Կալանավորվել է Արագած Ախոյանը. մեղադրանք է ներկայացվել հափշտակություններ կատարելու համար

Կալանավորվել է անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում մի շարք քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվող ԱԱ-ն, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Sputnik Արմենիայի տվյալներով` Ա.Ա.–ն ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն է։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և տնօրինել է սեփական կարիքների համար։ Այդ կերպ, քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Ա.Ա-ն 2010թ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012թ մայիս հանձնել նրան։ Դրա դիմաց 2010-2011թթ վերջինիցս որպես կանխավճար ԱԱ-ն ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015թ սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։

Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, ԱԱ-ն 2008թ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110.000.000 ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց:

2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող Ա.Ա-ին ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Գերատեսչությունից հորդորում են բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, դիմել վարույթն իրականացնող մարմնին։

Նշենք, որ 2024-ի հունվարի 30–ին հայտնել էինք, որ Արագած Ախոյանն ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը 2023 թ. նոյեմբերի 7–ին կալանավորվեց 2023 թ. հունիսի 8–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել էր բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

2023 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոփոխվեց, և խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը (3 ամիս ժամկետով) և համակցված գրավը (2 մլն դրամի չափով)։