ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԿՈՒՐՏ

Չինգիզ Այթմատովի թեթև ձեռքով գործածության մեջ մտավ «մանկուրտ» հասկացությունը։ «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի սյուժեով՝ մանկուրտը գերեվարված մարդ է, որին վերածել են տիրոջը բացարձակ հնազանդ և իր անցյալից ոչինչ չհիշող անհոգի ստրկական արարածի։ Փոխաբերական իմաստով «մանկուրտ» բառը գործածվում է իր պատմական, ազգային արմատների հետ կապը կորցրած, իր տոհմը մոռացած մարդուն բնորոշելու համար: Համաձայնեք, ոմն վարչապետի ճշգրիտ դիմանկարն է, որը գերի է ընկել Ալիևին, ուստի կատարում է նրա բոլոր քմահաճույքները։

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՄԱՆԿՈՒՐՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԵՎ ԱՅԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ոմանք գործածում են դա որպես «զոմբի» իմաստի հոմանիշ, հին թյուրքերենով այն նշանակում է «անմիտ, հիմար, բանականությունից զուրկ», իսկ «Գիտություն և կյանք» ամսագիրը մանկուրտին նկարագրում է որպես մարդ, «որն իր հոգեկանի վրա արտաքին հզոր ազդեցությունից հետո մոռացել է սեփական անցյալն ու իր նախնիների անցյալը՝ միաժամանակ դառնալով իր տիրոջ հնազանդ ստրուկը»։

Իսկ ահա թե ինչպես է մանկուրտին նկարագրում ինքը՝ Չինգիզ Այթմատովը. «Սեփական «ես»-ի ըմբռնումից զուրկ մանկուրտը տնտեսական տեսանկյունից մի շարք առավելություններ ուներ։ Նա անլեզու անասունի պես մի բան էր և, հետևաբար՝ բացարձակ խոնարհ ու անվնաս: Նա երբեք չէր մտածի փախուստի մասին։ Ցանկացած ստրկատիրոջ համար ամենասարսափելին ստրուկի ապստամբությունն է։ Յուրաքանչյուր ստրուկ հավանական ապստամբ է: Մանկուրտն իր տեսակի մեջ միակ բացառությունն էր. նրան ի բնե խորթ էին ըմբոստության, անհնազանդության մղումները։ Նա չուներ նման կրքեր։ Ուստի կարիք չկար հսկել նրան, փակի տակ պահել և առավելևս կասկածել գաղտնի մտադրությունների մեջ։ Մանկուրտը շան պես ճանաչում էր միայն իր տերերին։ Ուրիշների հետ նա չէր շփվում։ Նրա բոլոր մտքերը հանգում էին փորը լցնելուն։ Այլ հոգս չուներ: Իսկ հանձնարարված գործը կատարում էր կուրորեն, ջանադրաբար, անշեղորեն»։

Դրա համար էլ ասում ենք, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ անկարող է պոկվել այն կարթից, որով պահում է իրեն Ալիևը։ Ըստ էության, Փաշինյանը չի էլ ուզում պոկվել։

Այդ ի՞նչ խորհրդավոր կարթ է: Դա իշխանությունն է, որը Փաշինյանի ձեռքում է այնքան ժամանակ, քանի դեռ իր բոլոր քայլերը համընթաց են Ալիևի ու Էրդողանի ծրագրերին։ Դրանում տրամաբանություն կա, քանի որ վերջիններս ամենքից առավել են շահագրգռված, որ Փաշինյանը հնարավորինս երկար պահպանի իշխանությունը, թույլ չտալով, որ Հայաստանում իշխանության գան մարդիկ, որոնք կպահանջեն կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկել Էրդողանին ու Ալիևին։ Դրա համար էլ նրանք Հայաստանին պատերազմով են սպառնում ամեն անգամ, երբ նշմարում են Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի իշխանության կորստի ուրվականը։

Ամենից ակնբախ օրինակը իրարանցումն էր Ալիևի ճամբարում, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» դե ֆակտո տանուլ տվեց Երևանի ավագանու ընտրությունները... Ալիևն անմիջապես ռազմական գործողություններ սկսեց Արցախում՝ Ավինյանի պարտությունից ուշադրություն շեղելու, «Քաղաքացիական պայմանագրին» իրավիճակը վերախաղարկելու ժամանակ տալու համար։

Հենց որ Փաշինյանը փորձի պոկվել կարթից, շեղվել Էրդողանի ու Ալիևի ուղեգծից, կկորցնի իշխանությունը, հետևաբար՝ նաև անվտանգությունը։ Հենց այդ կարթն էլ վերածել է նրան մարդ-մանկուրտի, դրա համար էլ Ալիևը միշտ այնքա՜ն գոհ ժպտում է, երբ հանդիպում է Փաշինյանի հետ. մի մարդու, որը հանձնարարված գործը կատարում է «կուրորեն, ջանարաբար, անշեղորեն», այն մարդու, որն իր երկրի անցյալը հակադրում է ներկային, կոչ անում իր հայրենակիցներին մոռանալ անցյալը, հրաժարվել նրանից և բոլոր մտքերը հանգեցնել «փորը լցնելուն»։