Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ Եվրախորհրդարանում քննարկում կանցկացվի

Բուլղարիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը մարտի 19-ին քննարկում կանցկացնի՝ նվիրված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, գրել է նա X-ում։

«Քննարկմանը կբարձրացվի ռազմագերիների հետ կապված իրավիճակը երեք տարի անց այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը նրանց ազատ արձակելու կոչով բանաձև էր ընդունել»,- պարզաբանել է Կովաչևը։

ԵՄ օրենսդիր մարմինը բանաձևն ընդունել էր 2021 թվականի մայիսին։ Դրանում պատգամավորները կոչ էին արել Բաքվին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ կալանավորներին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարությունից պահանջել բոլոր գերիների ցուցակը, նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին տեղեկություններ։

Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանը հաստատել է 23 հայ գերիների պահումը, որոնցից 17-ին Բաքուն գերի էր վերցրել 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Ղարաբաղի նախկին ղեկավարների մասին է։ Քյարամյանը հավելել էր, որ տեղեկություններ կան Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո ևս 32 հայերի անհետացման մասին, սակայն Ադրբեջանը հերքում է իր առնչությունը։

Armenia Today