Հիմնադրամը ընդլայնում է գործունեությունը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն 2008-2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին։

Այս մասին որոշում է կայացվել զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստում, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

2018թ. օգոստոսի 9-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել էր նաև 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի մասով ֆինանսական հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարն արդեն հատել է 14 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 941 մլն. դրամը:

Անդրադարձ կատարելով իրականացված աշխատանքներին և ֆինանսական միջոցների հավաքագրման ընթացակարգերին՝ խորհրդի անդամները նշել են, որ փաստացի նախորդ տարի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած միջոցները գերազանցել են կատարված հատուցումների ծավալը, ինչը ևս մեկ անգամ վկայում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության բարձր արդյունավետությունը: