«Երկրապահն» ինչ գործ ունի՝ մարդկանց ինքնարտահայտվելը փորձի կանխել․ Բագրատ սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է «Երկրապահը» փորձել կանխել մարդկանց ինքնարտահայտվելը։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպին՝ նա կասկած հայտնեց, որ այդ գործելակերպը կարող է ուղղորդված լինել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոյեմբերյանում մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են անում` դեմ արտահայտվելով հայ–ադրբեջանական սահմանազատման գործընթացին։ ԵԿՄ–ի տարբերանշանով մի ավտոմեքենա փորձեց անցնել բազմության միջով` վնասելով ակցիայի մասնակիցներից մեկին։

«Տրամաբանությամբ և ենթադրությամբ ուղղորդվող են։ «Երկրապահն» ի՞նչ գործ ունի, որ մարդկանց ընդվզումը, ինքնարտահայտվելը փորձի կանխել։ Էս երկիրը ոստիկանություն չունի՞, կարգուկանոն, օրենք չունի՞»,- ասաց սրբազանը։

Նա շեշտեց՝ եթե այսուհետև որևէ ուժ կամ կառույց փորձի միջամտել, ուրեմն նրանք հանցագործ են և պատասխանատու են այս ամենի համար։

Sputnik Արմենիա