Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՎԵԼԻ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Ավելի նախընտրելի է փողոցային շարժման միջոցով այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը հանրային ճնշում կգործադրեր խորհրդարանի վրա, որպեսզի Ազգային ժողովի միջոցով կարելի լիներ հասնել վաչապետի փոփոխության։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 7-ին, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

Նրա գնահատմամբ՝ ցանկացած ընտրության կազմակերպում Հայաստանի համար ձախողակ կլինի տոտալիտար ռեժիմի պայմաններում։

Նա ավելացրել է, որ ՀՀԿ-ն 2018թ. հետո առաջին ուժերից մեկն էր, որն ընդդիմադիր դարձավ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի և անվտանգության հարցերում։ «ՀՀԿ-ն ողջունում է այդ նախաձեռնությունը («Տավուշը հանուն Հայրենիքի- խմբ.), մենք ողջունում ենք բոլոր նախաձեռնությունները, որոնցում կլինեն գիտակցված մոտեցում և հստակ ամրագրում, որ իշխանությունները երկիրը տանում են ձախողման։ Մենք միշտ եղել և լինելու ենք նման պայքարի էպիկենտրոնում»,- նշել է Աբրահամյանը։

Նա հիշեցրել է, որ կուսակցության ներկայացուցիչների մի մասը և նրա կողմնակիցները անազատության մեջ են իրենց դիրքորոշման պատճառով իշխանության այս կամ այն գործողության հետ կապված։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ներկայացնել որպես «գործողություն, որն իրականացնում է Ռուսաստանը»։ «Բայց դա ավելի շատ մատնում է գործընթացը, որն իրականացվեց 2018թ.։ Իշխանություններին թվում է, թե ցանկացած շարժում Հայաստանում պետք է տեղի ունենա այն նույն տրամաբանությամբ, ինչ և տեղի ունեցավ իրենց դեպքում արտաքին ուղղության տեսակետից։ Դա անփառունակ գործունեություն է իշխանության կողմից։ Նրանք վիրավորում են և փորձում վարկաբեկել նրանց, ովքեր ցանկանում են կանխել Հայաստանի անկումը»,- ընդգծել է պատգամավորը։

Ընդդիմադիր գործիչը նշել է, որ խնդիրը սահմանազատումը չէ, այլ այն, թե ինչպես է դա իրականացվում և ինչ դեր է այն խաղում խաղաղության պայմանագրի հարցում։ «Ադրբեջանը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի սկզբունքները գերակա դեր են խաղալու սահմանազատման և սահմանագծման ներկա գործընթացում։ Դա անհանգսություն է առաջացնում»,- ամփոփել է Տիգրան Աբրահամյանը։

News.am