32 տարի առաջ ազատագրվեց Շուշին

1992 թվականի մայիսի 8-ին սկսվել է Շուշիի ազատագրումը։ Պատմական այս իրադարձությունն առավել հայտնի է «Հարսանիք լեռներում ռազմագործողություն» անվանմամբ։

Շուշիի ազատագրումն անհրաժեշտություն էր, ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Շուշիից Արցախյան պատերազմի սկզբում անընդհատ հրթիռակոծությունների էին ենթարկվում Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը։ Կաթվածահար վիճակում էր գտնվում հաղորդակցությունը։ Շուշին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։

1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով Արցախի Հանրապետության պաշտոնական տվյալներով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

Շուշիի ազատագրման համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թվականի հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայկական զինուժին հաջողվել է ետ մղել ադրբեջանական բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների։

Այդ հարձակումից հետո շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի հրթիռահրետակոծությունները։ Մեկ շաբաթվա ընթացքում Շուշիից ադրբեջանական զինուժը արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։

«Հարսանիք լեռներում» ռազմագործողության ընդհանուր հրամանատար է նշանակվում Արկադի Տեր-Թադևոսյանը, ով առավել հայտնի է Կոմանդոս անունով։ Ի սկզբանե նախատեսվում էր ռազմագործողությունը սկսել 1992 թվականի մայիսի 5–ին, սակայն այդ օրը տեղացած առատ ձյան պատճառով հայկական զինված ուժերի հրամանատարությունը այն հետաձգեց։

Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Հյուսիսային ուղղության հրամանատար նշանակվեց Վալերի Չիթչյանը, Շոշի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան–Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյան։

Շուրջ 300 զինվորից կազմված պահեստային ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել Յուրա Հովհաննիսյանը։

«Փաստինֆո»