Սաթիկ Սեյրանյանը Ժուռնալիստների միության իրավիճակի մասին

Հայաստանի Ժուռնալիստների միության տարածքների մեծ մասը, կարելի է ասել, որ այլևս Ժուռնալիստների միությանը չեն պատկանում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ ներկայացնելով միության շենքում ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է aysor.am-ը։

«Ժամանակին կնքվել են ստրկատիրական, նվաստացուցիչ պամաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է մեզ խոստանում։ Խնդիրն այն է, որ Հայաստանի Ժուռնալիստների միությունը գտնվում է Պուշկինի 3ա հասցերում, կոմերցիոն առումով բավականին լավ վայրում։ Այս շենքում կա մի քանի վարձակալ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը, «Հելսինկյան» ընկերությունը, «Էլզա Գրիգ» անունով մի ընկերություն, «Ավանգարդ քլաբ» ընկերությունը, Լրատվամիջոցների աջակցության հիմնագրամը, «168 ժամ»-ը և Արամայիս Սահակյան անհատ ձեռնարկատերն է այնտեղ գործունեություն ծավալում։

Շատ խորհրդանշական էր, որ այս օրերին Օպերային հարակից տարածքն ապամոնտաժվում էր քաղաքային իշխանությունների կողմից ու նույն իշխանությունների կողմից բարձրաձայնվում էր, թե ինչպիսի դարձյալ նվաստացուցիչ պայմաններով են վարձակալվել այդ տարածքները։ Հայաստանի Ժուռնալիստների միության շենքում ավելի վատ վիճակ է», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Որպես օրինակ նա բերեց այս հասցեում ենթավարձակալության իրավունքով տարածք վարձակալած մի քանի ընկերություն։

«Օրինակ՝ «Էլզա Գրիգ» ընկերությունները մինչև 2080թ.-ը վարձակալել է 798,6 քառակուսի մետր տարածք 400 հազար դրամով, որի մեջ ներառված են հարկերը, իսկ տարածքի գույքահարկը ու համատիրության վճարները միությունը պետք է կատարի։ Նշեմ, որ միայն այդ տարածքի գույքահարկը մեկ տարվա համար կազմում է 566 հազար 771 դրամ։ Այսինքն, մեկ քառակուսին այդ ընկերությանը տրվել է 501 դրամով», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Նա նշեց՝ իրենց հաջողվել է պարզել, որ այս տարածքի ընդամենը մի հատվածն ընկերությունը ենթավարձակալությամբ է տվել 3 մլն 800 հազ դրամով։

«Այս ընկերության սեփականատերը ճանաչված հեղինակություն է՝ Խդոյի Գրիշ անունով։ Նա քաղաքում հայտնի է նրանով, որ ինչ-որ տարածքներ է վերցնում, հետո մեծ գումարով ենթավարձակալությամբ է տալիս։ Նրա հետ ես հանդիպել եմ, բավականին ծանր խոսակցություն է եղել», - ասաց Ժուռնալիստների միության նախագահը։ Նա նշեց՝ հանդիպման ընթացքում բարձրաձայնել է հարցը, որ վարձակալության պայմանագրերը պետք է փոխվեն, ինչին ի պատասխան ստացել է՝ «դու ինձ ուզում ես գցես»։

«Տարիներ անց ես կլինեմ Ժուռնալիստների միության նախագահը, թե՝ մեկ ուրիշը, ուզում եմ ասել, որ այդ տարածքները ձեռք են բերվել մեր ավագ սերնդի ջանքերով, միությունն իրականում կարող է մեծ եկամուտներ ունենալ, աջակցել լրագրողներին, բայց այդ հնարավորությունը, ցավոք, չունի», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Նա նշեց, որ խնդիրը ներկայացրել է ինչպես Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այնպես էլ՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Որովհետև միության գույքահարկի պարտքն արդեն հասել է 3 մլն 842 հազ 262 դրամի։ Եթե միությունը վերադարձնի այս տարածքները միությունը, կարող է գույքահարկն էլ վճարել, բոլոր հարկային պարտավորություններն էլ կատարել, կարգի բերել տարածքը», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Основная тема:
Теги: