն ուներ իր կարևորությունը, քանզի այն ռազմավարական հաբ էր ԱՄՆ-ի համար դեպի Աֆղանստան զենքի, զինամթերքի և այլ մատակարարումներ իրականացնելու տեսանկյունից։ Երկրորդ, ԱՄՆ-ն անվտանգային աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ որպես Իրանին սահմանակից երկիր։ Այս օգնությունն առավելապես ուղղված է Ադրբեջանի և Իրանի միջև սահմանի ամրացմանը։ Եվ երրորդ, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրված անվտանգային օգնությունը ուղղված է Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը։

Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրվող անվտանգային ոլորտի աջակցությունը, մասնավորապես, մեծ անհանգստություն առաջացրեց 2018- 2019թթ., քանի որ միայն այդ տարիների ընթացքում Ադրբեջանը ստացավ ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլարի անվտանգային աջակցություն։ Համեմատության համար նշենք, որ վերոհիշյալ երկու տարիների ընթացքում Հայաստանը ստացել է մոտ 8 միլիոն ԱՄՆ դոլարի անվտանգային աջակցություն։ 2018-2019թթ. Ադրբեջանի կողմից ստացված անվտանգային աջակցության 98%-ը ուղղված է եղել « Գործընկեր պետության հզորությունների զարգացման 333-րդ բանաձև» ծրագրին։ Այս ծրագիրը ուղղված է հակաահաբեկչական, ծովային և սահմանային անվտանգության, ռազմահետախուզական օպերացիաների և համաշխարհային կոալիցիոն օպերացիաներին աջակցող գործունեության իրականացմանը։ Այս ծրագրի շրջանակում 2018-2019թթ. Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է 59 մոտորային նավ և այլ ռազմածովային սարքավորումներ, 60 կվադրոցիկլներ և այլ փոխադրամիջոցներ, 401 տեսահսկման ռադիոտեղորոշիչ և այլ սարքավորումներ և 450.516 զրահաբաճկոն և այլ անհատական սարքավորումներ։

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրվող անվտանգային օգնությունը միտված չէ Հայաստանի դեմ օգտագործմանը, ինչը նաև ամրագրված է 907-րդ բանաձևը շրջանցող փաստաթղթում։ Այս օգնությունն առավելապես ուղղված է վերոհիշյալ նպատակների իրագործմանը, ինչը նաև հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Վերջինս խոսքերով. «Ադրբեջանին տրամադրվող օգնությունը ռազմական օգնություն չէ, այլ հակաահաբեկչական օգնություն, որը կոչված է օգնելու Ադրբեջանին Իրանի հետ սահմանի ապահովման գործում և լուծելու հակաահաբեկչական խնդիրները, որոնց շուրջ ԱՄՆ-ը և Ադրբեջանը մտավախություններ են կիսում»։ Բացի այդ, Ադրբեջանին հատկացվող օգնության մեծ մասը ուղղվում է Ադրբեջանի ռազմածովային ուժերին և Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը, որն ինքնին նվազեցնում է այն ռիսկը, որ այդ օգնությունը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ, որը չունի ելք դեպի ծով։

Այնուամենայնիվ, նկատելի է, որ 2020-ից հետո Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնության ծավալները զգալիորեն նվազել են, ինչը հիմնավորապես պայմանավորված է նաև Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանից զորքի դուրսբերման հանգամանքով: Բնական է, որ Աֆղանստանը լքելուց հետո Ադրբեջանի կարևորությունը Միացյալ Նահանգների համար էապես նվազել է։

Չնայած վերոհիշյալ օգնության տրամադրման համար կարևոր բաղադրիչ է, որ այդ օգնությունը «չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով», եղել են դեպքեր, երբ անուղղակիորեն այդ օգնությունը վնասել է Հայաստանին։ Խոսքը, մասնավորապես, այն ծրագրերի մասին է, որոնց շրջանակներում ադրբեջանցի ռազմական ոլորտի մասնագետները հնարավորություն են ստանում վերապատրաստում կամ կրթություն ստանալու ԱՄՆ-ի առաջատար ռազմական կրթական հաստատություններում, երկու խոշոր ծրագրերի՝ «Միջազգային անվտանգային կրթություն և վերապատրաստում» և «Ահաբեկչության դեմ պայքարի կրթաթոշակային ծրագիր» նախագծերի միջոցով։ 2002-2019թթ. ընթացքում մոտ 5100 ադրբեջանցի զինվորական վերապատրաստում կամ կրթություն է ստացել ԱՄՆ-ում։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում մոտ 2680 հայ զինվորական է վերապատրաստվել ԱՄՆում, ինչը զգալիորեն քիչ վերապատրաստում ստացած ադրբեջանցի զինվորականների համեմատ։

