ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատմել է երկրի տնտեսության հաջողությունների մասին՝ հեղափոխությունից հետո անցած 10 ամիսների արդյունքներով, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

«Աշխարհի պատմության մեջ չեք տեսնի երկրորդ դեպք, երբ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և դրան չի հաջորդել տնտեսական փլուզում։ Մենք հիմա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ենք, Հայաստանում 10 ամսում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով։ Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է»,-ասել է նա։ Ընդ որում վարչապետն ընդգծել է, որ դժվար է ասել, թե նոր աշխատատեղերի որ մասն է զրոյից ստեղծվել, իսկ որը՝ առաջացել ստվերային տնտեսությունից դուրս գալու արդյունքում։

«Բայց եթե նույնիսկ ամբողջն է ստվերից դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է: 20, 25, 30 տարի մենք ասել ենք` պայքարենք ստվերային տնտեսության դեմ: Հիմա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի բյուջեի եկամտային մասը 11 միլիարդ դրամով գերակատարվել է: Այս տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարվելու է»,-ասել է նա։

Կառավարության ղեկավարի խոսքերով, բյուջեի մուտքերի աճը թույլ կտա հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնել զինվորականների աշխահավարձը, և սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչներինը։ «Մենք արդեն 15 հազար բուժաշխատողների աշխատավարձը բարձրացրել ենք հունվարի 1-ից, մենք 82 հազար նպաստառուների և թոշակառուների նպաստներն ու թոշակները բերել, համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին: Մենք 200 հազար մարդու աշխատավարձը կենսաթոշակային համակարգի փոփոխությամբ արդեն հուլիսի 1-ից ենք բարձրացրել»,-հայտարարել է նա, նշելով, որ տնտեսեկան ակտիվության ցուցանիշը 2019 թվականի հունվարին կազմել է 5,6%, իսկ փետրվարին՝ արդեն 7%։

Բայց անհնար է լռել. ո՞ր երկրի վիճակագրական կոմիտեն է Հայաստանի վարչապետին ապահովում Հայաստանի մասին տվյալներով։ Դե, և ընդհանրապես, ո՞վ է նրան թվեր տրամադրում։ Ակնհայտ է, որ Ստրասբուրգում վարչապետի թվարկած ցուցանիշներից առնվազն մեկը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, ոչ միայն ֆանտաստիկ է։ Դա (ցուցանիշը) նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, նույնիսկ եթե դա անչափ ուզենա կառավարության ղեկավարը (իսկ նրա ցանկությունները կատարվում են վայրկենապես), չի կարող վերաբերվել Հայաստանին։

Ոչ, խոսքն առայժմ 10 ամիսների ընթացքում աշխատատեղերի աճի մեր երկրի համար աստղաբաշխական ցուցանիշի մասին չէ։ Դրան դեռ կանդրադառնանք։ Իսկ մինչ այդ ուշադրություն դարձնենք այն բանին, որ, դատելով Փաշինյանի հայտարարությունից, 51 հազար աշխատատեղը աշխատաշուկայի 10%-ն է։ Եվ ահա հենց այստեղ էլ հարց է ծագում. ո՞ր երկրի աշխատաշուկայի։ Պատասխան. որինն ասես, բայց ոչ Հայաստանի, եթե իհարկե «նոր Հայաստանում» չեն հայտնագործել նոր մաթեմատիկա։

Ահա ուրեմն, Հայաստանի վարչապետի վարկածով, աշխատանքի շուկան մեզանում կազմում է մոտավորապես 500 հազար, քանզի 50-51 հազարը հենց 500 հազարի 10 տոկոսն է։ Համաձայնեք, դա այդպես է, նույնիսկ եթե Փաշինյանն ուզում է, որ այլ կերպ լինի։ Հիմա նայենք աշխատաշուկային առնչվող մյուս ցուցանիշներին։ 2017 թվականի տվյալներով (ըստ էության՝ նախահեղափոխական) Հայաստանում աշխատանքային ռեսուրսը (15-ից մինչև 75 տարեկան անձինք) կազմել է 2 մլն 21 հազար։ Այսինքն եթե նույնիսկ հաշվարկեին այդ թվի 10%-ը, ապա դա 200 հազար է, այլ ոչ թե 51։ Անցնենք առաջ։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը 1 մլն 230 հազար է։ Այսինքն այդ թվի 10%-ը կազմում է 123 հազար, այլ ոչ թե 51։ Գուցե «աշխատաշուկա» ձևակերպման տակ կառավարութան ղեկավարը նկատի ուներ զբաղված բնակչության քանա՞կը։ Ամենևին։ Զբաղված բնակչության ցուցանիշը կազմել է 1 մլն 11 հազար, որի 10%-ը ոչ թե 51 հազար է, այլ 111 հազար։ Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը աշխատաշուկա ասելով նկատի ունի գործազուրկների՞ թվաքանակը։ Բայց այստեղ էլ չի համապատասխանում. 218 հազար, որի 10%-ը կազմում է 21, այլ ոչ թե 51 հազար։

Ուրեմն որտեղի՞ց է վերցրել Փաշինյանն իր թվերը։ Այստեղ կարող է լինել երկու տարբերակ. կա՛մ նա պատմում էր միանգամայն այլ երկրի մասին, կա՛մ թվերը վերցված են բառացիորեն առաստաղից։ Եթե, իհարկե, մաթեմատիկայի կանոնները մեզանում չեն ենթարկվել «թավշե» բարեփոխումների։ Ցավալի է, բայց ապրում ենք մենք, ըստ էության, մի երկրում, որտեղ արդեն մաթեմատիկան էլ է դադարել ճշգրիտ գիտություն լինելուց։

Այս խորապատկերին մի տեսակ խամրում է այն հայտարարության անհեթեթությունը, թե 10 ամսվա ընթացքում «նոր Հայաստանում» ստեղծվել կամ նույնիսկ ստվերից դուրս է եկել 50-51 հազար աշխատատեղ։ Այստեղ պարզապես պատկերի ամբողջականության համար հարկ է նշել այն փաստը, որ նման աճը չէր կարող չարձանագրվել, չգտնել իր լուրջ ֆինանսական արտացոլումը, ասենք, եկամտահարկի համապատասխան աճի մասով (տվյալ դեպքում համարժեք կլիներ խոսել այն մասին, որ միայն եկամտահարկի ամենամսյա մուտքն աճել է մոտավորապես 2 միլիարդով)։ Չէր կարող չարձանագրվել աճը նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում, որի հաշվին ամեն ամիս պետք է 50 մլն դրամով ավելի մուտք գրանցվեր, քան 10 ամիս առաջ։ Բայց

Աշխատանքի շուկայի 10%-ին 50-51 հազար աշխատատեղի համապատասխանելու մասին վարչապետի հայտարարության խորապատկերին նույնիսկ իր թիմի ներկայացուցչի «մարգարիտը» արդեն այնքան էլ տպավորիչ չէ իր անհեթեթությամբ։ Պատասխանելով «168 ժամի» թղթակցի հարցին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը, բացատրելով, թե ինչպես վարչապետի կողմից սկզբում հնչեցված 50 հազար թիվը մի քանի ժամվա ընթացքում դարձավ 51 հազար, հայտարարեց. «Կարող է՝ զանգ է ստացել ներդրումների նախարարից, ու նա ասել է՝ պարո՛ն վարչապետ, այս ընթացքում ևս հազարն ավելացել են, և արդեն ճշտված՝ վարչապետը 51 հազար է ասել»։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են

Իսկ ընդհանրապես այս ամենի մեջ ինչ-որ նոր բան կա։ Եթե առ այսօր հայկական կառավարության ղեկավարի խոսքերը տարբերվում էին իրականությունից, ապա այժմ մենք գործ ունենք բացահայտ աբսուրդի հետ։ Եթե ոմանք կասկածում են, ապա թող իրենք փորձեն ստանալ տարրական հարցի պատասխանը. ո՞ր թվի 10 տոկոսն է կազմում 50 հազար։ Եվ աշխատանքի շուկայի ո՞ր բնութագրիչն է համապատասխանում ստացված արդյունքին։

Основная тема:
Теги: