Գրոսսի․ Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն իրենց միջև շատ հարցերի շուրջ բանակցությունները՝ նպատակ ունենալով դուրս գալ փակուղուց և միջոցառումների փաթեթի վերաբերյալ պետք է շուտով համաձայնություն կնքեն: Ըստ Reuters-ի՝ դրա մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին՝ Իրան կատարած այցից վերադառնալուց հետո։

Սպահանում Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ համատեղ ասուլիսում Գրոսսին հայտարարել է, որ իրենք փորձում են համաձայնության գալ «շոշափելի միջոցների» շուրջ, որոնք Իրանը կարող է ձեռնարկել Համատեղ հայտարարության շրջանակում, այլ ոչ թե նոր համաձայնագիր մշակել:

 «Ես, անշուշտ, ակնկալում եմ, որ շուտով կոնկրետ արդյունքներ կգրանցվեն»,- ընդգծել է Գրոսսին՝ Վիեննա վերադառնալուց հետո օդանավակայանում անցկացված մամուլի ասուլիսում։ «Ինձ արդյունքներ են պետք և ցանկանում եմ, որ դրանք լինեն մոտակա ժամանակներում: Կարծում եմ՝ Իրանում նույնպես դա հասկանում են»,- շեշտել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը: Նա հավելել է, որ ցանկալի կլինի՝ համաձայնություն ձեռք բերվի մեկ ամսվա ընթացքում՝ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների՝ 35 երկրներից կազմված խորհրդի հաջորդ նիստում։ Գրոսսին չի մանրամասնել քննարկվող քայլերը, սակայն նշել է, որ դրանք ներառում են ուրանի հարստացումը և օբյեկտների հասանելիությունը:

News.am