Դեռևս ոչ մի գիտական հակափաստարկ չի ներկայացվել. Բեգոյանը` ծառերի հատման մասին

Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայացրել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Ավելին, Ազգային ակադեմիայում նախաձեռնվել էր քննարկում, որին մասնակցել են տարբեր գերատեսչություններ։ Հիմնական միտքը, որ հնչեցվել է այնտեղ, այն է եղել, որ Երևանից թեղիները պետք է հանվեն»,–ասաց Բեգոյանը:

Նրա խոսքով` թեղիների փոխարինումը կտևի 10-20 տարի՝ հաշվի առնելով դրանց մեծ քանակությունը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը:

«Եթե մյուս կողմը գիտական մոտեցում չունի, ուրեմն էմոցիոնալ և սիրողական մակարդակի խոսակցություններ են»,–ասաց Ավինյանը:

Նա կրկին պնդեց, որ այն ծառերը, որոնք փոխարինվում են, իսկապես կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը:

Օրեր առաջ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը և նրա աջակիցները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում` պայքարելով ծառերի հատման դեմ։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ հատված ծառերի նոր փորձաքննություն անցկացվի, Երևանի քաղաքապետն էլ դա ի գիտություն ընդունեց, բայց վստահեցրեց` ոլորտին առնչվող բազմաթիվ գիտնականների հետ են զրուցել և կարծիքներ լսել։

Հիշեցնենք` «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր ծառերով» ծրագիրը սկսվել է 2023 թվականից։

Տևական ժամանակ է` Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ թափով սկսվել է ծառերի հատման գործընթացը։ Թումանյան, Ալեք Մանուկյան փողոցներում արդեն իսկ բազմաթիվ ծառեր են կտրվել, հիմնականում` թեղիները։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանն ավելի վաղ ասել էր, որ թեղիները փոխարինվելու են Երևանին ադապտացված, ֆունկցիոնալ և առանց խնդրի ծառատեսակներով` ալբիցիա լենքորանյան, օճառածառ և սակուրա։

ՀՈԱԿ–ից վստահեցրել էին` փոխարինման ենթակա ծառերն անկենսունակ են։ Ծրագիրն իրականացվելու է Ալեք Մանուկյան, Սայաթ–Նովա–Ալեք Մանուկյան–Չարենց, Ալեք Մանուկյան–Խանջյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցների հատվածներում։

Sputnik Արմենիա