Ո՞Վ Է ԵՐԵՎԱՆԻ ՖԱՎՈՐԻՏԸ

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մտադրության մասին։

Հայտարարությունից հետևում է, որ Արցախի Հերոսը նախընտրական տարում մտադիր է հանդես գալ 2020 թվականին նշանակված հերթական նախագահական ընտրություններին մասնակցության հավակնորդի դերում։ Համանման խորհրդակցություններ է ձեռնարկել նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, սակայն դրանց մասին, մեր աղբյուրների վկայություններով, առայժմ շատ չի խոսվում։

Լուրեր են շրջում, որ նախագահական ընտրություններին մասնակցության է հավակնում նաև Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ այ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն արդեն բացահայտ հայտարարել է առաջադրվելու իր մտադրության մասին, չնայած նրա դեպքում գործում է սահմանադրական արգելք, կապված այն բանի հետ, որ Բաբայանը վերջին 10 տարիներին մշտապես չի ապրել հայկական երկրորդ պետության տարածքում։ Բաբայանը փորձում է պայքարել այդ արգելքի դեմ ստորագրահավաքի միջոցով

ԶԼՄ-ներն ու փորձագիտական հանրության մի մասն արդեն մատնանշել են, որ 2020-ին սպասվող ընտրություններում Երևանի ֆավորիտը կլինի Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Արցախում, սակայն, այդ կերպարին վերաբերվում են զգուշավորությամբ. փոխարենը, ըստ մեր աղբյուրների տեղեկությունների, օրեցօր աճում է Բալասանյանի վարկանիշը։

Շատերը դա բացատրում են նրանով, որ Բալասանյանը չվախեցավ բաց տեքստով դատապարտել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդման փաստը՝ կապված «Մարտի 1»-ի գործի հետաքննության հետ։ Այդ հայտարարությունը հնչեցվեց անհանդուրժողականության մթնոլորտում, որ ահագնացնում է ՀՀ իշխանությունը Արցախի առաջին նախագահի անձի շուրջ։ Ռ.Քոչարյանի դերը Արցախի ազատագրման գործում ահռելի է։

«Ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել են։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդը ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»,- հայտարարեց Վ.Բալասանյանը, մեկնաբանելով Քոչարյանի դեմ ներկայացված մեղադրանքը՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Շատերին զարմացրեց այն հանգամանքը, որ Քոչարյանի քաղաքական հետապնդումը չդատապարտեց պաշտպանության նախկին նախարարը։ Հայտնի է, որ Բաբայանը սահմանափակվել է բավական մշուշոտ հայտարարությամբ, թե հուլիսին ինքը Նիկոլ Փաշինյանին արտահայտել է իր վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ։ Կարծում եմ, որ անձնական զրուցում ցուցաբերած այդ անկեղծությունը դժվար թե օգնի Բաբայանին դառնալ նախագահական մրցավազքի ֆավորիտ։ Այդ դերին իրավամբ հավակնում է Բալասանյանը։ Արցախում նրան սիրում են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ձեռագիրը հիմնավորված մտավախություններ է ներշնչում այն առնչությամբ, որ ՀՀ կառավարության ղեկավարը դժվար թե ձեռնպահ մնա Արցախի ներքին գործերին միջամտելուց։ Ամենայն հավանականությամբ, ՀՀ իշխանությունը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի Բալասանյանը կա՛մ դուրս գա նախընտրական վազքուղուց, կա՛մ զիջի հաղթանակը Հարությունյանին։ Թեպետ, ամեն ինչ կախված է ընտրողների կամքից, նրանց է պատկանում վճռելու իրավունքը, թե ում վստահել Արցախի ճակատագիրը։ Արդեն այսօր իրապես և շատ է խոսվում այն մասին, որ հայկական երկրորդ հանրապետությունը պետք է գլխավորի այնպիսի մարդ, որը կարող է դիմակայել ՀՀ ղեկավարության պարտվողական ծրագրերին։

Основная тема:
Теги: