ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը

ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։

Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ի պատասխան միջազգային կառույցների:

«Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։

Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։

Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ԱԺ-ում լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթին և դրա շուրջ զարգացումներին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր. Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը և հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ»:

Նշենք, որ նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ նշելով, որ մտահոգված է ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով:

Основная тема:
Теги: