«ԵՌԱՏՈՆ». ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՈ՛ՒՄ

Հայերենում կա «Հայրենատիրություն» բառը։ Դրա իմաստը Հայրենիքին տեր կանգնելն է և իրավունքը, պահանջատիրությունը կորսվածի նկատմամբ։ 32 տարի առաջ՝ 1992թ. մայիսի 7-9-ին, հայ մարտիկները ոչնչացրեցին ադրբեջանցիների մարտական դիրքերը Ստեփանակերտի մատույցներում և իրականացրեցին Շուշիի ազատագրման բացառիկ գործողությունը:

«Եռատոն» անվանումով տոնի ստեղծման 32- րդ տարեդարձը մեր հաղթանակների վկայությունն է, որոնք անպայման վերադառնալու են մեզ՝ ազատագրված Շուշիի տեսքով (ո՞վ ասաց, թե Հայրենիքն ազատագրում են միայն մեկ անգամ)։ Մենք ամենևին չենք առաջարկում մեր ընթերցողներին հավատալ, թե վաղվա Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին մինչև 2018 թվականն էր կամ նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Ամենևի՛ն։ Անցյալը միշտ տանուլ է տալիս ներկային այն պատճառով, որ ապագա դառնալու չնչին իսկ հնարավորություն չունի: Փոխարենը ապագա ունեն նրանք, ովքեր հրաժարվել են մանկուրտի ճակատագրից և պահպանել հիշողությունը ոչ միայն անցյալի, այլև ներկայի մասին։ Իսկ ներկան անցյալ ժամանակ չի ենթադրում Արցախի համար, քանզի Անկախության հռչակագրում սևով սպիտակի վրա ամրագրված են Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը: Սա է մեր ներկան, որը մեզ պարտադրում են ուրանալ նոր ցեղասպանության սպառնալիքով։

Ժողովրդին ստիպում են ուրանալ Արարատ լեռը՝ ՀՀ պետական զինանշանին, Փաշինյանին դուր չեկող օրհներգը, ժողովրդավարության և իրավունքի տարրական նորմերը: Երեք նախագահների օրոք ՀՀ քաղաքացիները դժգոհում էին իշխանությունից, համարելով, թե երկրում ժողովրդավարության պակաս կա։ 2018-ից հետո սև ու մորեգույն բերետավորների մահակների հարվածների տակ զանգվածները հասկացան, որ նախքան «սիրո և համերաշխության հեղափոխությունը» և պարոն Նիկոլի «ժողովրդավարության բաստիոնում» ապրելը ժողովրդավարությունն անհամեմատ ավելի շատ էր

Կար «Եռատոնը», կար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ 1999թ.սեպտեմբերին կայացած Համահայկական առաջին համաժողովից ի վեր, որը ստեղծեց հետագա տարիներին գնալով ավելի մեծ թափ առնող համազգային համագործակցության համակարգ: 6 տարվա ընթացքում ռեժիմը ոչ միայն հանձնեց Արցախը, այլև ոչնչացրեց կապերը Սփյուռքի հետ։

32 տարի առաջ Շուշիի ազատագրումը պատմության չափանիշներով ընդամենը երեկ էր։ Ընդամենը 7 ամիս է բաժանում մեզ սեպտեմբերի 19-20-ին արցախահայության ցեղասպանությունից և բռնի տեղահանությունից, իսկ ռեժիմի վերնաշերտը հայկական երկրորդ հանրապետության մասին արդեն խոսում է որպես անցյալ դարի պատմության փաստի։ Արցախի Հանրապետությունն անցյալ չէ, այսօր ժողովուրդն ապրում է այն Սահմանադրությամբ, որը նախաբանում հղում է բովանդակում Անկախության հռչակագրին, որում հիշատակվում է Արցախը: Մենք հարգում ենք այն զինանշանը, որի վրա Արարատ լեռն է, և օրհներգը, որը 32 տարի առաջ հնչեց Ղազանչեցոց տաճարի պատերի տակ։

«Եռատոնի» համար մենք վճարել ենք Հայրենական մեծ պատերազմում զոհված 300 հազար և Արցախյան առաջին ազատամարտում զոհված 6 հազար հայերի արյունով։ Ազատամարտ, որը սկիզբ դրեց ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծմանը և նպաստեց անկախ Հայաստանի բանակի ծնունդին: Մինչև 2018 թվականը «Եռատոնը» ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն էր: Թուրք-սորոսական հինգերորդ շարասյան կողմից իշխանության զավթումից անմիջապես հետո դրա պարագլուխը խաչակրաց արշավանք սկսեց բանակի և Հաղթանակի գեներալների դեմ... 1992թ. մայիսի 9-ի առավոտյան ժամը 6-ին հայկական ստորաբաժանումները մտան ադրբեջանական զորքերից մաքրված քաղաք:

32 տարի առաջ Շուշիի ազատագրմամբ վնասազերծվեցին թշնամու կրակակետերն ու հենակետերը Ստեփանակերտի շուրջ։ Գործողության պահին Շուշիում կար ահռելի քանակությամբ ծանր զինտեխնիկա, ներառյալ «Գրադ» կայանքներ, ինչպեսև ավելի քան 2500 զինվոր։ Բերդաքաղաքի ազատագրման ժամանակ հայկական կողմը տվեց 57 զոհ։ Ադրբեջանական կողմն ունեցավ 250-300 զոհ, 600-700 վիրավոր և 13 գերի։

«Շուշիում էր, որ խաչն ու սուրը միաձուլվեցին եվ դարձան հավատի ու ազգի խորհրդանիշ»,- այդ օրերին ասել է Արցախի եկեղեցական թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: « Շուշին կարևոր էր նաև նրանով, որ առաջին անգամ մեր իրականության մեջ հնչեց զինվորական մարտական հրաման, քարտեզի վրա մշակվեց և հաստատվեց ամբողջական օպերացիայի պլան: Սկիզբը՝ հաղթական պատերազմի»,- հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Շուշիի ազատագրումով թշնամու ողնաշարը ֆիզիկապես և բարոյապես փշրվեց: Դրվեց Արցախի կանոնավոր բանակի հիմքը»,-ասել է լուսահոգի գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

Մի՞թե զարմանալի չէ, որ 4 տարվա ընթացքում իշխանությունը մի քայլ անգամ առաջ չի գնացել Շուշիի անկման պատճառները քննելու գործում։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Փաշինյանը տիրաժավորում էր այն սուտը, թե իր նախորդները պետության ղեկավարի պաշտոնում բանակցել են Շուշին հանձնելու շուրջ։ Հերքումը հաջորդեց ոչ միայն Մինսկի խմբի համանախագահներից, այլև ՀՀ ԱԳՆ-ից։ Շուշին երբեք բանակցությունների առարկա չի եղել, սակայն հարցերը 44-օրյա պատերազմից հետո չեն կորցրել իրենց արդիականությունը։ Մինչև հիմա բացատրություն չկա, թե ինչու ադրբեջանցիները որոշեցին գրոհել քաղաքը՝ առաջ շարժվելով լեռնային նեղ արահետով, ամեն պահ ենթարկվելով հիմնական ստորաբաժանումներից կտրվելու վտանգին։

Հիմնավոր կասկածներ կան, որ հակառակորդը նախապես վստահ էր, որ իրեն ոչ ոք չի խանգարի։ Կան «Տիգրան Մեծ» գնդի զինխորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանի ցուցմունքներն այն մասին, որ ադրբեջանցիները Շուշի են ներթափանցել լեռնային նեղ ճանապարհով, որը բացել են նախքան 44-օրյա պատերազմը՝ հատելով հաստաբուն ծառերը

Առ այսօր չկա այն հարցի պատասխանը, թե ինչու մինչև 2020թ. հոկտեմբերի 25-26-ը իրականացվել է Ավետարանոցի պաշտպանությունը (այդ մասին հավաստում է գյուղապետ Սմբատ Մադաթյանը), իսկ հոկտեմբերի 26-ից հետո մեկ շաբաթվա ընթացքում գլխատվել և ամայացվել է ամբողջ պաշտպանական շրջանը, ընդհուպ մինչև Քարինտակ գյուղ, ինչն անպաշտպան է դարձրել Շուշի քաղաքը ագրեսորի ներխուժումից։ Ի՞նչ կերպ է դրա հետ կապված հոկտեմբերի 26-ին ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի վիրավորումը, այն էլ այն պահին, երբ նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք չգիտեր: Հարությունյանը, հիշեցնեմ, հրաշքով ողջ մնաց, նրան մտադիր էին վերացնել։ Եվ վերջապես, ինչո՞ւ նոյեմբերի առաջին օրերին Շուշիի պաշտպանության գոտուց անհետացան զորահավաքային ռեսուրսը, բանակային ստորաբաժանումները և, որ ամենակարևորն է, հրետանին։

Ինչո՞ւ 2020թ. հոկտեմբերի 19-ին Փաշինյանը չհամաձայնեց ռազմական գործողությունները դադարեցնելու Պուտինի առաջարկին, ինչը ենթադրում էր Շուշիի և Հադրութի պահպանում հայկական ԶՈՒ վերահսկողության տակ։ Հիմնավոր կասկածներ կան Ալիևի հետ Փաշինյանի պայմանավորվածությունների մասին, որոնք ի սկզբանե ենթադրել են Շուշիի հանձնում, և հենց այդ պատճառով էլ Փաշինյանը չէր կարող ընդունել Պուտինի առաջարկը։ 44-օրյա պատերազմը բնավ պատահական չեն անվանում պայմանավորված. չի բացառվում, որ ռեժիմի տապալումից հետո ջրի երես ելնեն Շուշիի ու Հադրութի հանձնման վերաբերյալ պայմանավորվածությունները։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իշխանությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել Շուշին հանձնելու պատճառների քննության գործում։

Սկզբում Փաշինյանը որոշեց ողջ մեղքը բարդել ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ Արթուր Վանեցյանի և նրա «Հայրենիք» ջոկատի վրա, թե իբր՝ տեղի է ունեցել հրամանի խախտում, ինչն էլ հանգեցրել է Շուշիի անկմանը, բայց մեղադրանքը փշրվեց։ Հետո մեղքը բարդեց Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանի վրա, որն այդ պաշտոնում նշանակվել էր Հարությունյանի վիրավորվելուց հետո և պաշտոնավարել ընդամենը 12 օր։ Այսօր, կապիտուլյանտի ռեժիմի օրոք, ճշմարտությունը ոչ մեկին պետք չէ, բայց այն անպայման ասվելու է

Շուշիի ազատագրման գործողությունը ամենայն մանրամասնությամբ ներկայացված է Հովիկ Վարդումյանի «Շուշիի ազատագրումը» վավերագրությունում և այլ գրքերում, իսկ այն մասին, թե ինչն է ծառայել Շուշիի անկման պատճառ, կան միայն լրագրային հրապարակումներ, և ոչ մի ավարտուն քրեական հետաքննություն: Անաչառ հետաքննությունը հնարավոր կլինի միայն ռեժիմի տապալումից հետո, առանց դրա չի լինի հատուցում դավաճանության համար, կմնա լոկ հիշողություն «Եռատոնի» և «Հայրենատիրության» մասին