ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՉԵՆ ԼԻՆԻ

Այսպես է կարծում քաղաքագետ, գիտական հետազոտությունների աջակցության «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի փորձագիտական խորհրդի նախագահ Գրիգորի ՏՐՈՖԻՄՉՈՒԿԸ

-Հունվարի 22-ին Դավոսում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը տևեց մոտ մեկուկես ժամ։ Փաշինյանը նշեց, որ բանակցությունների բովանդակությունը կապված էր բանակցային գործընթացի պատմության հետ, ինչպես նաև քննարկվել են բանակցությունների ընթացքը կարգավորելու հնարավորությունները։

Ելնելով հանդիպման արդյունքներից, ռուսաստանյան քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հայտարարեց, թե հունիսին Փաշինյանը և Ալիևը կստորագրեն համաձայնագիր Ղարաբաղի վերաբերյալ, որում հայկական կողմը՝ անուղղակի փոխզիջումների ճնշման տակ, ստիպված կլինի զիջել մի քանի շրջաններ։ Նա նշեց, որ Ադրբեջանը բացորոշ հայտարարում է այն մասին, որ իրեն պետք է վերադարձվեն որոշ շրջաններ, սակայն անհասկանալի է, թե ինչ է անելու Հայաստանը։

«Հայաստանը լռում է, սակայն, եթե հայկական կողմը այդ թեմայով բանակցություններ չվարեր Ադրբեջանի հետ, Ալիևը երբեք այդպես չէր շփվի Փաշինյանի հետ, այլ կսպառնար պատերազմով և կխոսեր վերջնագրերի լեզվով»,- հայտարարեց Տարասովը։

Ես հանդիպում ունեցա Տարասովի հետ։ Նա կրկնեց նույնը։ Ձեզ միայն մեկ հարց ունեմ. որքանո՞վ է այդ ամենը ճշմարտանման, Գրիգորի Պավլովիչ։

-Փաշինյան-Ալիև հանդիպումը Դավոսում պարզապես առաջին ոչ պաշտոնական առիթն էր երկու ղեկավարների համար՝ փոքրիշատե ավելի հանգամանալի զրույց վարելու, քանի որ նախկինում նման հնարավորություն չէր եղել, այդ թվում նաև Տաջիկստանում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովի կողասրահներում։ Այդ պատճառով էլ, բացի ղարաբաղյան թեմայով ընդհանուր խոսակցություններից, ուրիշ ոչինչ այնտեղ սկզբունքորեն չէր կարող քննարկվել։

Ընդ որում Ադրբեջանն իրոք հավատ է պահպանում, թե վարչապետ Փաշինյանի դեպքում հողերի հանձնման գործընթացն ավելի ուրախ կընթանա։ Թե ինչի վրա է հիմնված նման հավատը, դժվար է ասել, սակայն հաստատ պարզ է, որ բնավ ոչ Մոսկվայի կամ ընդհանրապես ուրիշ մեկի հետ գաղտնի պայմանավորվածությունների։ Ամենայն հավանականությամբ, Բաքվում համարում են, որ եթե Հայաստանում «ռազմատենչ ղարաբաղյան կլանը» հեռացել է իշխանությունից, ապա քաղաքացիական անձի՝ Նիկոլ Փաշինյանի հետ կարելի կլինի սիրահոժար պայմանավորվել գլխավորի մասին։

Իսկ ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմի համար Փաշինյանը շատ ավելի բարդ խնդիր կդառնա, քան Ս.Սարգսյանն էր։ Սարգսյանի վրա Մոսկվան դեռ կարողանում էր ինչ-որ կերպ ազդել, իսկ Փաշինյանի հետ դա անելը անհամեմատ ավելի դժվար է։ Փաշինյանն արդեն հասցրել է ցույց տալ, որ նա ինքը կարող է շատ բանի վրա ազդել, ինչպես ասում են՝ խառնել խաղաքարտերը։

Ինչ վերաբերվում է իբր հունիսին Ղարաբաղի հարցով մի ինչ-որ հայ-ադրբեջանական համաձայնության ստորագրման մասին լուրերին, ապա դրանից առաջ որոշ փորձագետներ վստահություն էին արտահայտել, թե նման համաձայնագիր կստորագրվի մարտին։ Այստեղ կարելի է նշել ցանկացած ամիս՝ կամայական կարգով, քանի որ Փաշինյանն ակնհայտորեն ոչ մի բան մտադիր չէ ստորագրել այդ առնչությամբ։

Ադրբեջանն առայժմ Փաշինյանին պատերազմով չի սպառնում պարզ, պրոզաիկ պատճառներով։ Նախ, երբ այդպիսի սպառնալիքները չափազանց շատ են, դրանք արդեն լուրջ չեն ընկալվում, և դա բոլորին էլ պարզ է։ Եվ երկրորդ, հույսեր կան՝ կապված, ինչպես արդեն ասացի, «քաղաքացիական» Փաշինյանի հետ։ Բայց այդպիսի սպառնալիքները դեռ առջևում են, դրանք, ցավոք, այս թեմայից ոչ մի տեղ չեն կորչի։

