Սաղաթելյան․ Ռուսներին դարձրել են ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի թթու խոսք Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին

Սրա վարած քաղաքականության արդյունքում կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերել: Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այն քաղաքականությունը, որ փոխենք երկրի արտաքին քաղաքական վեկտորը, և Արևմուտքը կապահովի մեր անվտանգությունը, Արևմուտքը բացահայտ և ուղիղ ասում է՝ ես ձեր անվտանգությունը ապահովել չեմ կարող: Մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական դաշնակցային պայմանագիր, մենք ունենք մի շարք հնարավորություններ մեր հարաբերությունները կարգավորելու, վերականգնելու, փոխվստահության մթնոլորտի մեջ մեր անվտանգային հարցերը լուծելու:

Իրանի հետ ունենք բազմաթիվ հնարավորություններ: Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է: հայաստանին բազմաթիվ առաջարկներ են արվել, որը մերժվել է այս իշխանությունների կողմից, որովհետև սա խամաճիկ կառավարություն է:

մենք չենք քննարկում՝ Արևմուտքը լավ է, թե վատ է, մենք ասում ենք, որ դա անիրատեսական է: Խաբում է ձեզ, ազատ վիզա, բարեկեցիկ կյանք, ընդամենը մի քննարկում է եղել Հայաստանին ԵՄ անդամի դիտորդի կարգավիճակի: Եթե այդ ճանապարհը վերցնենք, 20 տարի է պետք դրան հասնելու համար, իսկ այս իրավիճակում պետությունը չի լինի»«-ասաց Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանն ամեն ինչի մասին խոսել են, բացի Հայաստանի անվտանգության խնդրից. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եկավ Երևան, ոչ մի խոսք Հայաստանի անվտանգության մասին, ոչ մի խոսք ագրեսոր Ադրբեջանի գործողությունների մասին, որի զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

Այս իշխանությունն այսօր ռուսներին դարձրել է Հայաստանի ինքնիշխանության սպառնալիք, ոչ մի թթու խոսք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ապրիլի 13-ին այցելել են Վայոց Ձորի մարզ, հանդիպումներ ունեցել Վայքի և Եղեգնաձորի բնակիչների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, պատասխանել նրանց հուզող հարցերին։

News.am