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ում վերապատրաստված ադրբեջանցի զինվորականները, կրթություն ստանալով ամերիկյան առաջատար ռազմական հաստատություններում, հետագայում մասնակցություն են ունենում Հայաստանի դեմ ռազմական գործողություններին: Այս ամենի վերաբերյալ հստակ ապացույցներ ձեռք բերվեցին 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ բացահայտվեց, որ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարձակման ժամանակ սպանված ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպաներ ուսանել էին ԱՄՆ-ում՝ Ադրբեջանին տրամադրված անվտանգային օգնության շրջանակներում։ Մեկը՝ փոխգնդապետ Մուրադ Միրզաևն էր, որը ուսանել էր Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի անվտանգային լեզվաբանական ինստիտուտում և մասնակցել Վիրջինիայի ռազմածովային ուժերի սպայական հատուկ դասընթացներին, մյուսը՝ փոխգնդապետ Վուգար Յուսիֆովն էր, որը ուսանել էր Արիզոնա նահանգի ռազմական հետախուզության կենտրոնում։ Սա, ըստ էության, 907-րդ բանաձևի կոպիտ խախտում է ադրբեջանական իշխանությունների կողմից:

Կառավարության հաշվետվողականության գրասենյակը, որը ԱՄՆ կառավարական մարմին է, իր 2022թ. զեկույցում անդրադարձել է 907-րդ բանաձևի շրջանցման խախտումներին։ Ըստ զեկույցի` 2014-2021 ֆիսկալ տարիների ընթացքում Կոնգրեսին տրամադրվող զեկույցում Պետքարտուղարությունը չի անդրադարձել շատ կարևոր հարցի, այն է՝ առաջարկվող անվտանգային աջակցության ազդեցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև անվտանգային հավասարակշռության վրա։ 907-րդ բանաձևի շրջանցմամբ օգնություն տրամադրելիս չի արձանագրվել այն, ինչ պահանջվում էր շրջանցման փաստաթղթով։ Օրինակ, գործակալությունները չեն արձանագրել, թե ինչպես են որոշել, որ իրենց օգնության ծրագրերը չեն օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։ Այս զեկույցով փաստացիորեն հաստատվում է, որ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին անվտանգային օգնություն տրամադրելու մասին որոշումները ոչ միշտ են իրականացվում 907-րդ բանաձևը շրջանցող փաստաթղթի համաձայն։ Ուստի, Կոնգրեսը Ադրբեջանին տրամադրվելիք օգնություն հաստատելիս սովորաբար չի տիրապետում ամբողջ տեղեկատվությանը, ինչի արդյունքում տեղի են ունենում 907-րդ բանաձևի շրջանցման փաստաթղթի խախտումներ։

Այսպիսով, Միացյալ Նահանգները Ադրբեջանին անվտանգային ոլորտի օգնություն տրամադրում է երեք հիմնական նպատակներով, որոնք ԱՄՆ-ի համար արտաքին քաղաքական և անվտանգային առաջնահերթություններ են։ Մասնավորապես, Իրան-Ադրբեջանի սահմանի ամրացման նպատակով, Կասպից ծովի էներգակիրների ենթակառուցվածքային անվտանգութան ապահովման նպատակով։ Երրորդ նպատակը, որի շրջանակում Ադրբեջանը ստանում էր անվտանգային օգնություն և որի պատճառով էլ շրջանցվեց 907-րդ բանաձևը, Աֆղանստանի պատերազմում ԱՄՆ-ի համար տրանզիտային հաբի դերում հանդես գալն էր, սակայն, ինչպես արդեն նշվեց, այս ուղղությամբ Ադրբեջանի աջակցությունն ԱՄՆ-ին արդեն անհրաժեշտ չէ: Պետք է փաստել, որ չնայած 907-րդ բանաձևի և դրա շրջանցման փաստաթղթի համաձայն ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, արձանագրվել են, ինչի մասին նաև ահազանգել է ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակը։

«ԼՈՒՅՍ հիմնադրամ»