Ես արդեն բազմիցս խոսել եմ այն մասին, որ Ղարաբաղի գոտում ինչ-որ շրջանների կամ դրանց մի մասի հանձնման հնարավորութուն կար մինչև 2014 թվականը, մինչև ուկրաինական ճակատագրական իրադարձությունները։ Իսկ հիմա Ղարաբաղում իրավիճակի ցանկացած տեղաշարժ լրացուցիչ պատերազմ կառաջացնի Ռուսաստանի հարևանությամբ։ Բայց գործընթացն այստեղ կարող է նույնիսկ ավելի լուրջ լինել, քան թվում է բազմաթիվ փորձագետների։ Փաշինյանը, ըստ երևույթին, տեղյակ է, որ Արևմուտքը մտադիր է ինքնիշխանացնել Ղարաբաղը առաջին իսկ հարմար առիթով։

-Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը պատրաստ է հարձակման, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Համարո՞ւմ եք արդյոք, որ հայկական կողմը դիտարկում է կանխիչ հարձակողական գործողությունների հնարավորությունը։

-Հայաստանը սկզբունքորեն երբեք չի թաքցրել, որ պատրաստ է հարձակման, այլ ոչ միայն արդյունավետ պաշտպանության։ Պարզապես հիմա դա բարձրաձայնվում է շատ ավելի բաց ու կոնկրետ ձևերով, քան նախկինում։ Կրկնեմ, որ «նոր Երևանը» նույնիսկ ավելի կոշտ մոտեցում է ցուցաբերում Ղարաբաղի հարցի նկատմամբ, քան դա անում էր այսպես կոչված ղարաբաղյան կլանը։ Հայաստանը չի թաքցնում և այն, որ կանոնավորապես հագեցվում է սպառազինության նոր համակարգերով, ներառյալ մարտական օդուժը։ Ըստ երևույթին, Երևանը որոշել է կիրառել Բաքվի ոճը և այժմ ինքն է պատրաստ սպառնալ հարձակումով։ Ընդհանուր առմամբ դա է՛լ ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը տարածաշրջանում։

Միաժամանակ Երևանում պետք է հասկանան, որ Ադրբեջանի կողմն ուղղված կանխիչ հարվածները չեն կարող ավարտվել որևէ այլ բանով, բացի տոտալ պատերազմից Հարավային Կովկասում։ Այդ պատերազմին կխառնվեն ամենատարբեր կողմնակի ուժեր ու տարրեր, ներառյալ ահաբեկիչները, չենք խոսում արդեն ԱՄՆ-ի շահախնդրության մասին, որը վայրկենապես կմտնի այդ ճեղքը։ Այնպես որ Ղարաբաղի համար պատերազմի շարունակության դեպքում տանուլ կտան բոլորը, ովքեր անմիջականորեն կմասնակցեն դրան։ Հաղթողներ, եթե նկատի ունենանք Հայաստանը կամ Ադրբեջանը, այստեղ չեն լինի։

Խոսելով Ղարաբաղում հարձակողական գործողությունների մասին, այժմ մեծ չափով հարկ կլինի նկատի առնել նաև տարրական սադրանքը բախման գոտում։ Եթե դատենք տեսականորեն, դրա կազմակերպումը, ցավոք, առանձնակի դժվարություն չի ներկայացնի, քանի որ ձգանները երկու կողմում էլ լարած են մինչև վերջ։ Ընդհանրապես զարմանալի է, թե որքան երկար պահպանվեց 2016 թվականի նմուշի «ապրիլյան» հրադադարը։ Եվ դա ունի բավական պարզ բացատրություն. ըստ երևույթին, ո՛չ Երևանը, ո՛չ էլ Բաքուն չեն ցանկանում այդ առումով վշտացնել Մոսկվային, որը այն ապրիլին մեծ ջանքեր գործադրեց պատերազմը կասեցնելու համար։

Այնպես որ, եթե Հայաստանը հարձակման անցնի Ղարաբաղում, ապա դժվար թե կարեկցանքի և ըմբռնման արժանանա ՌԴ-ի կողմից։ Այդպիսի հարձակումն անմիջականորեն կկապակցվի Փաշինյանի մնացած բոլոր, այսպես ասած՝ տարօրինակությունների հետ, ներառյալ գլխավորներից մեկը՝ նրա դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առումով։ Այսպիսով, ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմաքաղաքական կազմակերպություն, դժվար թե աջակցի այդպիսի «վեհաբարո» նախաձեռնությանը։

Основная тема:
Теги: