ՎԱԽԸ ՈՐՊԵՍ ՊԱՏԺԻ ԳՈՐԾԻՔ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է աշխատանքից ազատել հազարավոր մարդկանց, միայն թե հասնի հարգանքի պետական խորհրդանշանների նկատմամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, ինչպես հաղորդում է Sputnik։

«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,-գրել է նա։

Բայց անհնար է լռել. առհասարակ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ դժվար թե կարելի է հարգանքի հասնել ճնշումներով։ Վախի հասնել կարելի է, բայց ոչ հարգանքի։ Իսկ վախը պետական խորհրդանշանների հանդեպ պարզապես անհեթեթություն է։ Դե, առավելագույնը՝ հազվադեպ ֆոբիա։ Ղեկավարի հադեպ էլ դժվար թե կարելի է հարգանքի հասնել, եթե դա արվում է ենթակայի նվաստացման ճանապարհով։ Առավելևս՝ քո ենթակային ենթակա ենթակայի նվաստացման։ Վախի կարելի է հասնել։ Վախի կարելի է հասնել, բայց ոչ հարգանքի։ Այնպես որ Փաշինանի ցուցադրական ելույթը մաքսատանը, իսկ այնուհետ նաև հայկական դրոշի կամ իր անձի նկատմամբ հարգանքի բարձրացման վերաբերյալ նրա մեկնաբանությունը պարզապես չեն կարող արդյունավետ լինել։ Կարող են թերևս միայն օգուտ բերել իրեն՝ ինքնահաստատման տեսանկյունից

Թեպետ, տվյալ դեպքում դա երկրորդական հարց է։ Շատ ավելի կարևոր է այն, թե ինչ հեշտությամբ ու անբռնազբոսիկ է Փաշինյանը տնօրինում մարդկանց ճակատագրին, աշխատելու և ընտանիք կերակրելու նրանց հնարավորությանը։ Եվ այստեղ խոսքն ամենևին էլ միայն «տասնյակ հազարավոր մարդկանց ազատելու» պատրաստակամության մասին չէ՝ իբր հասարակական լայն զանգվածների մեջ պետական խորհրդանշանների նկատմամբ ճիշտ վերաբերմունք սերմանելու համար։ Խոսքն ընդհանրապես մարդկանց աշխատանքով ապահովելու հարցում կառավարության ղեկավարի պատասխանատվության ակնհայտ պակասի մասին է։ Հարց, որն առանցքային դեր է խաղում երկրի սոցիալ-տնտեսական կյանքում։

Մերթ նա հեշտ ու հանգիստ կրճատում է հաստիքները պետկառավարման համակարգում, պատճառաբանելով դա «հավելյալ արդյունք» չստեղծող մարդկանցից ազատվելու անհրաժեշտությամբ։ Իբր՝ դա արվում է պետապարատի աշխատանքի արդունավետությունը բարձրացնելու նպատակով։ Մերթ իշխանության օրակարգում հայտնվում է «Առինջ մոլ»-ի խնդիրը, որը նույնպես սպառնում է աշխատանքից ու վաստակից հարյուրավոր մարդկանց զրկումով։ Իսկ «Սպայկա» ընկերության հետ կապված «հերոսապատումը» ընդհանրապես հարվածի տակ է դնում երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիների աշխատանքային գործունեությունը։ Այստեղ հիշեցնենք, որ ընկերության ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ ֆերմերներից գյուղարտադրանքի գնման գործընթացը սառեցվում է։ Եվ ներկայացվում են միանգամայն օբյեկտիվ պատճառներ։ Ինչևէ, ողջ այս պատմության արդյունքում տուժող կողմի դերում են հայտնվում տասնյակ հազարավոր ֆերմերներ 80 համայնքներում։ Իհարկե, ՊԵԿ-ը դժգոհություններ ունի «Սպայկա»-ից։

Իհարկե, ՊԵԿ-ը դժգոհություններ ունի «Առինջ մոլ»-ից։ Ի դեպ, կառավարությունը դժգոհություններ ունի նաև արդեն գրեթե մեկ տարի պարապուրդի մատնված «Լիդիան Արմենիա»-ից, որի աշխատողները նստած են իրենց տներում, Երևանի քաղաքապետը դժգոհութուններ ուներ նաև Օպերայի շրջակայքի մի քանի սրճարաններից։ Թե որքանով են բոլոր այդ դժգոհութուններն օբյեկտիվ, առանձին հարց է, որի վրա տվյալ դեպքում կանգ չենք առնի։ Հիմա շատ ավելի կարևոր է այլ բան. բոլոր այդ պատմությունների զոհն են դառնում մարդիկ, նրանց կոնկրետ աշխատատեղերը, վաստակելու և ընտանիք կերակրելու նրանց հնարավորությունը։ Եվ այդ հնարավորությունից իշխանությունն այսօր զրկում է նրանց, չառաջարկելով ոչ մի այլընտրանք։ Քանի՞ նոր աշխատատեղ է բացվել «նոր Հայաստանում»։ Իսկ քանի՞սն է փակվել։ Հարցերն այս հռետորական են, թեև ցանկացողները կարող են փորձել հաշվել։

Ահավասիկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը ահաբեկում է մարդկանց աշխատազրկումով։ Այո, պետական խորհրդանշանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք հանդուրժել չի կարելի։ Այո, տվյալ հարցում նրա վճռականությունը գուցեև տեղին է թվում։ Բայց ինչո՞վ է նա վախեցնում մարդկանց։ Աշխատազրկումո՞վ։ Սպառնում է նրանով, ինչ անում է գրեթե մեկ տարի շարունակ, հարվածի տակ դնելով մարդկային ճակատագրերն ու առաջնահերթ պետական խնդիրների լուծումը։ Համաձայնեք, բնակչության զբաղվածությունը պետք է լինի իշխանության ամենագերակա խնդիրներից մեկը։ Մինչդեռ մեր դեպքում ստացվում է, որ դա ընդամենը պատժի գործիք է։

Հարգանքն ընդհանրապես և պետական խորհրդանշանների նկատմամբ՝ մասնավորապես, անհնար է սերմանել պատժի սպառնալիքով։ Եվ առավելևս պատժի այն ձևի, որ ընտրել է գործող իշխանությունը։ Այդպես կարելի է միայն վախ ներշնչել։ Այն էլ ժամանակավորապես

Основная тема:
Теги: