ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ՝ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՍԿԵՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Սահմանապահ գյուղերի զարգացումը շարունակում է կարևոր թիրախ մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Այլընտրանքային էներգիան դիտարկելով որպես բնապահպանական ու տնտեսական առումով արդարացված միջոց՝ գործընկերները հերթական համատեղ ծրագիրն են սկսել Տավուշի մարզում: Ոսկեվանի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ գոյություն ունեցող ջեռուցման համակարգն արևային ջրատաքացուցիչով համալրելու ուղղությամբ:

Շուրջ հինգ տարի գործող մանկապարտեզն ապահով դիրք ունի և պաշտպանված է հակառակորդի հնարավոր գնդակներից և կարող է միաժամանակ սպասարկել 50-60 սան: Այդուհանդերձ, այն ամբողջ արդյունավետությամբ չի գործում: Փոքրիկների համար անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելը՝ երկհարկանի շենքն ամբողջությամբ տաքացնելը, բավականին ծախսատար է: Տնօրինությունը դրանում համոզվել է հատկապես ձմռանն աշխատելուց հետո:

«Մանկապարտեզում այժմ կա 30 սան: Ունենք երկու խմբի հնարավորություն, բայց գործում է մեկը: Անցած տարիներին չենք աշխատել՝ ջեռուցում չլինելու պատճառով: Այս տարի աշխատել ենք, քանի որ ունենք գազամատակարարում, և յուրաքանչյուր հարկի ջեռուցման համար նախատեսված մեկական գազի կաթսա: Օգտագործվում է միայն առաջին հարկի կաթսան: Երկրորդ հարկում կա դահլիճ, դաշնամուր, երեխաներն այնտեղ պետք է անցկացնեն իրենց մարզումները, բայց ցրտի պատճառով՝ չենք տանում: Եթե չկարողանանք ջեռուցել՝ ստիպված կլինենք դադարեցնել աշխատանքը»,-ասել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նոնա Մուրադյանը:

Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները սահմանապահ գյուղերին ծառայեցնելը դարձել է կարևոր նպատակ գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Իրականացվող աշխատանքները շուտով կավարտվեն: Գործընկերներն ակնկալում են արձանագրել ծրագրի ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական արդյունավետությունը:

«Մեր գյուղը սահմանամերձ է, անընդհատ հնչում են կրակոցներ, իրավիճակը լարված է լինում: Չնայած լարվածությանը գյուղում ուշադրություն են դարձնում մատաղ սերնդին: Գյուղում կան երեխաներ, որոնք կարող էին հաճախել մանկապարտեզ, բայց զրկված են դրանից՝ առկա պայմանների պատճառով: Համայնքում կան հրատապ այլ խնդիրներ, որոնք արագ լուծում են պահանջում: Երբ աշխատանքներն ավարտվեն ու հարցը կարգավորվի՝ տնտեսված միջոցները կուղղենք մյուս խնդիրների լուծմանը»,-ասել է Ոսկեվանի վարչական տարածքի ղեկավար Վլադիմիր Ղազինյանը:

Նոր համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար ծախսվող միջոցները, ինչը շատ կարևոր է այլ խնդիրներ ունեցող՝ սահմանապահ գյուղերի համար:

Основная тема:
Теги: