ԴԵՍՊԱՆԸ ԳՆԱՑ ՇՈՒՇԻ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին անհարմար դրության մեջ գցեց հայկական արևմտամետ ընկերախմբին։ Մեկ օրվա տարբերությամբ դեսպանը նախ ասաց ադրբեջանական մի կայքի, որ մտադիր չէ այցելել Շուշի, որպեսզի չդառնա «շոուի մասնակից», իսկ հաջորդ օրն արդեն գնացել ու կնոջ հետ ուրախ լուսանկարվում էր այնտեղ…

ԽԵՂՃ ՀԱՅ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ։ Ի՜նչ ջերմեռանդորեն էին նրանք հիանում դեսպանի արիությամբ, որը «շոուին չմասնակցելու» համար հրաժարվել էր մեկնել Շուշի, և ինչպես հետո սկսեցին արդարացնել Լիբիին. իբր՝ ախր նա դիվանագետ է, չէր կարող երկար հրաժարվել գնալուց։ Մազալու մարդիկ են։

Եվ այդուհանդերձ... Ինչո՞ւ ամերիկյան դեսպանն այդպես «քաշեց» Արևմուտքի հետևորդներին, ինչպեսև, ի դեպ, Ֆրանսիայի դեսպանատան իր գործընկերոջը։ Այ թե ինչի շուրջ արժե, որ մտորեն նույն այդ վերլուծաբանները։

Չի՞ նշանակում արդյոք պարոն Լիբբիի գլուխկոնծին, որ հայկական արևմտամետ ընկերախումբը չի արդարացնում հույսերը, ներդրված միջոցները։ Որ նրա հակառուսական բութ քարոզչությունը հակառակ արդյունք է տալիս։

Հեշտ է ենթադրել, որ ամերիկյան դեսպանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումն այն պատճառով, որ տրամադրության փոփոխության անհրաժեշտություն նրան հուշեցին վերադաս ատյանները, որոնք հանգել են այն եզրակացության, որ պետք է կոնֆետ տալ Իլհամ Ալիևին։ Թեկուզ այն բանի համար, որ նա ներկա չի լինելու Մոսկվայում Հաղթանակի շքերթին։

Նաև նրա համար, որ Արևմուտքի գուրգուրած Փաշինյանը լուրջ խնդիրների է բախվում իր հայրենիքում։ Հնարավոր է, որ որոշ աշխատասենյակներում եկել են այն եզրակացության, որ մանիպուլյացիաների և սադրանքների իր ողջ տաղանդով հանդերձ՝ Հայաստանում իշխող թիմն իրեն սպառել է, չի դիմանա հերթական քաղաքացիական դիմակայությանը, Պետդեպարտամենտի համար անիմաստ է հանգեցնել տարածաշրջանում իր քաղաքականությունը հավանական խփված խաղաքարտին աջակցելուն. ավելի լավ է հնարավորինս հաճախ լիզել Ալիևին…

Ի դեպ՝ Հաղթանակի շքերթի մասին: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր դրան՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրած ավանդին։ Հարգանքի տուրք մատուցելով Մեծ Հաղթանակի զորավարների՝ արցախցի Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խանփերյանցի, Իսակովի հիշատակին: Փաշինյանի հանձնած Արցախում ծնված, Խորհրդային Միության կրկնակի հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանին։ Հենց նույն Միսաք Մանուշյանին, որին այնքա՜ն մեծարում են Ֆրանսիայում։

Փաշինյանի համար այդ ամենը երկրորդական է։ Գլխավորը ջանասիրության ցուցադրումն է, որով ինքը փլուզում է հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունները։ Ուստի չկա ավելի լավ հնարավորություն, քան կազմակերպել հերթական ասուլիսը՝ Մոսկվայի հասցեին մեղադրանքներով, հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկում է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Փաշինյանը հույս ունի, թե Վաշինգտոնում կգնահատեն։

Կարծում ենք, ստեղծված իրողությունների պարագայում Պուտինին էլ հաճելի չէր լինի, որ Փաշինյանը հարթակում կանգնած լիներ իր կողքին։ Բայց այ, ինչո՞ւ չի լինելու Ալիևը։ Իհարկե, Հաղթանակի գործում իր ժողովրդի ավանդով պարծենալ նա առանձնապես չի կարող, բայց Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից…

Ալիևը որոշել է այդ օրերին ձեռքը պահել իրադարձությունների զարկերակի՞ն։ Հայաստանում ծավալվող իրադարձությունների, որի մայրաքաղաքն ակնհայտորեն շուտով կհեղեղի հանրահավաքային մեծ ալիքը։ Եվ այդժամ Արևմուտքն ու Ալիևը ընդհանուր գլխացավանք կունենան. օգնել Փաշինյանին դիմակայել։

Հնարավոր է, որ հենց այս հարցում են այսօր տարբերվում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումները։ Վերջինս ուրախ կլինի նոր ահագնացմամբ սատարել իշխող քարոզչական թիմի այն թեզին, թե «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը «մոտեցնում է պատերազմը» և դրանով իսկ մարել սպասվող հանրահավաքային ալիքը։ Բայց նման սցենարը դժվար թե ձեռնտու է Մոսկվային, որտեղ միշտ էլ եղել է այն ըմբռնումը, որ Փաշինյանը մեկ բան է, իսկ հայ-ռուսական հարաբերությունները՝ փոքր-ինչ այլ բան։