ՊԱԹԵՏԻԿ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2018 թվականին Ռուսաստանում ներգաղթյալների հոսքը կազմել է 124,9 հազար մարդ։ Տվյալ ցուցանիշն այդքան ցածր չի եղել հետխորհրդային ժամանակաշրջանի ոչ մի տարում, ասվում է ԺՏՊԾՌԱ-ին առընթեր Սոցիալական վերլուծության և կանխատեսման ինստիտուտի «Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի և ինքնազգացողության ամենամսյա մոնիտորինգում»։

Բայց անհնար է լռել. թվերի հետ, ինչպես հայտնի է, չես վիճի։ Թեպետ, դա հայտնի է ոչ բոլորին։ Արդի հայ իրականության մեջ վիճակագրական տվյալները հաճախ վիճարկվում են, մեկնաբանվում տարբեր կերպ, դուրս բերվում համատեքստից։ Մի խոսքով, դրանք շահարկում են ինչպես կամենան, կախված նպատակներից ու խնդիրներից։ Եվ դա առանձնակի հաջողվում է իշխանության ներկայացուցիչներին։ Կարևոր չէ՝ նախկին, թե ներկայիս։ Այլ բան է, երբ վիճակագրական տվյալներ է ներկայացնում, ասենք այսպես, ոչ շահագրգիռ կողմը։ Այստեղ արդեն անկողմնակալությունը մի աստիճան ավելի բարձր է, իսկ հնարավոր մեկնաբանումները՝ մի աստիճան ցածր։ Այնպես որ գործնականում հիմքեր չկան կասկածելու, որ անցած տարի Հայաստանից Ռուսաստան մշտական բնակության է մեկնել 14358 մարդ։ Հիմքեր չկան կասկածելու նաև նրանում, որ դա 559 անձով ավելի շատ է, քան նախորդ տարի։ Իսկ դա նշանակում է, որ մարդիկ հավասարաչափ նախընտրել են հեռանալ ինչպես նախահեղափոխական, այնպես էլ հետհեղափոխական Հայաստանից։ Ինչպես հնից, այնպես էլ «նորից»։ Եվ որ «թավշե» հույսերը հետ չեն պահել մարդկանց երկրի սահմաններից դուրս իրապես ավելի լավ կյանքի որոնումներից։

Այս մասին է վկայում նաև վիճակագրական մեկ այլ ցուցանիշ, ճիշտ է՝ հայրենական ծագման։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2018 թվականի ընթացքում երկրի բնակչությունը կրճատվել է։ Այսպես, 2019թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 996 հազար մարդ, ինչը 7,6 հազարով ավելի քիչ է, քան 2018 թվականին։ Սա նույնպես ակներև ապացույցն է այն բանի, որ հեղափոխական խոստումները, որոնք չփոխարկվեցին կյանքի որակի հետհեղափոխական աճի, ամենևին էլ չդարձան արտագաղթը զսպող գործոն։ Եվ դա հասկանալի է, խոստումների պիտանիության ժամկետը բավական սահմանափակ է

Այս, ասենք ուղղակի, տխուր վիճակագրության խորապատկերին զվարճալի է հիշել պաթետիկ հռետորաբանությունը։ Օրինակ, անցած տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանը Սոչիում Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ճառ էր արտասանում հայրենադարձության կարևորության մասին, այն մասին, որ նոր կառավարության ռազմավարությունն ուղղված է հայերի հայրենիք վերադառնալու համար նախադրյալների ստեղծմանը։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար, բայց ուզում եմ նաև ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Ես Ռուսաստանի հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան և անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, և որևէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո»,-ասաց Փաշինյանը։

Այդ օրվանից անցել է գրեթե մեկ տարի, և «նոր Հայաստանի» նոր կառավարությունըխթանում է կապիտալի արտահոսքը՝ մտցնելով առանց մեղադրական դատավճռի ունեցվածքի բռնագանձման ինստիտուտը, հարվածի տակ դնում բիզնես-կլիման երկրում՝ իրավական դժգոհություններ ներկայացնելով երկրում աշխատող համարյա բոլոր խոշոր ներդրողներին, փակում հազարավոր աշխատատեղեր՝ կրճատելով պետապարատը։ Եվ սա կոչվում է հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական ներուժը Հայաստանում կենտրոնացելու ձգտո՞ւմ։ Թերևս՝ հակառակը։ Արվում է ամեն ինչ, որ մարդիկ չվերադառնան, իսկ նրանք, ովքեր ապրում են այստեղ, հեռանան։ Աշխատանքի որոնումներով, հրապուրիչ գործարար մթնոլորտի որոնումներով, ինքնակայացման և կյանքի ավելի լավ որակի որոնումներով, մարդու իրավունքների պաշտպանության որոնումներով։ Այն ամենի, ինչը «նոր Հայաստանում» չկա և, դատելով իշխանության գործողություններից, տեսանելի ապագայում չի նախատեսվում։

Կանխատեսումները անշնորհակալ բան են։ Բայց այդուհանդերձ կհամարձակվեմ ենթադրել, որ «տնտեսական հեղափոխությունը», որով սպառնում է գործող իշխանությունը, բավականաչափ կփչացնի միգրացիոն վիճակագրությունը, զուգահեռաբար խաչ քաշելով խոստացված նույնիսկ ոչ թե մեծ, այլ գոնե համեստ հայրենադարձության վրա։

Основная тема:
Теги: